Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եկել եմ փարատելու մի մեծ միֆ, թե Հայաստանում չի թույլատրվում օգտագործել զինված ուժերը ներքին խնդիրների լուծման համար». Ալումյան

Օգոստոս 27,2019 16:27

«Այսօրվա գլխավոր մեսիջը հետեւյալն է՝ զինված ուժերը կարող էին օգտագործվել մեր օրենքով՝ անգամ ցույցերն անմիջապես ցրելու նպատակով՝ առանց արտակարգ դրության՝ զանգվածային անկարգությունները վերացնելու նպատակով»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ըստ նրա, սակայն, զինված ուժերը չեն օգտագործվել Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ այնպես, ինչպես ներկա վարկածն է. «Զինված ուժերը կանխարգելման նպատակով ընդամենը տեղակայվել են, եթե դրա անունը կդնենք օգտագործում…Տեղակայվել են Լեո-Պարոնյան խաչմերուկում, որպեսզի եթե հանկարծ զանգվածային անկարգությունները փորձեին տեղափոխել ԱԺ-ի, նախագահական նստավայրի ուղղությամբ, դա հնարավոր լինի կանխել, տեղակայվել են ԿԲ-ի, կառավարության շենքի ուղղությամբ եւ նաեւ Ամիրյան, Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Ի՞նչ տեղի կունենար, եթե, այնուամենայնիվ, ցուցարարները եւ սադրիչները ոստիկանական ուժերը մի կողմ շպրտեին ու հասնեին ԶՈՒ-ին, հիմա ասել հնարավոր չէ, համենայնդեպս, զինծառայողներին կրակելու հրաման տրված չի եղել ու քրգործում դա հաստատված է»:

Լրագրողները հարցրեցին՝ եթե զանգվածային անկարգությունների, ցույցերի ժամանակ օրենսդրությունը թույլ է տալիս զինված ուժերը ներգրավել՝ այն ցրելու համար, նախ որտե՞ղ է ապացույցը, որ ցուցարարները երկրի ներքին անվտանգությանը սպառնալիք էին, հետո նշանակում է, որ ցանկացած ընդդիմության գործողություն, այդ թվում՝ Քոչարյանին պաշտպանող ցուցարարները կարող են դիտարկվել որպես ներքին անվտանգությանը սպառնալիք եւ նրանց հարցերը լուծել ԶՈՒ-ով:

Ալումյանը պատասխանեց. «Այն, ինչ տեսել եք Մարտի 1-ին, դրանք զանգվածային անկարգություններ էին, ցույցեր էին, որ վերածվել էին անկարգության, երկրի անվտանգությանը դրանք սպառնում էին, թե չէ՝ դա Սահմանադրությամբ գնահատում է ՀՀ նախագահը, երրորդը՝ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից սկսած՝ ընդդիմության որոշ գործիչներ, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անընդհատ հանդես են եկել հետեւյալ կարգախոսով՝ մենք պետք է կազմաքանդենք ներկա իշխանությունը: Այդ կարգախոսը հնչել է մշտապես, օրական հարյուրավոր անգամներ, դուք ասում եք՝ ինչի՞ց է հետեւում, որ նաեւ ներքին անվտանգությունն է սպառնալիքի տակ: Եթե ցույցերի ժամանակ անընդհատ հնչում է՝ մենք պետք է կազմաքանդենք»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը հստակ իշխանությունների մասին էր, ոչ թե երկրի, պետության, դրանք տարբեր բաներ են, ի վերջո հետընտրական գործընթացներ էին եւ վիճարկվում էր հենց ընտրությունների արդյունքները՝ Ալումյանն արձագանքեց. «Լավ, եկեք 96-ի հետ համեմատենք, էնքան լավ կերեւա ինչը 2008-ին է արվել ու այն, ինչ 96-ին է, անձամբ դուք ո՞րը կգնահատեիք երկրի անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք: Հաջորդ գործոնը, որը դեր խաղաց, դա այն էր, որ փորձ էր արվում նախ երկրապահ կամավորականներին ներքաշել քաղաքական հարցերի մեջ, ընդ որում, գիտեք, նրանց զգալի մասը զինված էր ու այն, ինչ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերվեց, դա երեւի այդ զենքի շատ փոքր մասն է: 2018-ին այն, ինչ դուք տեսաք, երբ ԶՈՒ մի ամբողջ ստորաբաժանում անցավ ցուցարարների կողմը, ինչն օրենքով արգելված է, դա պահի տակ ընդունված որոշում չէր, նախապես կատարված աշխատանքի արդյունք էր, 2008-ին համանման աշխատանքներ էին տարվում ՀՀ ԶՈՒ շատ ստորաբաժանումների հետ եւ դա իրենից ներկայացնում էր մեծ վտանգ, նաեւ ցուցարարներից շատերը զինված էին, դա իրենից ներկայացնում էր մեծ վտանգ: Դուք հիմա կասեք՝ իսկ որտեղի՞ց է երեւում, որ զինված էին, դուք տեսեք, թե ինչ էին անում, 187 վիրավոր ոստիկանների մեծամասնությունն ունեին այրվածքներ մոլոտովի կոկտեյլներից, ընդ որում, դա քար չի, պետք է նախապես պատրաստեին եւ բեկորային վնասվածքներ ունեին, որոնք նռնակներից էին: Դուք այդ կադրերը տեսել եք, եթե երկրի անվտանգությանը դա չի սպառնում ապա ի՞նչն է սպառնում»:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք այս ամենը ներկայացնում եք՝ ելնելով այն կանխավարկածից, թե ցուցարարները խաղաղ չեն եղել, մինչդեռ մեղադրանքում եւ հասարակության շրջանում հակառակ վարկածն է ՝ ցուցարարները խաղաղ են եղել՝ Ալումյանը պատասխանեց. «Ես եկել եմ փարատելու մի մեծ միֆ, իսկ միֆը կայանում է նրանում, որ Հայաստանում չի թույլատրվում օգտագործել զինված ուժերը ներքին խնդիրների լուծման համար: Ես եկել էի՝ այդ ամբողջ միֆը լուսաբանեմ: Հաջորդ մեսիջը, որն ուզում էի հասարակությանը մղել՝ այն աստիճանի, որ օրենքը թույլատրում է օգտագործել՝ այդ աստիճանի զինված ուժերը չեն էլ օգտագործվել»:

