Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հանրային կապերի վարչություն