Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսար. պետության քննությունը հասարակության եւ ներդրողների առաջ

Օգոստոս 27,2019 22:00

Ի՞նչ է եղել Հայաստանում անցած քսան տարիների ընթացքում, ինչպե՞ս է երկիրը «կառավարվել». դրա մասին պատկերացում կազմելու համար բավական է տեսնել, թե ինչ է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում, այն իրավիճակի խտացված պատկերն է։

Իրողությունները միանգամայն «օրենքով» են, ամենը «թղթով ճիշտ է», սակայն դրանից չի թեթեւանում այն զգացողությունը, որ երկիրը պարզապես ենթարկվել է ռեյդերային զավթման։ Ի վերջո, դա ի՞նչ բիզնես է, այն էլ «օգտակար» պետության համար, երբ հանքատերը ստանում է մեծ օգուտներ, այլանդակելով բնությունը, իսկ մեզ թողնելով թունավոր պոչամբարներ՝ անորոշ ապագայով։

Հեղափոխության արդյունքում երկրի ապագայի համար պատասխանատվությունը ստանձնած քաղաքական թիմը փորձում է քայլեր մշակել՝ ուղղված այս ոլորտում տիրող թալանը կասեցնելուն, պետության եւ հասարակության շահը հանքատերերի շահերի հետ առնվազն բալանսավորելու ուղղությամբ։ Այդ իմաստով «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը դարձել է պետության համար մի յուրովի քննություն, որն այն դեռ պետք է հանձնի հասարակությանը եւ ներդրողներին։

Համենայնդեպս, պետք է փաստել, որ կատարվածը եւ կատարվողը հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական եւ տնտեսական անվտանգության, երկրի ինքնիշխանության տեսակետից՝ ուղղակի անընդունելի է, եւ դրա մասին բազմիցս է ասվել դեռ մինչեւ հեղափոխությունը, նաեւ ասվել է, որ այս ամենը բացատրություն չունի, եթե մեջտեղից հանում ենք կոռուպցիոն տրամաբանությունը։ Հետեւաբար, այս ոլորտը կարգի հրավիրելը մեծ հաշվով նաեւ անհրաժեշտ է համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։

Վարչապետ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում ներկայացրեց նոր մոտեցումն այս ուղղությամբ. զրո լիտր կեղտոտ ջուր՝ բնության մեջ։ Բնապահպան ակտիվիստներն էլ հարց են բարձրացնում. իսկ որքանո՞վ է դա իրատեսական, մանավանդ Ամուլսարի պարագայում, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը եւ հնարավոր առնչությունները հանքային ջրերի ավազանի եւ Սեւանը սնուցող գետերի եւ ջրամբարների հետ, ցիանիդային տեխնոլոգիայի կիրառումը, պայթեցումները, փոշին եւ այլն։

Ի՞նչ է լինելու Հայաստանի տարբեր մարզերում գոյացած «թղթով ճիշտ», «անվտանգ» պոչամբարների հետ։ Այդ պոչամբարների հեղինակ ընկերություններն ի՞նչ պարտավորություն են ստանձնում այդ տարածքների վերականգնման հետ կապված եւ ի՞նչ ժամկետներում։ Այս հարցը բարձրացնելու նպատակ կա՞, թե՞ ոչ։ Եվ կա՞ արդյոք այդ հարցի գոնե մոտավոր պատասխանը։ Համենայնդեպս, բացի «Լիդիանի» կողմից ներկայացված «մուլտֆիլմ»-հոլովակից, որի արժանահավատությանը կասկածելու իրավունքը հասարակությունն ունի, այլ ընկերությունները խոսք անգամ չեն ասում, թե ի՞նչ է լինելու իրենց գործունեության արդյունքում գոյացած պոչամբարների հետ, ի՞նչ է լինելու այն հսկայական տարածքների հետ, որտեղ հումք է արդյունահանվում՝ Զոդում, Սյունիքում, Լոռիում եւ այլն։

Ըստ էության, վարչապետ Փաշինյանը պետք է ընտրեր վատի եւ վատթարագույնի միջեւ, եւ նա խոսեց պետության բալանսավորված շահը հետապնդելու անհրաժեշտության մասին։ Մի կողմից, ակնհայտ է, որ եթե «Լիդիանը» կամ մի այլ ընկերություն այսօր հայտ ներկայացներ հանքարդյունաբերական գործունեություն Հայաստանում ծավալելու վերաբերյալ՝ մերժվելու էր։ Համենայնդեպս, նման հետեւություն անելու հիմքեր են տալիս երկրի զարգացման այն առաջնահերթությունները, որոնք հրապարակայնորեն հայտարարված են, եւ հանքարդյունաբերության ընդլայնումը դրանց մեջ չի մտնում։ Սակայն, մյուս կողմից, Հայաստանը որպես քաղաքակիրթ պետություն բազմաթիվ միջազգային պարտավորություններ է ստանձնել, կապված արտասահմանյան ներդրումների եւ ներդրողների հետ, եւ տնտեսական հեղափոխությունը, մինչեւ 2050թ նախանշված հավակնոտ նպատակներն առանց ներդրումների եւ ներդրողների՝ չեն կարող իրականություն դառնալ։

