Ս. Սարգսյանի գործը դեռ դատարանում է: Նա 2016թ. օգոստոսի սկզբից մինչեւ նույն ամսվա վերջն ընկած ժամանակահատվածում դեպի ԱՄՆ ամուսնական ճանապարհորդություն կազմակերպելու պատրվակով, խաբեությամբ Արմեն Բաղդասարյանից մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 3 216 000 ՀՀ դրամին համարժեք 6700 ԱՄՆ դոլար գումար եւ չի կազմակերպել դեպի ԱՄՆ ճանապարհորդությունը:
Այս տարվա ապրիլի 30-ին Ապարանի նստավայրում հրապարակված դատավճռով Ս.Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ազատազրկվել էր 4 տարի 3 ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ Ս. Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվեկցվել էր նաեւ 2019 թ. մարտի 16-ից մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը կալանքի տակ պահելու 1 ամիս 14 օրը եւ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 1 ամիս 16 օր ժամկետով: Նրա նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի. դատարանը սահմանել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Ս.Սարգսյանի վարքագծի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության՝ ըստ բնակության վայրի համապատասխան բաժնի վրա:
Կարդացեք նաև
Ս.Սարգսյանի կալանավորումը փոխվել էր ստորագրությամբ, եւ նա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել:
Այս գործով դատարանն արագացված քննության ընթացակարգ էր կիրառել, մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը հայտարարել էր, որ խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ եւ իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Տուժողն էլ հայտնել է, որ գործով ամբաստանյալ Ս. Սարգսյանի մորից՝ կանխիկ, առձեռն ստացել է իրեն պատճառված նյութական վնասը՝ 6700 ԱՄՆ դոլար գումարն ամբողջությամբ եւ Ս.Սարգսյանի նկատմամբ որեւէ նյութական եւ գույքային պահանջ չունի, ցանկանում է, որ Սարգսյանը հնարավորություն ստանա ազատվել կալանքից:
Մեղադրող Հ. Երեմյանը չի առարկել արագացված ընթացակարգով դատաքննությանը: Սակայն պատժաչափի հետ կապված ամբաստանյալը բողոք է բերել վերաքննիչ քրեական դատարան: Սեպտեմբերի 3-ին նշանակվել է բողոքի քննությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.08.2019