Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գիտնականը` գիտաժողովը Դուբնայից Երեւան «տեղափոխվելու» մասին

Օգոստոս 27,2019 14:19

Օգոստոսի 26-ից Հայաստանում մեկնարկել է Սուպերսիմետրիաներ և քվանտային սիմետրիաներ – SQS’19» խորագրով միջազգային գիտաժողով՝ տեսական ֆիզիկայի ոլորտում: Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի (Դուբնա, ՌԴ) կողմից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող եւ գիտաժողովի համակազմակերպիչ Արմեն Ներսիսյանը, գիտաժողովին մասնակցում է ավելի քան 120 գիտնական 24 երկրից: Ներկայացվելու է 24 պլենար և 64 նստաշրջանային կեսժամյա զեկույց: Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երիտասարդ գիտնականները հանդես են գալու զեկույցներով:

Նրա ձեւակերպմամբ, այս խոշոր գիտաժողովն ավանդական է, որն անցկացվում է 1992 թվականից, սովորաբար անցկացվում է ՌԴ-ի Դուբնա քաղաքում, որտեղ գտնվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ): Գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը պատկանում է պրոֆեսոր Վիկտոր Օգիեվեցկուն: Նրա մահից հետո գիտաժողովները մշտապես կազմակերպում և ղեկավարում է նրա աշակերտ Եվգենի Իվանովը:

«Որպես բացառություն այս անգամ որոշվեց գիտաժողովն անցկացնել Երեւանում: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը միջպետական, միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է 18 երկիր: Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը: Գիտաժողովը Հայաստանում անցկացնելու նպատակն էր ոչ միայն ամրացնելու Հայաստանի հետ Դուբնայի ինստիտուտի կապերը, այլեւ Հայաստանի միջոցով լայն կապեր հաստատել տարածաշրջանային գիտաշխատողների հետ, նաեւ այն կապերի ու համագործակցությունների շնորհիվ, որ ունեն հայ գիտնականները, նրանց էլ ընդգրկել Դուբնայի ինստիտուտի շրջանակներում»,-ասաց Արմեն Ներսիսյանը:

Հարցրինք` իր կարծիքով Հայաստանը պահպանե՞լ է նախկինում ունեցած իր դիրքերը որպես ֆիզիկայի երկիր: Գիտնականը պատասխանեց, որ կարող է խոսել տեսական ֆիզիկայի մասին. «Տեսական ֆիզիկայի առումով դժվար է համեմատել այսօր եղածը 100 կամ 1000 տարի առաջ եղածի հետ, բայց այո, կասրծում եմ, մեր դիրքերը լավ են: Հայ գիտաշխատողները բավականին լավ ընդգրկված են աշխարհի գիտական հասարակության մեջ»:

Հավելենք, որ գիտաժողովին մասնակցում են տեսական ֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպես Քելլոգ Ստելլեն (Իմպերիալ Քոլեջ, Լոնդոն), Բերթ Օվրութը (Փենսիլվանիայի համալսարան), Միխայիլ Վասիլեւը (Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտ, Մոսկվա), Ստեֆան Թայսենը (Ալբերտ Այնսթայնի անվան ինստիտուտ, Պոտսդամ), Բերնար դե Վիտը (Ուտրեխտի համալսարան, Նիդերլանդներ), Գլեբ Արությունովը (Համբուրգի համալսարան), Գլեն Բարնիշը (Բրյուսելի ազատ համալսարան), Մարթին Ցեդերվալը (Չալմերսի տեխնոլոգիական համալսարան, Շվեդիա), Օլեգ Օգիեւեցկին (Մարսելի համալսարան): Զեկուցողների թվում են նաև սփյուռքահայ գիտնականներ` Գեորգի Սավվիդին (Դեմոկրիտի կենտրոն, Աթենք), Տիգրան Չրաքյանը (Դուբլինի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտ), Հովհաննես Խուդավերդյանը (Մանչեսթերի համալսարան), Կարապետ Մկրտչյանը (Պոտսդամի համալասրան):

Ներկայացված են նաև տարածաշրջանի երկրների գիտնականները` Ֆարհանգ Լորանը (Իսպահան), Ալեքսանդր Էլաշվիլին (Թբիլիսի), Օզգուր Սարիօղլուն (Անկարա), Դիթեր Վան դեն Բլեքենը (Ստամբուլ), Ֆարհադ Դարաբին (Թավրիզ), Վահիդ Հոսեյնզադեն (Թեհրան), Ջորջ Թոմփսոնը (ICTP):

Գիտաժողովը ֆինանսավորվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՅՈՒՆԵՍԿՕ հովանու ներքո գործող Տեսական Ֆիզիկայի միջազգային կենտրոնի դրամաշնորհի, ինչպես նաև երկու տարածաշրջանային դրամաշնորհների շրջանակներում: Գիտաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը պատկանում է ՄՀՄԻ Տեսական Ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն, ՌԴ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ` Դմիտրի Կազակովին, որի նպատակներից մեկն է` Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների (Վրաստանի, Իրանի, Թուրքիայի) եւ ՄՀՄԻ միջև համագործակցության խորացումը և ընդլայնումը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031