Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց հավաքականում որոշ մարզիկների՝ իր դեմ կազմակերպված դավադրության պատճառով

Օգոստոս 27,2019 15:21

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ավելի քան 20 տարի մեր ընտրանին գլխավորելուց հետո այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին:

Լեւոն Ջուլֆալակյանը պաշտոնավարման ընթացքում հավաքականի ձեռքբերումների մասին վիճակագրական հակիրճ տեղեկություն տրամադրելուց հետո ասաց, որ այս ամբողջ ընթացքում ոչ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, ոչ սպորտի պետական կառույցի եւ ոչ էլ ՀԱՕԿ-ի հետ խնդիրներ չի ունեցել: Ավելին, այս երեք կառույցների ղեկավարներն էլ դեմ են եղել հավաքականի ղեկը թողնելու իր որոշմանը:

«Որոշումը ես եմ կայացրել, հուսով եմ ու համոզված եմ, որ որոշումս ճիշտ է: Պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսներին տարաձայնություններ են տեղի ունենում: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որպեսզի գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական հավաքների պլանը կազմի իրենց ցանկությունով, որ մրցումների մասնակցության վայրն ընտրվի իրենց ցանկությունով, որ մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությունով, թե ովքեր՝ որ մրցումներին պետք է մասնակցեն: Մի խոսքով, լիքը նման տհաճ երեւույթներ: Պարզ ասած, կազմակերպվում է դավադրություն: Ինչն է պատճառը, ինչ-որ տեղ ինձ հասկանալի է, ինչ-որ տեղ՝ անհասկանալի: Բայց փաստը մնում է փաստ, որ եթե մարզիկները բաժանվում են երկու բեւեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը: Նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը իմ բնավորության տեր մարդը չի կարող, որովհետեւ ես իմ ամբողջ կյանքում եղել եմ պահանջկոտ իմ եւ բոլորի նկատմամբ, միշտ պահպանել եմ կարգուկանոն, միշտ ձգտել եմ հասնել լավագույն արդյունքների, պահանջել եմ բոլորից, նույնը արել եմ ես:

Եթե հավաքականում կան մարզիկներ, որոնք պատկերացնում են, թե լիարժեք տիրապետում են եւ մարզչական գործին եւ մարզիկի գործին, լիարժեք պատկերացնում են՝ ոնց պետք է պատրաստվեն, ոնց պետք է ելույթ ունենան, նման պարագայում մարզչի դերը վերանում է: Իսկ նման պարագայում ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը:

Որպեսզի հետագայում մեր հավաքականի արդյունքները նորից շարունակական լինեն, ես ցանկանում եմ, որ կարողանան ավելի պատրաստված մարզչի ճիշտ ընտրություն կատարել, որը կարողանա հասկանալ թիմի նման հոգեբանությունը, կարողանա ավելի լավ պատրաստել, ավելի շատ մեդալներ բերել եւ ավելի շատ ուրախացնել մեր ազգին, մեր երկրպագուներին: Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ, իմ աշխատանքին նվիրվել եմ լիարժեք», – հայտարարեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031