Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետների եզրակացությունը` երեխաների մեծ մասը հատուկ հաստատություններում է հայտնվել աղքատության պատճառով

Օգոստոս 27,2019 15:43

Օգոստոսի 22-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որ Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին, նաեւ կոչ էր արել համակերպվել։ Նրա այդ գրառումը միանշանակ չի ընդունվել:

«1990-ին, երբ բարեփոխումների փուլը սկսվեց, Հայաստանն ընդամենը 100 երեխա ուներ հատուկ հաստատություններում: 2000-ականներին, սակայն, բոլոր ինտերնատներում, գիշերօթիկներում, մանկատներում հայտնվեցին 12000 երեխաներ: Բոլորը հասկանում էին, որ այդ թվի աճը հանկարծահաս աղքատության հետեւանք էր, դրա համար գոյություն ունեցող գիշերօթիկներին ավելացան նորերը, սովորական դպրոցների մի մասը վերածվեց գիշերօթիկ հաստատությունների, որպեսզի կարողանային սնունդ ապահովել: Գուցե դա այդ ժամանակի համար շատ ճիշտ եւ կարեւոր լուծում էր: Աստիճանաբար 2002-ից սկսվեց բարեփոխումների առաջին փուլը եւ խոսակցություններ եղան այն մասին՝ արդյոք ճի՞շտ է վարվում պետությունը նման պարագայում»,- օգոստոսի 27-ին «Մեդիա կենտրոնում» կայացացած «Հատուկ հաստատություններ. անհրաժե՞շտ, թե՞ ավելորդ կառույցներ» թեմայով քննարկման ժամանակ հարց հնչեցրեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

Նա տարակուսանք հայտնեց` արդյոք երեխային օգնելու լավագույն ձեւը աղքատ ընտանիքից նրան կտրելն է ու հաստատություններում պահելն է, փոխանակ ընտանիքներին օգնելու: Անտոնյանի փաստմամբ, 2005-ից սկսվեց մի գործընթաց մինչեւի 2008թ, երբ 19 հաստատություններում միայն աղքատ երեխաներ էին: «Այդ 19 հաստատություններից 12-ը վերածվեցին սովորական դպրոցների եւ դա առանց ցնցումների»: Տիկին Անտոնյանը հայտնեց, որ 7 հաստատությունում երեխաներ էին, որոնց ընտանիքներն ունեին աղքատություն եւ այլ խնդիրներ, այդ թվում` ընտանեկան կազմակերպվածության, դրա համար հիմնվեցին երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատություններ, որոնց նմանը աշխարհում չկա:

«Երբ կոնֆերանսների ժամանակ փորձում էինք ժամերով բացատրել, թե ինչ է դա, զարմացած մեզ էին նայում, որովհետեւ դա աշխարհին հայտնի տիպ չէր, սակայն ժամանակավոր լուծում էր: Եվ որպեսզի ցնցում չլինի, կառավարությունը որոշեց, որ այն երեխաներին, որոնք ընտանիքում կազմալուծվածության, խնամքի խնդիր ունեն, ժամանակավորապես պահի այդ հաստատություններում»,-հավելեց նա: Նաեւ փաստեց, որ խնամքի կենտրոններում գտնվող երեխաների գերակշիռ մեծամասնությունը 9 ամիս դասապրոցեսի ընթացքում գտնվում էին այդ կենտրրոններում, իսկ ամռանը, արձակուրդային, հոբելյանական եւ ազատ օրերին, երբ հաստատությունը չէր աշխատում, միայն 36 երեխա էր գալիս կենտրոն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը նշեց, որ հատուկ հաստատությունների աշխատակիցները տեղյակ են եղել գործընթացից, քանի որ նրանց հետ հարցը քննարկվել է: Նրա խոսքով, այս քաղաքականությունը որդեգրելիս կարեւորել են երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը: Նա եւս փաստեց, որ երեխաների մեծ մասը հատուկ հաստատություններում է հայտնվել աղքատության եւ սոցիալական խնդիրներով պայմանավորված:

«Այս որոշումը պետք է վաղուց ընդունվեր…Ցանկացած որոշում կայացնելիս պետությունը պետք է առաջնորդվի երեխայի շահով»,- վստահ է Save the Children Armenia կազմակերպության երեխայի պաշտպանության փորձագետ Գրիգոր Գրիգորյանցը: Նա վկայակոչեց տարբեր հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց հատուկ հաստատությունները բացասական ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031