Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել». Ալումյանը մեջբերում է Վանո Սիրադեղյանի խոսքերն ու կենացները

Օգոստոս 27,2019 14:59

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ «մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տվել եւ ներկայումս էլ թույլ է տալիս զինված ուժերի օգտագործումը՝ մասնավորապես զանգվածային անկարգություններին դիմակայելու, այդ անկարգությունները դադարեցնելու նպատակով»:

Նա ասուլիսին ներկայացրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրամանագրերը՝ ցույց տալու, որ նա էլ է զինված ուժերն օգտագործել՝ անկարգությունների ժամանակ ու թերթերում հրապարակված նյութերը մեջբերեց. «Տանկերը՝ Երեւանի փողոցներում»: Ալումյանի խոսքով՝ «Որոշակի տարբերություն կա 1996-ին եւ 2008-ին զորքերի օգտագործման մոտեցման մեջ: 96-ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, այսինքն, անմիջական շփման մեջ են եղել, մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ, բախումներ չլինեն, կոնտակտ չլինի ցուցարարների եւ զորքերի միջեւ»:

Ալումյանը համացանցից հանել էր Վանո Սիրադեղյանի խոսքերը՝ Վազգեն Սարգսյանի կենացը խմելիս. «96-ի հոկտեմբերի 2-ին, երբ որ արդեն հավաքվել էին ամփոփելու զորքերը օգտագործելու, ցույցերը ցրելու հետ կապված, ձեզ հայտնի Վանո Սիրադեղյանն ասել է՝ հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք: Այսինքն, միշտ հիշեք, որ առաջին անգամ հայկական բանակը մայրաքաղաք է մտել 96-ին, երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ցույցերը ճնշվում էին մայրաքաղաքում: Վանո Սիրադեղյանն ասել է՝ հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք, զորքերի հետեւից՝ ներքին զորքերը, մեր առաջին գունդը, նրանք պահպանել են Սահմանադրությունը պաշտպանել են նախագահին: Կարեւոր չէ, թե ով է նախագահը, կարեւորը՝ պաշտպանել են Սահմանադրությունը: Երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է 2-3 մասի, գլխավոր խոսքը բանակինն է: Կարեւորը սպայական կազմն է, որն այժմ կոչվում է երկրապահ ու եթե մեկ սանտիմետր կողք են գնացել, ուրեմն արյունն արժե այն… Ձեր կենացը, Վազգեն, քո՛ կենացը»:

Հետո Ալումյանը Վանո Սիրադեղյանից մեկ այլ մեջբերում արեց. «Տեսեք, ասում է՝ Երկրապահի տղերքը մտան նախագահական նստավայր ամենախոցելի մասը, եթե այնտեղ մտնում են մարդիկ, բնական է, պետք է կրակի տակ առնել, կրակել, պետք է 50-100 մարդ մեռնի, փառք Աստծո, այդպես չեղավ: Իսկ նրանք պետք է փոխվեն, այս ժամանակ սաղ ազգին հերիք կլիներ, ի՞նչ ժողովուրդ, ընդամենը 15 հազար, իսկ զայրացած՝ ընդամենը 300-500 մարդ, կամ 1000: 8 մեքենա քաշում ես, լողացնում ես մարդկանց ու տուն են գնում՝ չորանալու»:

Հայկ Ալումյանի մեջբերմամբ, Վանո Սիրադեղյանը նաեւ ասել է՝ «Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել», իսկ սեղանին լսվում է «քիչ ես ասում» արտահայտությունը:

Այս ամենը ներկայացնելով՝ Հայկ Ալումյանն ասաց, որ եթե այսօր մեր քննչական մարմինները, դատախազությունը, ԱԱԾ-ն սեւեռվել են այն գաղափարի վրա, որ զորքը չի կարող օգտագործվել ներսի խռովությունները դադարեցնելու նպատակով, եթե իրենք իրոք այդ գաղափարը չեն օգտագործում այլ նպատակներով, ապա ինչո՞ւ այս ամեն ինչին գնահատական չի տրված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031