Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը հրապարակեց՝ ցույց տալու, որ նա էլ է զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունների ժամանակ: Ավելին, նա համացանցից հանել էր Վանո Սիրադեղյանի խոսքերը՝ Վազգեն Սարգսյանի կենացը խմելիս: Ալումյանի մեջբերմամբ, 96-ի հոկտեմբերի 2-ին, երբ պաշտոնյաներով հավաքվել էին ամփոփելու զորքերը օգտագործելու, ցույցերը ցրելու հետ կապված գործողությունները, Վանո Սիրադեղյանն ասել է՝ հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք ու հայտարարել՝ «Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել»:
Aravot.am-ի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, որը ճանաչել եւ շփվել է Վանո Սիրադեղյանի հետ, չմտաբերեց Վանո Սիրադեղյանի այդ խոսքերը, թե «պետք է գոնե մի 800 մարդ սպանել». «Նախ, ես չգիտեմ, թե ինքը որտեղի՞ց է վերցրել դրանք, տեսաերի՞զն է նայել ու տեքստը սղագրել, որովհետեւ ես այդ խոսքերը չեմ հիշում: Ես չգիտեմ, թե Վանոն ոնց է արտահայտվել, ինչ կոնտեքստում, ինչի համար է ասել: Որքան հիշում եմ, Վանոյի ասածի իմաստը հետեւյալն էր՝ եթե զենք կիրառվեր, ապա կարող էր 800 մարդ զոհվեր: Երկրորդը՝ ըստ Ալումյանի հրապարակած խոսքերի, Վանոն ասել է, որ եթե նախագահի՝ գլխավոր հրամանատարի վրա են գնում…իսկ 2008-ին ո՞վ էր նախագահի վրա գնում: Պարզ է, որ 2008-ին ոչ մեկը նախագահի վրա չէր գնում, իսկ 96-ին մտել էին Գերագույն խորհուրդ, ջարդել էին դարպասները, բռնություն կիրառել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի դեմ»:
Այն, որ 96 թվականին Վանո Սիրադեղյանն ասել էր՝ հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք, ըստ Շողեր Մաթեւոսյանի, չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը Սահմանադրություն է խախտել, որովհետեւ այն ժամանակ Սահմանադրությունը թույլ էր տալիս, որ բանակը ներգրավվեր ներքին նման իրադարձություններում. «Իսկ 2005-ի Սահմանադրության մեջ հենց իրենք են փոփոխություն արել, մինչ այդ արտակարգ իրավիճակներում բանակի մասնակցությունը խախտում չի եղել»:
Կարդացեք նաև
Շողեր Մաթեւոսյանի կարծիքով, Ալումյանի համեմատությունները տեղին չեն՝ 96-ին եւ 2008-ին տարբեր իրավիճակներ էին. «Մեծ տարբերություն կա՝ օդ ես կրակում, ջրցան ես օգտագործում, թե կանխամտածված դավադրություն ես կազմակերպում ժողովրդի դեմ: 2008-ին դա նախօրոք մտածված էր»:
Ալումյանն այս մեջբերումներն անում էր՝ ցույց տալու, որ Քոչարյանի կալանավորումը քաղաքական աստառ ունի, որովհետեւ, ըստ նրա, եթե քրեաիրավական ոլորտից լիներ, ուրեմն նույն արարքին նույն գնահատականը կտային ու Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ կկալանավորեին. «Բայց էս մարդուն՝ ոչ մի բան, էն մարդուն, այն դեպքում, երբ դատավորներն էլ են ասում հիմնավոր չի, էլի՝ չէ՛, պիտի կալանավորեք, դատարանները կփակենք, ձեզ վեթթինգ կանենք: Հասկանում եք, չի կարելի էդպես»:
Շողեր Մաթեւոսյանի խոսքով՝ «Եթե այդքան խելք ու փաստ ունեն, թող սկսեն Տեր-Պետրոսյանից: Բայց իմ կարծիքով, 96-ին սահմանադրության խախտում չի եղել, նորից եմ կրկնում՝ Սահմանադրությունը թույլ է տվել ու իրավիճակը համապատասխանում էր գործողություններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամեն ինչ ժողովրդավարական է և որոշողը ժողովուրդն է:
Թավշյա հեղափոխություն, վենդետա չի լինելու, կադրերի սղություն, օրենքի գործածման գերբացակայություն, սահմանադրություն ոմանց հագով, հանցագործների անձեռնամխելիություն… Երբ պետությունը կուլակաթափ են անում ոմանց գրպանները լցնելու համար և կատարվում է տարանջատում Միասնության դաշինք և Միաբանության զտումով,որի հիմքն էր՛ ով մեր հետ չէ՝ գռեհիկ քաղաքական մոտեցումը (1994թ.) Չենք մոռանում ժողովրդավարական 83,4% հաղթանակը, որը վերածվեց ոչ ազգայինի և ժողովրդավարականի՛հետագայում և-և-ի,կամ-կամ-ի, այժմ էլ եթե- եթե,որ -որ ահա արդյունքը: Ելք կա այս ամենի,եթե տեր կա և մտահոգություն: