Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հարցը մի շարք քաղաքական ուժերի համար դարձել է քաղաքական միավոր հավաքելու հնարավորություն կամ առիթ. «Ժամանակ»

Օգոստոս 27,2019 12:51

Ակնառու է, որ Ամուլսարի հարցը մի շարք քաղաքական ուժերի համար դարձել է քաղաքական միավոր հավաքելու հնարավորություն կամ առիթ: Այստեղ իհարկե, ողբերգություն, մեծ հաշվով, չկա: Այդպիսին է քաղաքականության էությունը՝ քաղաքական նպատակների համար բաց չթողնել որևէ առիթ: Ի վերջո, դա դեռ չի նշանակում, որ առիթն օգտագործող ուժերը ամենևին չեն մտածում Ամուլսարի խնդրի բուն էության մասին: Կարող են թե՛ այդ մասին մտածել և մտահոգվել, թե՛ զուգահեռ փորձել առիթն օգտագործել իրենց քաղաքական հեռանկարի շուրջ մտածելու համար:

Քաղաքականության էությունն է այդպիսին բոլոր երկրներում, պարզապես կան տարբերություններ այդ էության որակական հատկանիշների առումով, որոնք կախված են արդեն թե՛ քաղաքական համակարգի, թե՛ հանրության հասունության ու կայացածության աստիճանից: Ահա այդ առումով կա մի առանձնահատկություն: Ամուլսարի առիթը քաղաքական միավորի համար են փորձում օգտագործել ուժեր, որոնք Ամուլսարի թեմայի տարիների ծավալման ընթացքում այն բացարձակապես չեն դիտարկել իրենց առնվազն հրապարակային օրակարգի մաս, չեն խոսել բնապահպանական խնդիրների մասին, հանրային կարծիքի մասին, իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվական ռեսուրսով չեն լուսաբանել Ամուլսարի համար բնապահպանական պայքարը: Եվ հիմա հանկարծ հայտնվել են այդ պայքարի մասնակիցների շարքում և հայտարարում են ժողովրդի կողքին լինելու մասին:

Սա, խոշոր հաշվով, անհարգալից վերաբերմունք է նույն ժողովրդի նկատմամբ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուժերը չեն խոստովանել, որ սխալվել են՝ երբ լռել են Ամուլսարի հանքի շահագործման իրավունքի հարցը լուծելիս, մի քանի տարի առաջ: Լռել են թե՛ խորհրդարանական երկրորդ ուժ եղած ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն, որն այդ շրջանում ուներ անգամ բնապահպանության նախարարի պորտֆել: Վերաբերմունքն անհարգալից է այն առումով, որ հանրությունը դիտարկվում է քաղաքականապես և քաղաքացիականապես անմեղսունակ, որը ունակ չէ հարց տալու այդ ուժերին, թե ինչու են Ամուլսարի մասին հիշել հիմա: Հարց գուցե ոչ ոք չի էլ տա, որովհետև կհամարեն պարզապես ավելորդ, այն պարզ պատճառով, որ հանրությանն այդ հարցի պատասխան չի էլ հետաքրքրում՝ թե ինչ կասեն այդ ուժերը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031