Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը

Օգոստոս 27,2019 16:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մեծարգո նախարար,

Տիկնայք եւ պարոնայք դեսպաններ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դեսպանների այս հավաքում, որն առաջին այսպիսի միջոցառումն է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո եւ լավ առիթ է խոսելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հայեցակարգային դրույթների, սկզբունքների եւ հնարավոր գործիքակազմի մասին:

Նախեւառաջ մենք պետք է պատասխանենք մի հարցի. ո՞րն է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքային նպատակը, ինչո՞ւ ենք մենք վարում, եւ ինչի՞ համար է անհրաժեշտ արտաքին քաղաքականությունը մեր երկրին:

Մեր արտաքին քաղաքականության նպատակը, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելն է, ինքնիշխանության ու անվտանգության մակարդակը հետևողականորեն բարձրացնելը, մեր երկրի եւ նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայր ձեւավորելը:

Իսկ որպեսզի սա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներն ու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, ավելի լսելի եւ ավելի ընդունելի: Այսպիսով, ձեւակերպվում է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը. այն է՝ բարձրացնել Հայաստանի Հանրապետության սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային հարաբերություններում:

Արդյոք մենք սրա համար ունե՞նք նախադրյալներ եւ հնարավորություններ: Այո, միանշանակ, եւ թույլ տվեք ասել, որ այս խնդրի լուծման կարեւորագույն փաստերից մեկը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն, եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտի որ այդ փաստը օգտագործեին աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար:

2018 թվականի Հայկական հեղափոխությունը անձի մասին չէ, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, եւ այն պետք է պատշաճ ձեւով ներկայացվի ողջ աշխարհին՝ այս անգամ արդեն ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն:

Այս տեղեկատվությունը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր դարձնելու անփոխարինելի միջոց է, մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը եւ ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին:

Ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը, եւ մեր խնդիրն է՝ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:

Հաջորդ սկզբունքը, որը պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: Ի՞նչ նկատի ունեմ ասելով համահայկականություն արտաքին քաղաքական ասպարեզում: Մեր արտաքին քաղաքական բարդություններից եւ բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է: Ընդ որում, այս բարդույթը հաճախ արտահայտություն է գտնում մեր հանրային-պետական կյանքի բոլոր մակարդակներում՝ ամենօրյա կենցաղից մինչեւ արտաքին քաղաքականություն, ինչին, անկեղծ ասած, մի քանի անգամ ականատես եմ եղել վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ պաշտոնական կամ աշխատանքային մի քանի այցերի ընթացքում:

Եվ հետեւաբար՝ փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար, եւ սրա գործնական լուծումը, իմ պատկերացմամբ, հետեւյալն է. Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի, կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ:

Սրա համար այսօր կան բոլոր պայմաններն ու նախադրյալները, որովհետեւ Հայաստանի կառավարությունն ունի ժողովրդական աջակցության նույնպիսի մակարդակ Հայաստանում եւ Սփյուռքում, ու քանի որ պայմանավորվեցինք, որ Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ու քանի որ բազմիցս ենք հայտարարել, որ մեր կառավարության նպատակը Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի միջեւ սահմանները ջնջելն ու վերացնելն է, հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը պետք է հարատեւ լինի:

Եվ ուրեմն, համահայկականության տրամաբանությունը պիտի նոր կշիռ տա Հայաստանի Հանրապետությանը եւ նրա խոսքին ու դիրքորոշմանը, իսկ այսպիսի խնդիր լուծելու համար Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները հայկական համայնք ունեցող բոլոր երկրներում պետք է լինեն ողջ հայությանը համախմբող գործոն եւ դադարեն Սփյուռքի մեր հայրենակիցներին իներցիայով բաժանել ընդդիմադիրների եւ իշխանամետների, հների եւ նորերի:

Այդ իրավիճակին, անկեղծ լինեմ, բախվել եմ որպես Հայաստանի վարչապետ տարբեր երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ընթացքում, եւ սա ինձ համար անընդունելի երեւույթ է:

Այսպիսով, միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտությունը մեծացնելու հարցում չափազանց կարեւոր է, որ Հայաստանի դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների հարաբերությունները տեղի հայ համայնքների հետ էական փոփոխություններ կրեն: Համայնքի եւ դեսպանատան հարաբերությունները պետք է մաքսիմալ դուրս լինեն կենցաղային առտնին տրամաբանությունից եւ ավելի ու ավելի շատ տեղավորվեն հայեցակարգային, գաղափարաբանական տրամաբանության մեջ, որի նպատակը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերը առավել պաշտպանված, Հայաստանի ասելիքը առավել լսելի, Հայաստանի դիրքորոշումը առավել ընկալելի դարձնելը պիտի լինի:

