Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի ձայնը

Օգոստոս 27,2019 10:00

Պատկերացրեք, որ 2016 թվականի հուլիսին հանրաքվեի դրվեր հարցը՝ «արդյոք ճի՞շտ եք համարում ՊՊԾ գնդի վրա հարձակվելը եւ մարդ սպանելը»: Վստահ եմ, որ հայաստանցիների 90 տոկոսը դրական պատասխան կտար այդ հարցին: Եվ խնդիրն այստեղ մարդկանց գրագիտության կամ անգրագիտության մեջ չի: Հարձակմանը կողմ էին (եւ հիմա էլ են արդարացնում՝ բայց առանց նախկին խանդավառության) նաեւ միանգամայն գրագետ մարդիկ, ուսյալ մտավորականներ: Գրագիտությունն այստեղ կապ չունի՝ խնդիրը ամբոխավարությունն է, հոսանքին դեմ չգնալը, զանգվածային կրքերին տուրք տալը:

Ուզո՞ւմ եք՝ հանրաքվեի դնենք հարցը՝ համաձա՞յն եք արդյոք, որ պետք է ձերբակալել Սերժ Սարգսյանին:

Կամ՝ որ պետք է արգելել փակ տարածքներում ծխելը, իսկ ծխողներին տուգանել մեծ գումարներով: Կասկածո՞ւմ եք, թե ինչ պատասխաններ կտա ճնշող մեծամասնությունը:

Ինչպիսի՞ն է հանրաքվեի «օրինական բազան»: Համապետական հանրաքվեն իրականացվում է Սահմանադրության 204-րդ հոդվածով, որում, մասնավորապես, ասվում է. «Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի»: Այսինքն` կոնկրետ այսօրվա թնջուկի հետ կապված նախեւառաջ պետք է լինի օրինագիծ, որն արգելում է Ամուլսարի հանքի շահագործումը, այդ օրինագիծը պետք է մերժվի եւ հետո 300 հազար քաղաքացիների ստորագրությամբ դրվի հանրաքվեի: Իհարկե, շատ ավելի հեշտ է անցկացնել տեղական (համայնքային) հանրաքվե, ասենք, Ջերմուկ համայնքում, որն ընդգրկում է նաեւ Գնդեվազ գյուղը: Չնայած այդ համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության բացասական կարծիքը հանքի մասին անձամբ ինձ մոտ որեւէ կասկած չի հարուցում:

Եվ ի՞նչ: Եթե պետության եւ տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետք է հանրաքվեով լուծվեն, ապա, ինձ թվում է, այդ դեպքում կառավարություն ընդհանրապես պետք չէ: Օրինակ, այս կամ այն ձեռնարկությանն արտոնություն տալու հարցը ինչո՞ւ է որոշվում կառավարության նիստում: Կարելի է ժողովրդին հարցնել՝ նա ուզո՞ւմ է, որ այդ ձեռնարկությունն արտոնություն ստանա, թե ոչ:

Իսկ Ամուլսարի հարցում մեր հարգարժան բնապահպանները կարող են չանհանգստանալ: Վերջին շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր կառավարությանը շատ է պետք, որ իրեն սիրեն, եւ, հետեւաբար, նա («նոր ՇՄԱԳ»-ի միջոցով հետաձգելով խնդիրը), ի վերջո, «կլսի ժողովրդի ձայնը»:

Ստամբուլյան կոնվենցիան նույնպես պետք չէ վավերացնել: Ժողովուրդը կարող է ընդվզել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովուրդն է գերագույն իշխանությունը եւ գերագույն պատասխանատուն, դրա համար, որպեսզի Ձերդ Գերազանցությունը ճիշտ որոշում կայացնի հանրաքվեի ժամանակ, լրագրողներից կխնդրեի, որ ժողովրդին ներկայացնի հայտնի հարգված մարդկանց կարծիքներից ընտրանի:

  2. Seyran says:

    Հայտնի հարգված մարդիկ,ցավոք,շատ քիչ են որպեսզի նրանց կարծիքը մեծամասնության կարծիք ընդունենք…..

