Ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ԱԱԾ-ի դիմաց պատասխանեց լրագրողների հարցերին: Նրա ձեւակերպմամբ, ՊԵԿ նախագահին վերագրվում են պաշտոնավարման ընթացքում կատարված գործողություններ: «Ինձ համար ակնհայտ է, որ չի կարող ձերբակալում լինել 2010թ. կատարված դեպքի առնչությամբ…Գագիկ Խաչատրյանը 2019-ին իրավապահ մարմինների կանչով Գերմանիայում ընդհատելով բուժումը վերադարձել է Հայաստան՝ տեղյակ լինելով, որ քրեական գործ է քննվում իր վերաբերյալ»,-ասաց պաշտպանը: Նա ընդգծեց, եթե Գագիկ Խաչատրյանն իսկապես ունենար փախուստի նպատակ, բուժումը չէր ընդհատի եւ չէր վերադառնա Հայաստան:
«ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործով որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չհեռանալը: Արդեն վեց ամիս այս վիճակն է, անձն ազատության մեջ է եւ ակնհայտ է, որ նա փախուստի նպատակ չունի»,-նորից շեշտեց պաշտպանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի այն հայտարարությանը, որ միլիոնավոր դոլարների վատնման մասին է խոսքը, այս մասին էլ Երեմ Սարգսյանը նշեց. «Վատնման հետ կապված կա որոշակի հանգամանք, որ ինչ-որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չեն հաճախել եւ աշխատավարձ են ստացել, այստեղ հարց է ծագում, թե պարոն Խաչատրյանն ինչքանով առնչություն ունի այդ ամենի հետ»:
Նա շեշտեց, որ խոսք լինել չի կարող միլիոնավոր դոլարների մասին:
Կարդացեք նաև
«Այս պահին մեղադրանք չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանը կասկածյալ է…Ձերբակալման իրավաչափ նպատակ այս պահին չեմ տեսնում: Դատական պրակտիկայում սա արդեն հաստատված վիճակ է, քանի որ 2010-2015 թվականներից հետո մեղադրում են անձին, ինչը իրավաչափ նպատակ չի կարող լինել»,-ասաց նա: Նաեւ հավելեց, որ Գագիկ Խաչատրյանը ցուցմունք է տվել:
Ազգական Կարեն Խաչատրյանի մասին էլ խոսք եղավ: Պաշտպանն ասաց, որ նա նույն հիմնավորումներով է ձերբակալվել:
Պաշտպանը Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ կառուցված Դիլիջանի դպրոցի վերաբերյալ չարաշահումներին էլ անդրադարձավ: Ասաց, որ տեղյակ չէ՝ այդ մասին նյութերը քրեական գործում տեղ գտել են, թե ոչ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