Եվ այս առումով չափազանց կարեւոր է մեր արտաքին գերատեսչության, դեսպանատների համագործակցությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Ես շատ լուրջ խնդիրներ եմ առաջադրել Արտաքին գործերի նախարարությանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին եւ ակնկալում եմ, որ այդ խնդիրները լուծվեն հնարավորինս արագ եւ արդյունավետ կերպով:

Հարգելի ներկաներ,

այսօրվա իմ ելույթում ես մանրամասն չեմ անդրադառնա արտաքին քաղաքականության ընթացիկ, կիրառական խնդիրներին եւ օրակարգին: Դրանց մասին իր ելույթում ամենայն մանրամասնությամբ խոսել է Արտաքին գործերի նախարարը:

Այսուհանդերձ, հարկ եմ համարում առավել անդրադառնալ մեզ համար կարեւորագույն խնդրին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը՝ հետեւյալ տրամաբանությամբ.

ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը:

Նախորդ տարի Արտաքին գործերի նախարարությունում առիթ ունեցել եմ ասելու, եւ հիմա էլ հարկ եմ համարում կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը:

Եվ այս երեւույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս:

Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը, որովհետեւ հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարիների ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, եւ այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում եւ, որ ավելի վատ է, նենգափոխվում: Եվ մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին եւ հետեւողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրեցի, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի եւ Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձեւը: Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:

Եվ չափազանց կարեւոր է այդ խնդիրների հսկայական տարբերությունն ի ցույց դնել, ինչի արդյունավետության մեջ ինքս համոզվել եմ մի քանի կոնկրետ դեպքերում:

Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի եւ այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները եւ ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունները:

Այս պարզ օրինակը ցույց է տալիս, թե ինչու եւ ինչպես է ձեւավորվել  ստատուս քվոն Ղարաբաղում, ես նկատի ունեմ Բաքվի օդանավակայանի դեպքի նկարագրությունը: Ցույց է տալիս նաեւ, թե ինչը կարող էր լինել այդ ստատուս քվոյի այլընտրանքը:

Սա ընդամենը մի օրինակ է, նույնպիսի օրինակներ կարելի է բերել նաեւ այն մասին, թե ինչպես բոլորը մոռացան, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, եւ դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձեւաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաեւ Հայաստանից, եւ այլն, եւ այսպես շարունակ:

Հարգելի ներկաներ,

ամփոփելով իմ խոսքի հրապարակային մասը՝ ուզում եմ նաեւ մեկ-երկու ընդհանրական շեշտադրում անել:

2018 թվականի հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո բազմիցս եմ հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռեվերսներ տեղի չեն ունենալու, եւ շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել եւ արտաքին քաղաքական ասպարեզում մենք աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք եւ ապահովում ենք ժառանգականություն:

Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Իրականում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, եւ այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու եւ այդ դիրքորոշումը հետեւողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ:

Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից: Քավ լիցի, դա անհնար է եւ ոչ խելամիտ:

Բայց խուսանավել, առանց հստակ եւ սեփական երկրի ազգային շահերին համապատասխան դիրքորոշում ունենալու, նշանակում է Հայաստանը դնել հեղեղի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում, իսկ խուսանավել հստակ, հասկանալի եւ սեփական երկրի ռազմավարական շահերից բխող դիրքորոշումներ ունենալով՝ նշանակում է այդ հեղեղի մեջ լինել առնվազն նավակի կարգավիճակում եւ հնարավորություն ունենալ կառավարել սեփական ընթացքը եւ ինչ-որ առումով՝ նաեւ հեղեղը: Սա, իհարկե, հեշտ և պարզ ճանապարհ չէ, բայց սա մի ճանապարհ է, որով մենք պետք է գնանք, և որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Հենց սա է մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը, որը մենք միասին պարտավոր ենք լուծել ու կլուծենք:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև դիվանագիտական համակարգի գործունեությանը, Սփյուռքի հետ համագործակցությանը, արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, հայկական ներուժի քարտեզագրմանը և ձևավորմանը, արտաքին քաղաքականության մեջ տնտեսական կոմպոնենտի ակտիվացմանը, Հայաստանում տնտեսական հնարավորությունների տարածմանը, ներկայացմանը և այլ թեմաների:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Լեռնային Ղարաբաղի հարցում մեր գլխացավանքը կսկսվի այն ժամանակ,երբ Արցախյան գոյամարտի բոլոր հերոսները կհայտնվեն բանտում և Ալիևը կսկսի միջազգային հանրությանը համոզել,որ այդ շարժումը ազգապահպանման նպատակով չի եղել,այլ մի շարք հանցագործների գործողություն,որոնց նպատակն է եղել զավթելու իշխանությունը և թալանելու իրենց ժողովրդին:Եվ համոզված եմ նա կկարողանա համոզել միջազգային հանրությանը դրանում….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031