Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծումներն ինստիտուցիոնալ չեն

Օգոստոս 28,2019 10:00

Վերջին տարիներին մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ» բառը: Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, այսինքն՝ ընդդիմության, որը ոչ միայն պայքարում է իշխանության համար, այլեւ ունի իշխանությունից արմատապես տարբերվող արժեքային համակարգ եւ իշխանության գալուց հետո ոչ թե կփորձի պարզապես դուր գալ ժողովրդի մեծամասնությանը, այլ երկիրը տանել սկզբունքորեն այլ ուղղությամբ: Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում այս պարագայում «ինստիտուցիոնալ» բառը: Արդյո՞ք իրադարձությունները զարգանում են հենց այդ ուղղությամբ՝ դրա մասին կարծիքները կարող են տարբեր լինել:

Հեղափոխությունից հետո խոսվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Դարձյալ, իմ ընկալմամբ, խոսքն այն մասին է, որ նախկինից մնացած ծանրագույն խնդիրներին պետք է ոչ թե տրվեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից: Դա օբյեկտիվորեն դժվար է, երբ ամեն պահի ստիպված են «հրդեհներ հանգցնել» (հիմա՝ նաեւ այդ բառի ուղիղ իմաստով):

Այսինքն՝ երբ բուհերի ռեկտորների աթոռների շուրջ գզվռտոց է գնում, դժվար է մտածել այն մասին, թե ինչպես փոխել բարձրագույն կրթության հայեցակարգը, որպեսզի այն դադարի լինել երիտասարդների համար 4 կամ 6 տարվա «ժամանցի շրջան» եւ պատրաստի գործատուներին անհրաժեշտ մասնագետներ:

Երբ Երեւանում աղբի սարեր են գոյանում, հնարավորություն չկա մտածելու, թե ինչպիսին պետք է լինի աղբահանության ժամանակակից համակարգը՝ սկսած կրթական ծրագրերից, վերջացրած աղբի վերամշակման գործարանով: («Հուսահատության Գազելների» մասին էլ չեմ խոսում՝ դրանք աստիճանաբար վերածվում են «ճակատագրական Գազելների»):

Երբ Ամուլսարի շուրջ պոպուլիստական կրքեր են բորբոքվում, ժամանակ չկա մտածելու հանքարդյունաբերություն ամբողջ «գաղափարախոսությունը» փոխելու՝ «հումքային» երկրից իսկապես արդյունաբերական երկիր դարձնելու մասին:

Երբ գործադիր իշխանությունը մտածում է, թե ինչպես փոխել ՍԴ «ոչ յուրային» նախագահին «յուրայինով» կամ դժգոհում որոշ դատավորների իր համար ոչ հաճելի որոշումներից, նա ժամանակ չունի լրջորեն մտածելու, թե ինչպես փոխել ամբողջ դատական համակարգը:

Այսինքն՝ բոլոր դեպքերում լուծումները, լավ թե վատ, ճիշտ թե սխալ, ժամանակավոր են, այսրոպեական են, ինստիտուցիոնալ չեն:

Դա մի քիչ նման է այն դեպքերին, երբ մեզանից գրեթե յուրաքանչյուրն ասում է՝ «սպասեք, գլուխս խախանդվի, եւ այդ ժամանակ կսկսեմ առավոտյան մարզվել, առողջ սնունդ օգտագործել եւ լեզուներ սովորել»: Բայց «խախանդվելու» պահն այդպես էլ չի գալիս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Իսկ մի գուցե ոմանք չափազանցնում են թե իբր ծանր խնդիրներ են ստացել:
    Նիկոլի նախորդները շատ ավելի ծանր ժառանգություն են ստացել ու բազում խնդիրներ լուծել են:
    Հա վատ չէր լինի, որ Նիկոլը Գերմանիայի պես երկիր ստանար, բայց դե էտ անընդատ նվնվոցը արդեն հոգնացնումա:

    Մի քանի լուծված խնդիրներ կարամ ասեմ:
    Օրինակ կա կայացած ՏՏ ոլորտ բազում համաշխարային գիգանտների մասնաճյուղերով, տեղական կայացած ֆիրմաներով:
    Կամ ասենք 20տարի առաջ երբ սկսեցին երկիրը քանդել երևի կհիշեք որ մարդկանց աշխատավարձը ամիսներով ուշացնում էին ու աշխատավարձների չափնել կհիշեք:

    Ուղղակի մի խնդիր, որ լուծվումա մի որոշ ժամանակ անց թվումա թե դե տենցել պիտի լիներ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031