Սակայն, քաղաքակիրթ պետության կարեւորագույն չափանիշներից մեկը 21-րդ դարում բնապահպանական մշակույթն է, ինչպես նաեւ չափորոշիչները, որոնց խիստ պահպանման երաշխավորը, բնականաբար, պետությունն է։ Ուստի եւս մեկ հարց է բաց մնում. պետությունն ունի՞ արդյոք պատշաճ ինստիտուցիոնալ, տեսչական-փորձագիտական հնարավորություններ, որպեսզի հետայսու «բռնացնի» այդ հիպոթետիկ «մեկ լիտրը», որը կլցվի բնության մեջ առանց մաքրելու, ինչպես նաեւ՝ այն ձեռքը, որն այդ «մեկ լիտրը» պետությունից գաղտնի կլցնի եւ կաղտոտի շրջակա միջավայրը։ Թերեւս, պետությունը դեռ պետք է հանրությանը լրացուցիչ վստահեցնի իր՝ նման կարողությունների առկայության մեջ։

Բնապահպանական շարժումը Հայաստանում կարեւորագույն առաքելություն ունի այդ իմաստով՝ խթանելով պետության արդյունավետ գործունեությունն այս ուղղությամբ։ Սակայն, դա հնարավոր է, երբ այդ շարժումը, նախ, ձեռնպահ կմնա էկո-ծայրահեղական փիլիսոփայությունից, որն, ըստ էության,ապակառուցողական է եւ ընդդեմ առաջընթացի, ինչպես նաեւ մեծ ռիսկ է պարունակում՝ վերածվելու այլ շահեր հետապնդողների ռազմավարության «օգտակար ապուշների» (դրա եվրոպական փորձը կա, երբ Սառը պատերազմի տարիներին մարդկանց անկեղծ մտահոգությունները որոշ շրջանակներում ուղղորդվում էին խորհրդային հատուկ ծառայությունների կողմից)։ Նաեւ, Հայաստանի էկոակտիվիստները կարիք ունեն սեփական կարողությունների մեծացման, որպեսզի ձեռքի տակ ունենան համապատասխան որոշակի սարքավորումներ՝ փաստարկները փաստերով ամրապնդելու համար։

Անշուշտ, վերջին հաշվով, Հայաստանը պետք է մաքրվի հանքերից ժամանակի ընթացքում։ Հայաստանը ոչ թե պետք է հանքանյութ արդյունահանի փող ունենալու համար, այլ փող ունենա այնքան, որպեսզի ցանկացած հումք կարողանա գնել սեփական արդյունաբերության համար։ Այսօրվա Հայաստանն ինչ-որ բաներ արդեն ունի, բայց դա դեռ անբավարար է, մեր երկիրը դեռ այդ մակարդակի չի հասել, չունենք, ասենք, սեփական «Տեսլան», Սիլիկոնային հովիտը, որտեղ աշխատում են բազմամիլիարդ շրջանառությամբ մի քանի տասնյակ ընկերություններ։ Եվ հասարակության մեջ ծավալված բանավեճը ոչ թե պետք է նաեւ բարոյապե՛ս թունավորի մթնոլորտը, այլ արագացնի երկրի զարգացումը, եւ դրա համար անհրաժեշտ են չգրված խաղի կանոններ։ Արդյոք դա հնարավո՞ր է։ Հայաստանի հասարակությունը բազմիցս է ապացուցել, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հարգելի Ռուբեն Մեհրաբյան, ձեր մեկնաբանությունները միշտ գնահատել եմ ևս այն պատճառով, որ նրանց մեջ միշտ առկա էր փաստավորված հստակ դիրքորոշում։ Ամուլսարի դեպքում այն չկա, ինչը ապացուցում է այն փաստը, որ այստեղ չի կարող լինել մեկ և միանշանակ ճիշտ լուծում։ Ձեր դատողություններում Դուք բարձրացնում եք մի շարք կոնկրետ հարցեր՝ արդյոք մենք ունենք “ձեռքը” բռնելու մասնագիտական կարողություններ և ինքներդ էլ լավ հասկանում եք, որ այս հարցը հռետորական է։ Իհարկե, չունենք։ Եվ Վարչապետի դռնեդուռ ընկնելը մասնագիտական տեղեկատվություն հայթհայթելու նպատակով, ընդորում տարբեր նեղ մասնագիտական ոլորտներում, ապացուցեց այս պնդումը։ Մենք ոչինչ չենք ձեռք բերել այս տարիների ծածկադմփոցային քաղաքական համակարգի ներքո։ Եվ այսօր Ամուլսարի լինելու-չլինելու պատասխանատվությունը վերցնելու է իր վրա մեկ մարդ, իսկ մենք կգնահատենք։

    • Այլ քաղաքացի says:

      Այն, որ Ռուբեն Մեհրաբյանը չունի փաստավորված հստակ դիրքորոշում այս հարցում, դա խոսում է ոչ թե այն մասին, որ այստեղ չի կարող լինել մեկ և միանշանակ ճիշտ լուծում, այլ խոսում է այդ քաղաքագետի քաղաքական երկերոսանիության մասին: Կամ ի՞նչ է նշանակում ձեր մյուս միտքը. ՛՛Եվ այսօր Ամուլսարի լինելու-չլինելու պատասխանատվությունը վերցնելու է իր վրա մեկ մարդ, իսկ մենք կգնահատենք՛՛: Ասինքն ի՞նչ, ժողովուրդը պիտի ջայլամի դիրք ունի, իսկ Հայաստանի տարածքի 0,21%-ը ու Որոտան ու Արփա գետերի զգալի մասն աղտոտեն ծանր ու ռադիոակտիվ մետաղներով: Չէ, դա կոպտագույն սխալ կլինի: Դուք կարող եք ընտրել ստատիստի դերը, բայց ժողովրդի մեծ մասը էդ տարբերակին համաձայն չի…:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/27/1062446/?replytocom=1195534#respond

      © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/27/1062446/?replytocom=1195534#respond

      © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/27/1062446/?replytocom=1195534#respond

      © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031