Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին շրջանում Գյումրիում ներդրումներ անելու համար քաղաքապետարան են դիմել երեք գործարարներ․ նրանցից մեկը Սոչիում բնակվող գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանն է, որը դելֆինարիում բացեց Գյումրիում։
Նա այժմ, ըստ ճարտարապետի, պատրաստվում է հյուրանոց կառուցել․ Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկն է գնել, որը կհիմնանորոգի ու հյուրանոց կդարձնի։ Սա թերևս, պահանջարկ ունեցող բիզնեսի տեսակներից է Գյումրիում։
Մյուսը Նովոսիբիրսկում բնակվող գյումրեցի գործարար Հրանտ Պետրոսյանն է, որը տարիներ առաջ նախագիծ էր մշակել իր ծննդավայրում սպորտսիթի հիմնելու, սակայն այդպես էլ իրականություն չդարձավ։ Այժմ, ըստ Հենրիկ Գասպարյանի, գործարարը նորից ցանկություն ունի ծրագիրն իրականացնելու․ հոկեյի դաշտ է ուզում կառուցել Գյումրու «Մուշ» թաղամասում։
Ըստ ճարտարապետի, նրա դիմումը հնարավոր է քննարկման դնեն ավագանու առաջիկա նիստում։
Կարդացեք նաև
Գյումրիում իր խանութի մասնաճյուղը բացելու դիմում է ներկայացրել նաև «Դոմուս» խանութների ցանցի սեփականատերը։ Նա իր ներդրումը կկատարի քաղաքի պատմական հատվածում՝ «Ճերմակ» հիվանդանոցի շրջակա տարածքում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Humans of Gyumri ֆեյսբուքյան էջի