Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը լծվել է իր ստեղծած պատային իրավիճակում հայտնված տնտեսվարողներին տուգանելու գործին. «Ժամանակ»

Օգոստոս 27,2019 10:16

Արդեն 3 ամիս է, ինչ նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ ՊԵԿ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, չգիտեն էլ՝ երբ կլինի և հորդորում են տուգանքներից խուսափելու համար «ձեռքի վրայից», list.am-ից ձեռք բերել ՀԴՄ սարքեր։ Նկատենք, սակայն, որ նույն «ձեռքի վրա» ՀԴՄ սարքերը վաճառվում են կրկնակի թանկ՝ 90-170-180 հազար դրամով։ Մինչդեռ հիշում ենք, որ փետրվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին պետք է վաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն:

Իսկ ՊԵԿ-ը ոչ միայն տնտեսվարողներին չի ապահովում ՀԴՄ սարքերով, այլև վերջին օրերին անցել է գրոհի՝ համատարած տուգանելով այն տնտեսվարողներին, որոնք վաճառք են իրականացնում առանց ՀԴՄ սարքերի։

Նշենք նաև, որ կառավարությունը, այս տարվա մարտի 29-ի որոշմամբ, ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացն ազատականացրեց՝ թույլատրելով թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց ներկրել նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ Բայց դրանից, փաստորեն, խնդիրը չլուծվեց։ Առ այսօր որևէ անհատ այս սարքերի ներկրման բիզնեսով չի զբաղվում, և փաստացի լուրջ խնդիր է առաջացել, որի լուծման հնարավորությունները նկատելի չեն։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը արդեն իսկ ահազանգում է, որ ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ սարք չունենալու համար տուգանքները ոչ միայն անհապաղ պետք է կասեցվեն, նաև պետք է անվավեր համարվեն արդեն իսկ կայացված ակտերը։ «Ընդամենը 2 ամսվա կյանք ունեցող, օրենքի տառին համապատասխան գրանցված և հարկերը մուծող Ա/Ձ-ին տուգանել ՀԴՄ սարք չունենալու համար, այն սարքի, որի ապահովումը միշտ եղել է ՊԵԿ պատասխանատվության ներքո, իսկ հիմա բացարձակ անհնար է ճարել։ Ստեղծել պատրանք, թե դաշտն ազատ է, յուրաքանչյուրը կարող է ներկրել, լռել այն մասին, թե որքան բարդ ու երկարատև աշխատանք է պահանջվում դրանց ծրագրային ապահովումն ու հայաֆիկացումը կազմակերպելու համար։ Ստեղծել մի իրավիճակ, թե բիզնեսը պահանջեց ու գցեց ոտքին։ Իսկ ո՞վ պահանջեց ՊՈԱԿ-ի ներկրումը միանգամից դադարեցնել, իսկ ո՞վ ասաց, որ բիզնեսը միանշանակ կարող է, իսկ ո՞ւր են պետական զգուշավորությունն ու ապահովագրումը ֆորս մաժորային իրավիճակներից։ Ինչո՞ւ երեք ներկրելու հայտ ներկայացրած անհատներից հիմա միայն մեկն է մնացել դաշտում։

Նրանք, կարծեմ, դեռ փետրվարին հայտարարում էին, թե արդեն ներկրել են, ուղղակի իրենց թույլ չեն տալիս վաճառել։ Ինչո՞ւ է հիմա պատրաստվում ներկրել 2 տեսակ ՀԴՄ սարքեր (վճարային համակարգով և առանց), երբ Հայաստանում, ըստ օրենքի, կարող է գործածվել միայն վճարայինովը։

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը մի այլ կարգի ժրաջանությամբ լծվել իր կողմից ստեղծած պատային իրավիճակում հայտնված տնտեսվարողներին տուգանելու սուրբ գործին։ Եվ վերջապես, ո՞վ է սրա պատասխանատուն՝ ՊԵ՞Կ-ը, Ֆիննա՞խը, թե՞ ամբողջ կառավարությունը»,- ՊԵԿ-ին հարցադրումներ է առաջադրել Գրիգորյանը։

Սոնա Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031