Լրահոս
Օրվա լրահոսը

«Անահիտ Բախշյանի, մյուսների գործով» երրորդ անձը բաց է թողել դատարան դիմելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը

Օգոստոս 28,2019 13:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վարույթում է գտնվում «Անահիտ Բախշյանի, մյուսների» անունով հայտնի, իրականում՝ Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի գործով հայցադիմումը:

Այս գործով «Առավոտը», ինչպես տեղեկացրել ենք, ներգրավված է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Դատարան դիմելու նախապատմությունը հետեւյալն է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել ԿԳՆ Նիկողայոս Տիգրանյանի անվան, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրենը՝ պատասխանողներ Անահիտ Բախշյանի, Գայանե Ավետիսյանի, Սիլվարդ Ռուստամյանի, Հակոբ Հովհաննիսյանի դեմ: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնողը Ալեքսան Ահարոնյանն է: Գայանե Ավետիսյանի, Սիլվարդ Ռուստամյանի, Թամարա Գեւորգյանի դեմ պահանջը ձեւակերպվել է այսպես. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հասցեագրված դիմումում անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին արտահայտած դատողությունները որակել որպես զրպարտություն եւ պարտավորեցնել ՊՈԱԿ-ին փոխհատուցել 1 միլիոն 500 հազար դրամ գումարը»:

Դատավարական կողմերից մեկի՝ պատասխանող ճանաչված Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչն է փաստաբան Գրիգոր Առաքելյանը:

Ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ալեքսան Ահարոնյանն էլ պահանջում է Հակոբ Հովհաննիսյանից՝ ներողություն խնդրել Անահիտ Բախշյանին հասցեագրված վիրավորական արտահայտությունների համար, «ներողություն խնդրելու եղանակի ընտրությունը թողնելով դատարանի հայեցողությանը»:

Փաստաբան-ներկայացուցիչը միջնորդել էր սահմանված վեցամսյա վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով մերժել Ալեքսան Ահարոնյանի՝ ընդդեմ Հակոբ Հովհաննիսյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանին հասցեագրված 2018թ. սեպտեմբերի 14-ի դիմումում առկա վիրավորանք պարունակող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելուն պահանջի մասին հայցը:

Փաստաբանը դատարանին հայտնել էր, որ դիմումն Անահիտ Բախշյանի 2018թ.սեպտեմբերի 16-ի թիվ Ե/237 գրությամբ ներկայացվել է ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավարին. «Վերջինիս 19.09.2018թ. 100-Ա հրամանով 2018թ թ.սեպտեմբերի 20-ին, 24-ին, 25-ին Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում իրականացվել է տեսչական մարմնի ծառայողների կողմից ուսումնասիրություն՝ պարզելու դիմումում ներկայացված փաստարկների իսկությունը: Ծառայողների կողմից հաջորդ օրը կազմվել է տեղեկանք, համաձայն որի, դիմումով բարձրացված փաստարկների մասին բացատրություններ են տվել ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ տնօրենը: Այսինքն՝ դիմումի գոյության եւ դրա բովանդակության մասին տնօրենն իրազեկված է եղել առնվազն 2018թ. սեպտեմբերի 25-ի դրությամբ»:

Նկատենք, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել այս տարվա ապրիլի 6-ին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասով սահմանված հայցային վաղեմության վեցամսյա ժամկետի առնվազն քսաներկու օր խախտումով:Հետեւաբար, երրորդ անձը բաց է թողել դատարան դիմելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, եւ այն վերականգման ենթակա չէ:

Փաստաբան Գրիգոր Առաքելյանը, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի 22. 07.2016թ. ԵՄԴ/2775/02/14 որոշմանը՝ Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործին, որով տրվել էր հետեւյալ հարցի պատասխանը՝ «վիրավորանքի կամ զրպարտության դեպքում անձի կողմից իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու համար դատարան դիմելու ժամկետներն ինչպես են հարաբերակցվում միմյանց եւ հայցային վաղեմության ժամկետի հետ», վերահիմնավորել էր իր միջնորդությունը.«ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տալիս շահագրգիռ անձին դատարան դիմելու բոլոր դեպքերում՝ ոչ ուշ, քան մինչեւ վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսի լրանալը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետեւաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին, վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը»:

Դատարանում առկա գործով չկան վիճելի «հրապարակումներին» իրազեկվելու պահի, հայցային վաղեմության ժամկետների բացթողումը հարգելի լինելու հանգամանքի մասին տեղեկություններ, իսկ ապացուցման բեռն էլ դրված է հայցվորի վրա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031