Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուպերնախարարը որոշել է վերագրել պատմության դասագրքերը. սա Ամուլսարից վտանգավոր է». Միհրդատ Մադաթյան

Օգոստոս 27,2019 18:25

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի բնորոշմամբ՝ ներկայիս կառավարությունը թիմ չէ, այլ ինչ-որ մարդիկ, որոնք վերադասի հրաման են կատարում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Միհրդատ Մադաթյանը նկատեց՝ իշխանափոխությունը տեղի ունեցավ կամայականորեն. տրվեցին խոստումներ, ասվեցին արտահայտություններ, որոնք իրականությանը չէին էլ կարող համապատասխանել, առավել ևս այն ժամանակ, երբ դրանք տրվում էին. «Տարիուկես է այս իշխանությունները զբաղված են ինքնակայացմամբ: Ինքնագովերգը վերածվեց լայվերի»:

Հոգեբանի համար անհասկանալի է, իր բնորոշմամբ, սուպերնախարար Արայիկ Հարությունյանի՝ պատմության դասագրքերը վերախմբագրելու որոշումը. «Որոշել է վերագրել պատմության դասագրքերը՝ համարելով, որ դրանցում սին տեղեկություններ են: Պետք է վերափոխել դրանք: Պատկերացնում եք, եթե մեզնից յուրաքանչյուրը որոշի պատմությունը վերագրել ու հարմարեցնել իրեն, ի՞նչ կլինի: Եկել են իշխանության, որ կարողանան հիմնովին արդարացնե՞լ իրենց, թե՞ եկել են երկիր կառավարելու համար: Այս տեղեկությունն Ամուլսարի ֆոնին չի երևում, բայց ավելի մեծ վտանգավորություն ունի»:

Հոգեբանը հեգնանքով նշեց. «Եթե որոշեն, որ այդ դասագրքերում գրվելու է՝ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը, ես դրանից չեմ զարմանա: Մի քանի սերունդ որ անցնի, որպես ճշմարտություն սկսելու է դա ընդունվել»:

Ըստ Միհրդատ Մադաթյանի՝ կառավարության արհեստավարժության մակարդակը երևում է Ամուլսարի գործընթացներում, օրինակ, երբ Ամուլսարի հարցը քննչական մարմինն է քննում. «Ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ դերակատարություն ունի ՀՀ-ում բնապահպանության նախարարությունը, եթե Քննչականը պիտի զբաղվի այդ հարցով: Տեղի է ունենում վարչապետի կողմից լայվ, որն ամբողջությամբ ուղղված է նրան, որ Ամուլսարի հանքը պետք է գործարկվի: Իմիջիայլոց, ասվում է տեղեկություն, թե ՇՄԱԳ չի արվել և հին ՇՄԱԳ-ի տվյալներով են արել փորձաքննություն: Բոլորս ենք տեսել նախորդ օրերին, երբ բնապահպանները բողոքում էին հենց դրանից, որ գումար է ծախսվել, և փորձաքննությունը անցկացվել է հին տվյալներով: Իսկ հանրաքվե անցկացնել նշանակում է իրենց վրայից հանում են պատասխանատվությունը: Ասում են՝ ժողովրդի որոշումն է, իրենք ի՞նչ կապ ունեն, ինչն էլ արվել է տարիներ շարունակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բոլոր ժամանակներում պատմագիրները եղել են պալատական և գրել են այն ինչ թելադրել են թագավորները:Ինչու? հիմա այդպես չպետք է լինի…..:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031