Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերնդի ՀԴՄ չունեցող տնտեսվարողների նկատմամբ ՊԵԿ-ը խոստանում է մեղմ լինել. Չեն տուգանի

Օգոստոս 27,2019 19:20

Նոր սերնդի ՀԴՄ-ներ չունեցող տնտեսվարողներն, ամենայն հավանականությամբ այլեւս չեն տուգանվի, մինչեւ ՀՀ ներմուծվեն նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաները:

Քիչ առաջ ավարտվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եւ «Կասեցում» քաղաքացիական շարժման ներկայացուցիչներ Սամսոն Գրիգորյանի, Տիգրան Քեյանի եւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հանդիպում-քննարկումը, որը վերաբերում էր օրերս մեծ աղմուկ հանած խնդրին՝ տնտեսվարողներին տուգանում են նոր սերնդի ՀԴՄ չունենալու, բայց գործունեություն ծավալելու համար: Մինչդեռ խնդիրն առաջացել է ՊԵԿ-ի պատճառով. Այս տարվա հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ները պարտադիր են բոլոր այն տնտեսվարողների համար, որոնք աշխատում են ՀԴՄ-ներով: Կառավարությունը ՀԴՄ ներմուծման դաշտն ազատականացրեց, սակայն, առայժմ նոր սերնդի ՀԴՄ ներմուծող տնտեսվարող չկա, գործարարները չեն կարողանում դրանք ձեռք բերել:

Aravot.am-ի հետ զրույցում Սամսոն Գրիգորյանն ասաց, որ գոհ է ՊԵԿ նախագահի հետ քննարկումից. «Ինչպես հասկացա՝ առավոտյան վարչապետն էլ ՊԵԿ նախագահի հետ խորհրդակցություն է ունեցել: Ինչ վերաբերում է տուգանումներին, ապա մեզ բացատրեցին, որ ՊԵԿ-ն իր գործառույթը պարտավոր է իրականացնել, իրավունք չունի չկատարել, այսինքն՝ պետք է վերահսկի, տուգանի, բայց ամեն ինչ կանեն, որպեսզի տուգանումները վերջին պլանում լինեն: Ուղղակի մշտադիտարկում են անելու, բայց մինչեւ նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը՝ տուգանումներ չեն լինի»:

Գրիգորյանն ասաց, որ ՊԵԿ նախագահը վստահեցրել է՝ այն տնտեսվարողները, որոնք արդեն տուգանվել են, կարող են դիմել են ՊԵԿ բեկանման հանձնաժողով.«Ամենայն հավանականությամբ՝ նրանց գործերը կբեկանվեն»:

Սամսոն Գրիգորյանի փոխանցմամբ՝ Դավիթ Անանյանը վստահեցրել է՝ նոր սերնդի ՀԴՄ-ներ չունեցող տնտեսվարողների նկատմամբ ՊԵԿ-ն ավելի մեղմ վերաբերմունք է ցուցաբերելու»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք բյուրոկրատական քաշքշուկներ չեն առաջանում՝ տուգանվեն, հետո գնան բեկանման հանձնաժողով, քննարկեն, պարզ չի՝ ինչ կորոշեն, պրն Գրիգորյանը պատասխանեց. «Չեն տուգանվի, չեն տուգանվի»:

Սամսոն Գրիգորյանը տնտեսվարողներին հորդորում է՝ հայտարարագրել եկամուտները եւ վճարել հարկերը, իսկ նոր բացվող բիզնեսները պետք է անպայման նոր սերնդի ՀԴՄ սարք ստանալու հայտ ներկայացնեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031