Լրահոս
Օրվա լրահոսը

Չերչիլն ու Խանջյանը

Օգոստոս 27,2019 12:00

Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացման մասին, ի տարբերություն ժողովրդավարության, խոսակցություններն սկսվեցին ավելի ուշ, հավանաբար 1995թ. սահմանադրական նախագծերի քննարկումների ժամանակ։ Ինչպես մինչ այդ ժամանակաշրջանը, այնպես էլ այսօր, ենթադրում եմ, որ մեր հասարակության գերակշիռ մեծամասնության համար, իրավական պետություն հասկացությունն, այն է՝ իրավունքի եւ օրենքի երկիր ունենալը, ոչ միայն առանձնապես ընկալելի, նաեւ ընդունելի չի. «… Մեկն ըլնի ժողովրդի մասին մտածի… ի՛նչ օրենք, ի՛նչ բան, բոլորին նստցնել… Էս Նիկոլը խի՞ չի սաղին նստցնում եւ այլն»:

Միաժամանակ, այդ մեծամասնությունը պատրաստ է դիմելու  իր շահերից բխող  ցանկացած անօրինականության, բռնվելու դեպքում էլ. «…Արա, էս երկիր չդառավ, ո՞նց եք ստեղ ապրում…»։ Իրապես իրավական պետության կառուցմանը հնարավոր է հասնել միայն իշխանության ճյուղերի հստակ տարանջատմամբ, ողջ դատաիրավական համակարգի (քննչական մարմիններ-դատախազություն-դատարաններ շղթայի) օրենսդրորեն ինքնուրույնության եւ անկախության երաշխավորմամբ: Բայց, արդյո՞ք միայն։

Անհրաժեշտ է եւս մի քանի կարեւոր հանգամանք հաշվի առնել՝ տվյալ ժողովրդի իրավական մշակույթը, հատկապես, այսպես կոչված անցումային շրջանում, դատաիրավական համակարգի նույնիսկ սահմանադրա-օրենսդրական երաշխիքների պարագայում, գործադիր իշխանության եւ նրա ղեկավարի պետական լծակներին տիրապետելու  հզորությունը , ինչպես նաեւ նույն դատաիրավական համակարգի աշխատողների ներքին կաշկանդվածությունն ու հպատակության զգացողությունը երկրի ղեկավարի նկատմամբ։ Այս պարագայում չափազանց անհրաժեշտ է հենց պետության ղեկավարի անձնական օրինակը։ Նկատի ունեմ, որ պետության ղեկավարը չգայթակղվի ունեցած մեծ լիազորություններով, չտրվի արքունիքի հաճոյախոսություններին, ազգական-բարեկամ-ընկերների հորդորներին, ամենակարեւորը՝ «ժողովրդի ցանկություններին»  եւ այլն։

Ինչո՞ւ հանկարծ որոշեցի այսպիսի մտքեր ներկայացնել։ Համարեք, որ վերը շարադրվածը նախաբան էր։ Ուղղակի հիշեցի դեռեւս 2000-ականների սկզբներին այս թեմայով արվեստագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ սուրճի շուրջ մեր զրույցը։ Հենրիկ Հովհաննիսյանը  շատ հետաքրքիր, երկու նմանատիպ  օրինակներ բերեց աշխարհագրորեն, պատմական ու մշակութային  տարբեր ավանդույթներ ունեցող երկրներից՝ Անգլիա եւ, որքան էլ զարմանալի թվա, Խորհրդային Հայաստան։ Փորձեմ հիշողությամբ վերականգնել Հենրիկ Հովհաննիսյանի պատմածը.

Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը (ի դեպ՝ միայնակ, առանց թիկնապահների) գնացքով մեկնում է որսի։ Արդեն գնացքի  ընթացքի ժամանակ հսկիչը մտնում է վագոն եւ ստուգում ուղեւորների տոմսերը։ Չերչիլը մոռացած է լինում տոմս գնելը։ Եվ չնայած հսկիչը ճանաչում է հանրահայտ վարչապետին, այնուամենայնիվ, նրան տուգանում է, իսկ Չերչիլը ոչ միայն չի դիմադրում, այլեւ ողջունում է հսկիչի արարքը։

ՀԽՍՀ  Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը երեկոյան որոշում է գնալ թատրոն։ Ներկայացման սկզբից մի քանի րոպե ուշանում է, եւ թատրոնի պահակը նրան ներս չի թողնում, պատճառաբանելով, որ երրորդ զանգից հետո արգելվում է դահլիճ մտնել։ Խանջյանին ուղեկցող օգնականը (հավանաբար՝ թիկնապահ) պահակին զգուշացնում է, որ Աղասի Խանջյանն է, Կենտկոմի առաջին քարտուղարը։ Պահակը հանգիստ պատասխանում է, որ ինքը շատ լավ ճանաչեց ընկեր Խանջյանին, բայց չի կարող օրենք խախտել։ Խանջյանը շնորհակալություն է հայտնում պահակին եւ վերադառնում տուն։

Ահա, այսպիսի աներեւակայելի բաներ…

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հենց այդ պատճառով էլ Խանջյանին չթողեցին կարգուկանոն ստեղծել մեկ առանձին հանրապետությունում…..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031