Լրահոս
Օրվա լրահոսը

Ալումյանը հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը՝ ասելով, որ մինչեւ Մարտի 1-ը նա էլ է բանակն օգտագործել՝ զանգվածային անկարգությունների ժամանակ

Օգոստոս 27,2019 14:40

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրավիրած ասուլիսում մի քանի ուշագրավ հայտարարություն արեց:

Նա ասուլիսին եկել էր պատրաստված՝ մեջբերումներ էր հանել համացանցից, թե որ երկրներում ոնց են ճնշել զանգվածային անկարգությունները: Ալումյանը եկավ հեռվից՝ Չինաստանից՝ ասելով, որ 2009-ին ներպետական հարցերում զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով իրենք ներգրավել են զինված ուժեր, որի ընթացքում եղել է 156 զոհ: Նա նաեւ Նեպալի օրինակը մեջբերեց, թե այնտեղ էլ 2006-ին են ներգրավել ԶՈՒ: Հարավաֆրիկյան հանրապետությունում էլ 2014-ին են այդպես ցրել զանգվածային անկարգությունները՝ օգտագործելով զինված ուժեր: Հնդկաստանում 2016-ին են օգտագործել, Բրազիլիայում՝ 2017-ին: Այս ամենը Ալումյանը ներկայացնում էր՝ ապացուցելու, որ զինված ուժերը կարող էին ներգրավել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Ալումյանը Հյուսիսային Իռլանդիայի օրինակը բերեց, ԱՄՆ-ի՝ ասելով, որ այդ երկրների օրենսդրությունը թույլ է տալիս ԶՈՒ-ն օգտագործել, որ ամենաուշագրավն էր՝ ըստ Ալումյանի, ՀՀ օրենսդրությունն էլ թույլ է տալիս զինված ուժերն օգտագործել՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Այսպես, նա ՀՀ Սահմանադրության 8.8 հոդվածը մեջբերեց, որը գործել է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ըստ այդմ, ՀՀ ԶՈՒ-ն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Իսկ անվտանգությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորությունն է, ներքին անվտանգությունը իր մեջ ներառում է զանգվածային անկարգությունները:

Ալումյանը 96-ին ընդունված ՀՀ ԶՈՒ ներքին կանոնագիրքը հաստատելու մասին օրենքից հատվածներ կարդաց, թե զինծառայողները պարտավորված են օրինականության եւ օրակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալ. «Սա հենց ներքին խնդիրներին ԶՈՒ-ի ներգրաված լինելու իրավունք է սահմանում»: Ըստ այդ օրենքի, զինծառայողները զենք գործադրելու իրավունք ունեն պետական օբյեկտների պահպանության խնդիրները լուծելիս՝ զինված հարձակումը հետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ միջոցներով: Ալումյանի խոսքով՝ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ զինծառայողները օժտվում են նաեւ հատուկ իրավունքներով: Այս ամենը ամփոփելով՝ Ալումյանը հայտարարեց. «Մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տվել եւ ներկայումս էլ թույլ է տալիս զինված ուժերի օգտագործումը՝ մասնավորապես զանգվածային անկարգություններին դիմակայելու, այդ անկարգությունները դադարեցնելու նպատակով»:

Ալումյանը հայտարարեց, որ մինչեւ 2008-ի Մարտի 1-ը մենք ունեցել ենք բավականին մեծ փորձ՝ այդպիսի խնդիրներում զինված ուժերին ներգրավելու. «Դա ամոթխած կեցվածքով փորձում են չհիշել, մոռացության մատնել, բայց այդ փորձը կա»,- ասաց Ալումյանը եւ հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը. «Օրինակ, 1992-ին Արթիկ քաղաքում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը՝ հայտարարել արտակարգ դրություն, պարետային ժամ, դրվում է ՆԳՆ-ի վրա: Եկեք ուրիշ օրինակ վերցնենք՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա եւ Փշատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական, հակահասարակական գործողությունները կանխելու, Թուրքիայի հետ ՀՀ սահմանամերձ գոտում ՀՀ անվտանգությունն ապահովող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու եւ կարգուկանոնը վերականգնելու նպատակով որոշում եմ Արմավիրի շրջանում հայտարարել արտակարգ դրություն՝ մեկ ամիս ժամանակով: Սույն հրամանագրի կատարման պարտականությունը դնել ՀՀ ներքին զորքերի, ՊՆ-ի եւ ազգային անվտանգության պետական վարչության վրա: Խնդրեմ՝ զինված ուժերը ներգրավելու մասին հրամանագիր»: Այս հրամանագիրը Տեր-Պետրոսյանն արձակել էր 1993-ի փետրվարի 8-ին:

Ալումյանի խոսքով՝ «Իսկ թե ինչ է տեղի ունեցել 1996-ին, շատ մանրամասներով ձեզ պատմելու երեւի թե անհրաժեշտություն չկա»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, զինված ուժերը ոչ թե պարզապես ներգրավվել են այդ գործընթացներում, այլ ապօրինի են ներգրավվել, այսինքն, չի եղել դրա համար հիմք, թուրքական, ադրբեջանական բանակը Մարտի 1-ին Երեւանի կենտրոնում չի եղել ու երկրի ավտանգությանը վտանգ չի սպառնացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031