Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերաբացումը սփյուռքի՝ հայ մնալու հաղթաթղթերից մեկն է

Օգոստոս 27,2019 14:34

Կարճ պատմական ակնարկ

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1926 թվականին եգիպտահայ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից: Եղբայրները, մտահոգ լինելով Ցեղասպանության հետևանքով ասպանդական դարձած իրենց ազգի ճակատագրով, շուրջ 20 հա հողատարածք գնեցին ու կառուցեցին հայ մանուկների համար որբանոց: Որբերը, նավերով հասնելով փրկարար Կիպրոսի ափեր, ի հիշատակ իրենց ծնողների, որբանոցի շուրջ տնկեցին ծառեր, որոնք այսօր էլ դեռ անսասան ու կանգուն են:

Երբ որբերը մեծացան, ավելի նպատակահարմար դարձավ որբանոցը վերածել կրթական հաստատության. «Դպրոցը բացելով ես կլուծեմ իմ ազգի վրեժը․ թուրքերը փորձեցին վերացնել մեզ, բայց այս որբերը պիտի շարունակեն վերակառուցել մեր հայրենիքն ու դառնալ մեր նոր առաջնորդները». այս խոսքերը 1926 թ. ասել է Կարապետ աղան՝ «Մելքոնյանը» հիմնադրելիս։ Կ. Մելքոնյանը եղբոր մահից հետո ամբողջ դպրոցը կտակով նվիրաբերեց Պողոս Նուբար փաշայի ղեկավարած Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ):

Եվ իսկապես, Կարապետ Մելքոնյանը մարգարեացավ. իր հիմնադրած դպրոցը տվեց այնպիսի մտավորականներ, որոնք մի քանի սերունդների հայ կրթեցին հայկական սփյուռքի բոլոր օջախներում՝ նրանց մեջ վառ պահելով հայ ոգին: Երբ 1974թ. Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի 38 %-ը, անխնա կերպով սկսեց ռմբահարել Մելքոնյան վարժարանը. այո՛, թուրքերի համար ցանկալի չէր օտար հողում տեսնել կայացած ու հզոր հայկական կառույց:

Թշնամին ներսից է լինում

Խնդրին անտեղյակ մարդկանց մոտ հարց է ծագում՝ եթե Կիպրոսի բոլոր իշխանությունները ցանկանում են Մելքոնյանը բացված տեսնել (քիչ հետո կանդրադառնանք այս հարցին), եթե Հայաստանում սփյուռքյան դպրոցների գոյությունը համարում են կենսական անհրաժեշտություն հայկականության պահպանման համար, եթե Սփյուռքը պայքարում է իր՝ հայ մնալու համար, ապա ո՞վ է այդքան ժրաջանորեն ամեն ճիգ գործադրում, որպեսզի դպրոցը փակ մնա. Պերճ Սեդրակյան, ՀԲԸՄ 7-րդ նախագահ: Վերջինս ցանկանում է Նիկոսիայի կենտրոնում գտնվող այդ հսկայական տարածքը վաճառել ու շահույթ ստանալ՝ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար:

Կիպրոսի Հանրապետության պաշտոնական մոտեցումը

Կիպրոսի խորհրդարանի կրթության հարցերի հանձնաժողովը, որտեղ ներկայացված են երկրի բոլոր քաղաքական ուժերը, իմանալով որոշման մասին, հորդորել է Հայկական բարեգործական ընդհարուր միությանը չփակել Նիկոսիայում գործող Մելքոնյան վարժարանը:

Փակման որոշումից 8 օր անց՝ 2004թ. մարտի 24-ին, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացնում ընդդեմ վարժարանի փակման, ապրիլի 2-ին արդեն Ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը գրանցում է որպես «պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակը՝ «կանաչ գոտի», իսկ 2007թ. մարտին նույն նախարարությունն արձակում է մի հրաման, որով արգելում է Մելքոնյան կալվածքի որևիցե ձևափոխում։ Նախորդ տարի Կիպրոսի նախագահը, իսկ այս տարի՝ խորհրդարանի նախագահը կրկին վերահաստատել են իրենց մոտեցումը Մելքոնյան վարժարանի վերաբերյալ: Մեր բարեկամ Կիպրոսը…

 Սփյուռքի պահանջը

Սփյուռքի պահանջը մեկն է. բոլոր համայնքներում գործող հայկական դպրոցները ոչ միայն պիտի շարունակեն գործել, այլ նաև պիտի ավելի հզորանան՝ ներառելով ժամանակակից կրթական մոդելները, իսկ փակ դպրոցները պիտի վերաբացվեն, քանի որ ավելի մեծ առաքելություն, քան հայ ինքնության պահպանումն է՝ չկա, և որևէ այլ կառույց, քան հայկական դպրոցն է, դա անել չի կարող:

Ինչո՞ւ հենց Մելքոնյանը

  • Սփյուռքում անհրաժեշտություն կա մի կենտրոնի, որտեղ երեխաները կապրեն (այո՛, Մելքոնյանը գիշերօթիկ էր), կսովորեն՝ թե՛ արևմտահայերեն, թե՛ արևելահայերեն, և կվերադառնան իրենց համայնքներ՝ դառնալով ուսուցիչներ, մտավորականներ, մտքի առաջնորդներ:
  • Կիպրոսի աշխարհագրական դիրքը. Կիպրոսը, գտնվելով Միջերկրական ծովի արևելյան մասում, գտնվում է շատ հարմար դիրքում՝ մոտ է եվրոպական երկրներին, Հայաստանին, Ռուսաստանին, Մերձավոր Արևելքի երկրներին:
  • Մելքոնյանը ոչ միայն պիտի գործի իր նախկին ձևով, այլև դառնա ժամանակակից սփյուռքագիտական կենտրոն՝ հայագիտական հետազոտությունների, որակյալ ուսուցումով, որը կհամագործակցի աշխարհի առաջատար կրթական հաստատությունների հետ:
  • Պատճառները շարունակ կարելի է թվարկել, սակայն անդրադառնանք ամենավերջին կետին. այստեղ են գտնվում հայ մեծ բարերար Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների աճյունները՝ որբերի տնկած ծառերի հարևանությամբ: Որտե՞ղ կարող է հայկական արմատն ավելի խորը լինել, քան Մելքոնյանում…

 

«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրաշալի…Կեցցեն պայքարողները.Առաջ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031