Մեր դիտարկմանը՝ ձեր մեջբերումների մեջ խոսքը զանգվածային անկարգությունների մասին է, երբ պետությանը վտանգ է սպառնում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ մեղադրանքի, Մարտի 1-ի ցույցերը եղել են խաղաղ բնույթի եւ ցուցարարները զինված չեն եղել՝ Ալումյանն արձագանքեց. «Լավ, եթե ցուցարարները զինված չեն եղել, որտեղի՞ց այսպիսի հարաբերակցությունը՝ 32 վիրավոր ցուցարար, 187 վիրավոր ոստիկան, այն դեպքում, երբ ոստիկաններն ամբողջությամբ հատուկ համազգեստով են եղել՝ սաղավարտ, վահան, ոտքերը պաշտպանող հատուկ հագուստ ու այդ պայմաններում 187 ոստիկան է վիրավորվել, ընդ որում՝ այրվածքներ են ստացել եւ բեկորային վիրավորումներ: Բա այդ հարաբերակցությունը որտեղի՞ց: Դուք ասում եք՝ մեղադրանքում գրված է, որ ցույցերը եղել են խաղաղ, բայց դուք տեսել եք, չէ՞, էդ ամեն ինչը, տեսել եք, չէ՞, թե ցերեկն ինչ վակխանալիա էր կատարվում: Գիտեք, չէ՞, որ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել այդ խաղաղ ցուցարարներից մեկից: Դուք տեսել եք, չէ՞, թե ոստիկաններին ինչ են արել, ոստիկանները, ուղղակի շարքով կանգնած, իրենց վրա նետվում են մոլոտովի կոկտեյլներ: Հիմա այդ ամեն ինչը թողած՝ ասենք՝ քանի որ մեղադրանքում գրված է, որ խաղաղ են եղել, պիտի ընդունենք, որ խաղա՞ղ է եղել: Հասկանում եք, այդ մարմինը տվյալ պահին իշխանության անգամ ամենահամարձակ ֆանտազիան պատրաստ է իրականացնել: Իրենք էդ են գրում, որովհետեւ էդ է պետք: Մի տարի առաջ ուրիշ բան կգրեին»:

Մեր հարցին՝ ձեր նշած մեջբերումների մեջ Հայաստանի զինված ուժերի ներգրավման մասին էր խոսքը, իսկ մեղադրանքում Ղարաբաղից զորք բերելու մասին է խոսքը՝ Ալումյանն արձագանքեց. «Այդտեղ կա բան, որը դատական նիստի ժամանակ դռնփակ է եղել ու ես իրավունք չունեմ ասել, բայց ասեմ մի բան, որն իրավունք ունեմ ասել՝ բացի ՀՀ ԶՈՒ-ից, որեւէ այլ զինվորական այդ օրը այդ գործողություններից որեւէ հատվածում ներգրավված չի եղել: Դատախազությունն ընդունեց այն, ինչ մենք ասեցինք»:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ին 10 զոհ է եղել ու սպանողներից որեւէ մեկը չի բացահայտվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031