«Երեւանում կկառուցվի 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր, որը կունենա անմոռուկի տեսք։ Շենքի ճարտարապետական նախագծման աշխատանքներն իրականացնելու է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը։ Շենքը նախագծողների հավաստիացմամբ՝ 5-6 տարի անց «Անմոռուկ» կոչվող համալիրը պատրաստ կլինի, որտեղ կլինեն ժամանցի տարբեր վայրեր, լողավազան, զբոսայգի, ծիրանի եւ խաղողի այգիներ։
Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի համար չափազանց անհանգստացնող է Երեւանում 71 հարկանի շենքի կառուցման փաստը։ «Ամենայն հարգանքով վերաբերվելով Ավիկ էլոյանին՝ պետք է անդրադառնամ այդ շենքի հետ կապված մի շարք խնդիրների, որոնք մտահոգիչ են։ Նախ՝ շենքը բարձր է, որովհետեւ պետք է շահավետ լինի ներդրողի համար, բայց հարցն այսպես չի կարող դրվել, քանի որ առաջնահերթ պետք է խոսել ժողովրդի եւ քաղաքի շահի մասին։ Սա մի շարք փակագծեր է բացում, եւ մենք հասկանում ենք, որ քաղաքաշինությունը ենթարկվում է առանձին մարդկանց շահին։ Այդպես չի կարող լինել, թեպետ այդպես է եղել երկար տարիներ՝ 20 տարի շարունակ»։
Մյուս խնդիրը, որը, ըստ ճարտարապետի, չափազանց անհանգստացնող է, այն է, որ շենքի տեղը դեռ որոշված չէ, թեպետ նախնական նշվել է, որ այն պետք է կառուցվի Իսակովի պողոտայի հարեւանությամբ. «Հայտարարվեց, որ համատարած կանաչի շրջապատում այդպիսի կառույց պետք է լինի, որն իր հետ պետք է բերի տրանսպորտային հոսքեր, ճանապարհների խնդիր, դա ընդունելի չէ։ Մյուս կողմից պարզվում է, որ շենքը որոշակի տեղ չունի, ինչն էլ ավելի ընդունելի չէ, որովհետեւ եթե առաջինի դեպքում ընտրված տեղը մեծ խնդիրներ է առաջացնում, ապա 2-րդի դեպքում չես կարող խոսել, քանի որ տեղը դեռ չկա։ Բայց ինչպես կարող է երկրի ամենաբարձր կառույցն անորոշ կարգավիճակում լինել։ Սա ընդհանրապես խոսում է քաղաքաշինական այս ամբողջ կառուցվածքի բացակայության մասին։ Ինչպես կարող է երկրի ամենամեծ կառույցը չանցնել մասնագիտական եւ հասարակական քննարկումներ, մասնագետներն ու բնակչությունը չհայտնեն իրենց կարծիքը։ Ինչի՞ է դա բերելու, եւ ի՞նչ ռիսկերի հետ է կապված այդ չափի բարձր կառույցի գոյությունը։ Միայն երկրաշարժի խնդիրը չէ, չնայած որ դա կարեւորագույն հարց է, որովհետեւ մարդկանց անվտանգության հետ է կապված, բայց ասել, որ դա անվտանգ է, եւ ասել մի փաստի առնչությամբ, որը չկա, ճիշտ չէ։ Կարելի է հստակորեն ասել, որ դա վտանգավոր է, բայց ասել, որ դա անվտանգ է՝ չիմանալով, թե ինչպես պետք է դա իրականացվի, չունենալով վերջնական այդ նախագիծը՝ անլուրջ է»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում