Նախաքննական մարմինն այս պահին տվյալներ չունի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ մասիվցի Անդիկի, սպանությունը ԵԿՄ նախկին երկու անդամի կողմից կազմակերպված լինելու մասին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
ԵԿՄ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դիաննա Դավթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թե՛ ԵԿՄ վարչության նախագահը, թե՛ վարչության անդամները որեւէ տեղեկություն չունեն, թե ովքեր են նշված ԵԿՄ երկու նախկին անդամները. «ԵԿՄ-ի արտահերթ համագումարից հետո, երբ Սասուն Միքայելյանն ընտրվեց վարչության նախագահ, տեղի է ունեցել վարչության անդամների ընտրությունը, որոշում է կայացվել նաեւ, որ ԵԿՄ-ի բոլոր բաժանմունքները՝ թե մարզերում, թե Երեւանում, համարվում են լուծարված: Նոր կանոնադրության համաձայն՝ Սասուն Միքայելյանի առաջարկով նշանակվել են բաժանմունքների ժամանակավոր նոր պաշտոնակատարներ, որից հետո փուլ առ փուլ սկսվել է հիմնական ղեկավարների ընտրությունը: Ժամանակավոր պաշտոնակատարներից մի մասը նշանակվել են ղեկավարներ, մնացած մասի դեպքում էլ առաջիկայում կորոշվի՝ շարունակելու են, թե՝ ոչ: Սասուն Միքայելյանի ընտրվելուց հետո նախկին ղեկավարներից որեւէ մեկը չի շարունակել պաշտոնավարել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