    • Լավատես says:

      Կարծում եմ բարդ բան չկա, ամեն մարդ այս կամ այն չափով այս կամ այն հարցում վստահում է որոշակի մարդկանց, օրինակ, ես Ամուլսարի հարցում վստահում եմ ոչ թե ինչ որ մասնագետների ասածներին, այլ ասենք Թանկյանին, ինչո՞ւ նրան, որովհետեւ նա նախքան իր կարծիքը հայտնելը այդ հարցում անպայման կխորհրդակցի տարբեր բնագավառների մասնագետների հետ ու նոր միայն կարտահայտվի, որովհետեւ նա սովորական մարդ չի, նրա խոսքը բարձր գին ունի ու ոչ ոք էժանագին ու սուտ բաներ նրան խորհորդ չի տա:

  3. Քաղաքացի says:

    Ամուլսարի հարցում մենք հասկացանք, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը ընկած է մեկ մարդու վրա, ինչ-որ տեղ, դա այդպես էլ պիտի լիներ՝ երկրի ղեկավարը նա է, սակայն որոշում կայացնել, հիմնվելով համապատասխան կառույցների մասնագիտական կարծիքի վրա՝ քնչական, բնապահպանական, իրավաբանական, քաղաքագիտական և այլ։ Սակայն պարզվեց, որ նույնիսկ նեղ մասնագիտական հարցերում իշխում է սեփական շահերից ելնելով սեփական գլուխը պատասխանատվությունից պրծացնելու արտահայտված երևույթը և պարզապես դավադիր ուժերին աջակցելու հանգամանքը ։ Այս ամենը պարզ դարձավ, երբ կառավարության նիստի սղագրությունը, առաջին անգամը լինելով, հրապարակվեց։ Նեղ մասնագիտական շրջանակները անմիջապես բարձրաձայնեցին, որ Վարչապետին միտումնավոր մոլորության մեջ են գցում։ Այն որ կառավարությունը “ականապատված է”, սա ինձ համար այլևս փաստ է։ Նույն մեր նախագահ, Արմեն Սարգսյանը, որին ժողովուրդը հարգում է, փորձառու դիվանագետ, կանգնած է եղել Ամուլսարի գործարքի ակունքներում, միջազգային արբիտրաժի կարգավորող է հանդես եկել։ Ի՞նչն է պատճառը, որ այսօր այդ հարցի միակ պատասխանատուն, Նիկոլ Փաշինյանն է։ Ես ունեմ իմ պատասխանը՝ քաղաքականության մեջ ամեն քայլ ունի իր “գինը”։ Անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա այս հարցը, բոլոր դեպքերում պարտվողը լինելու է Փաշինյանը։

  4. Քաղաքացի says:

    Պարզապես մտքեր
    – Ժողովուրդը մշտապես հավատում է առասպելներին, որովհետև երբև է արժանահավատ աղբյուրներ չի ունեցել
    – Ոչ միայն մեր, այլ ՑԱՆԿԱՑԱԾ կառավարությանը շատ է պետք, որ իրեն սիրեն, այդ իսկ պատճառով Վարչապետը դռնեդուռ ընկած տեղեկատվություն է հայթհայթում իրավաբանական, բնապահպանական և մնացած ոլորտներից, քանի որ նրանցից և ոչ մեկը ի վիճակի չէ պատասխանատվություն կրել նույնիսկ իրենց ոլորտի համար, ուր մնաց երկրի շահ կոչվածի համար
    – Հայաստանի քաղաքագետները, մեկնաբանները և պարզապես պոռոտախոսները, որոնք խոսքի մեկ հարվածով խնդիրներ են լուծում, մատները ծալելով թվարկում են չլուծված խնդիրները, Ամուլսարի օրինակի վրա թող տեսնեն, որ տեսականորեն ամեն ինչ շատ պարզ է և միանշանակ, իսկ իրական կյանքը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, ինչի համար պետք է ունենալ թե կամք, թե խելք, թե պատասխանատվություն կրելու խիզախություն։
    – Փաշինյանը, ինչ խոսք, մեղավոր է, որ չի կարող իրականացնել հայության բոլոր իղձերը միանգամից։ Ինչպես ասել է մի մտավորական, վիզ է վերցրել, թող տակից դուրս գա։ Իսկ մենք կգնահատենք։

  5. Alfred says:

    ինչպես ասում է Ստեփան Փարթամյանը։հայերիս հիսուն տոկոսը հետամնաց է։ պետք է կրթվեն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031