Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«60 000 դրամով ինչպե՞ս են վերելակ նորոգելու. ներկելո՞ւ են, թե «կնոպկաներն» են փոխելու». Բաբկեն Հարությունյան

Օգոստոս 27,2019 13:52

«Երեւանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը վերջերս հարցումներ էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ ակնկալելով ստանալ պատասխաններ, թե քաղաքապետ Հայկ Մարությանի որ խոստումներն են կատարվել վերջին 11 ամսում:

«Հայկ Մարությանը  նախընտրական շրջանում խոստացել էր՝ ուսումնասիրելու են, թե մանկապարտեզներից ինչ տարածքներ են մասնավորեցվել, եւ փորձելու են այդ մասնաշենքերը վերադարձնել մանկապարտեզներին: Այս խնդրով իմ հարցմանը պատասխան չի տրվել: Երեւի ոչինչ չեն արել»,-այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բաբկեն Հարությունյանը:

Նա Երեւանի քաղաքային իշխանությունից պահանջել է նաեւ պատասխանել, թե ինչ եղավ աղբի վերամշակման գործարան հիմնելու Մարությանի խոստումը. «Պատասխանել են, որ կառավարության հետ հարցը քննարկում են ու ուսումնասիրում մասնավոր ընկերությունների առաջարկներ: Այսինքն, առարկայական որեւէ քայլ չի իրականացվել: Մարությանը խոստացել էր մասնավոր ընկերությունների համար ստեղծել պայմաններ, որպեսզի աղբի տարանջատումն ապահովվեր: Երեւի պետք է «շնորհակալ» լինենք, որ այս հարցին չեն պատասխանել: Եթե պատասխանեին, գուցե վիրավորեին մեզ: Ասելիք չկա, չեն պատասխանել»:

Բաբկեն Հարությունյանը հիշեցրեց նաեւ. «Հայկ Մարությանը խոստացել էր, որ Երեւանում եւ հարակից տարածքներում 500 հազար ծառեր կտնկվեն: Քաղաքապետարանից պատասխանեցին, որ այս մեկ տարում 10 000 ծառ եւ թուփ են տնկելու: Եթե մեկ տարում 10 000 են տնկում, 500 հազարը քանի՞ տարում են անելու: Խոստացել էր նաեւ նորոգել կամ փոխել վերելակները, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է 120 միլիոն դրամ՝ 2044 վերելակի նորոգման համար: Այսինքն, մեկ վերելակ նորոգելու համար մոտ 60 000 դրամ է հատկացվելու: Այդ գումարով ներկելո՞ւ են, թե «կնոպկաներն» են փոխելու…չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս են այդ գումարով վերելակ նորոգելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031