Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայում տարածք կորցրած կնոջը դատարանում պարտված ՍՊԸ-ն դիմել է ՍԴ

Օգոստոս 27,2019 12:30

2005թ.-ին ՀՀ քաղաքացի Լյուբով Փիլոյանի ընտանիքը կորցրել է Հյուսիսային պողոտային հարող իրենց տարածքը, որը ճանաչվել է գերակա շահ, իսկ 2005թ.-ին Վերաքննիչ դատարանում Փիլոյանի եւ պետության միջեւ կնքվել է հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ Փիլոյանն իր սեփականությունը հանձնում է պետությանը, որը որպես փոխհատուցում տրամադրում է Փիլոյանին պատկանած բնակելի տարածքի հարեւանությամբ գտնվող հողամասը՝ 99 տարի ժամկետով եւ կառուցապատման իրավունքով: Համաձայնագիրը մտավ ուժի մեջ, բայց կատարումը, Փիլոյանի շահերի ներկայացուցչի բնորոշմամբ, խնդրահարույց էր:

«Մեդիա կենտրոն»-ում այսօր Փիլոյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը կրկին լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս հարցի վրա: Նշեց, որ դեռեւս 2006թ.-ին Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշում կայացրեց հողամասը Փիլոյաններին տրամադրելու վերաբերյալ իր նախկին որոշումը չեղյալ համարելու մասին, ինչի հետեւանքով դատական գործընթացներ սկսվեցին քաղաքապետարանի դեմ: Ըստ փաստաբանի՝ 2008թ.-ին Երվանդ Զախարյանն այն հողամասը, որը պետք է տրամադրվեր Փիլոյաններին, օտարման ձեւով վաճառել է ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանին պատկանող ՍՊԸ-ին. «Այդ սեփականությունը Փիլոյաններից վերցրել էին պետական կարիքների համար, բայց դրա անվան տակ նկատի են ունեցել Արա Աբրահամյանին հանձնելու գործընթացը: Խոսքը «Մանկական աշխարհ»-ի հետնամասում գտնվող հողամասի հարեւան հատվածի մասին է: Կարողացանք հասնել նրան, որ դատական կարգով Լյուբով Փիլոյանի իրավունքները 2015թ.-ին վերականգնվեցին մասնակի, երբ ՍԴ-ն կայացրեց որոշում՝ Փիլոյանի դիմումի հիման վրա: Այդ որոշմամբ ՍԴ-ն գտավ, որ Փիլոյանի սեփականության իրավունքը խախտվել է, որ առանց փոխհատուցման սեփականությունից զրկելն արգելված է Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով»:

ՍԴ այս որոշման հիման վրա փաստաբանը Վարչական դատարանից պահանջել է Երվանդ Զախարյանի վերոնշյալ որոշումը չեղյալ ճանաչել եւ վերացնել հողամասը ՍՊԸ-ին օտարելու գործարքը. «Վարչական դատարանը 2017թ.-ին մեր հայցը մերժեց, այն բողոքարկեցինք Վերաքննիչ վարչական դատարանում, որը նախորդ տարի բավարարեց մեր որոշումը՝ ճանաչելով նախկին քաղաքապետի որոշման առ ոչինչ լինելը: ՍՊԸ-ի իրավունքներն այդ կերպ չեղարկվեցին: Քաղաքապետարանն ու ՍՊԸ-ն վճռաբեկ բողոք բերեցին, որը մերժվեց: Կարծես թե կարելի էր ենթադրել, որ ՍԴ եւ Վերաքննիչ դատարանի որոշումները հաշվի առնելով՝ Փիլոյանի  իրավունքները վերջապես կգրանցվեին կադաստրում, սակայն կադաստրը եւ քաղաքապետարանը շարունակաբար ձգձգում են: Այսօր էլ Փիլոյանի իրավունքների գրանցման դիմումը ոչ մերժել են, ոչ բավարարել»:

Մոտ 15 տարվա այս պատմությունը փաստաբանին հիմք է տալիս մտածելու, որ պետական հիմնարկներում, այդ թվում՝ քաղաքապետարանում եւ կադաստրում, դեռ առկա են նախկին ռեժիմին սպասարկած պաշտոնյաները, որոնք կոռուպցիոն կապերով կարողանում են իրավիճակի վրա ազդել. «Այստեղ Արա Աբրահամյանին աջակցելու միտում կա»: Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 19-ին ինքը տեղեկացել է, որ դատարանում պարտված ՍՊԸ-ն դիմել է ՍԴ, դիմումը վարույթ է ընդունվել. «ՍՊԸ-ն վիճարկել է ոչ թե օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը, այլ վարչական վերաքննիչ դատարանի՝ այդ օրենքին տված մեկնաբանությունը»: Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նույն ՍՊԸ-ն դրանից առաջ նույն դիմումն է մուտքագրել ՍԴ, որը վարույթ չի ընդունվել, բայց այս դեպքում՝ ՍԴ դատավորների արդեն իսկ փոփոխված կազմով, դիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը կհրապարակվի օրերս:

https://www.facebook.com/aravot.am/videos/409472156654259/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031