Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկում ունենք, գյուղացին աղքատ է մնալու». տնտեսագետը վերլուծում է փոխվարչապետի հրապարակած թվերը

Օգոստոս 26,2019 23:13

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հրապարակել էր հուլիս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, մասնավորապես գրելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով: Նախկին վարչապետ, տնտեսական Հրանտ Բագրատյանը հակառակն է պնդում՝  անկում կա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ կարծում է, որ նշյալ հակասությունը պայմանավորված է անհատական դիրքորոշմամբ: «Ամեն մեկը յուրովի է նայում գործընթացներին: Մեկը տեսնում է բաժակի լեցուն մասը, մյուսը՝ դատարկ, սա է խնդիրը: Իրականում ունենք ոսկե միջինը: Այսինքն, կա աճ, բայց այն որակյալ չէ եւ չի կարող ապահովել միջնաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական աճ: Ավելին՝ նման աճով 2050թ.-ին մենք չենք կարողանա 15-ապատկել մեր համախառն ներքին արդյունքը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը:

Տիգրան Ավինյանը նաեւ նշել էր մի շարք ոլորտների աճ՝ արդյունաբերություն՝ 16.1%, ծառայություններ՝ 14.9%, շինարարությունը՝ 4.1%,  առևտրաշրջանառությունը՝ 9.1%, արտահանումը՝ 19.5%, ներմուծումը՝ 10%: Այս թվերի առնչությամբ էլ Սուրեն Պարսյանն ընդգծեց. «Եթե դիտարկենք, թե, օրինակ, արդյունաբերության որ ճյուղերն են աճ գրանցել, ապա դա հիմնականում բաժին է ընկել հանքարդյունաբերությանը, որը միջազգային շուկայի գների հետ է կապված: Լուրջ խնդիր ունենք նաեւ կարեւոր՝ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է նաեւ այսօր: Այդ անկման պատճառով գյուղացին ողջ տարում աղքատ է մնալու՝ մինչեւ 2020թ.-ի առաջին կեսը, քանի որ չի իրացնում բերքը: Իսկ ծառայությունների եւ առեւտրի ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է ստվերի բացահայտմամբ: Այսինքն, ստվերային առեւտրաշրջանառությունն այժմ օրինականացված է, ինչը ողջունելի է, բայց բնակչության գնողունակությունը չի ավելացել: Հակառակը, նվազել է՝ հաշվի առնելով այն, որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, այդ թվում՝ բանջարեղենը, մոտ 28%-ով թանկացել է»:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ կարեւոր է այն փաստը, որ ծառայությունների ոլորտի աճը պայմանավորված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով. «Նախորդ տարի հուլիսից մասնավոր հատվածի մոտ 80 հազար աշխատող մտան այս համակարգ, որը մոտ 15 միլիարդ դրամի չափով ավելացրեց ոլորտը տարվա կտրվածքով: Այսինքն, նախորդ տարվա առաջին կիսամյակում չունեինք պարտադիր կուտակայինը, հիմա ունենք, ինչի հաշվին ծառայությունների ոլորտն աճել է»: Սուրեն Պարսյանի խոսքով՝ ծառայության ոլորտի աճի վրա էական ազդել են նաեւ շահումով խաղերն ու վիճակախաղերը. «Դա, սակայն, մեր պետբյուջեի մուտքային մասի վրա գրեթե ազդեցություն չունի, այսինքն՝ պետբյուջեի մուտքերը չի ավելացնում»:

Ըստ տնտեսագետի՝ հետաքրքրական է այն հանգամանքը, որ 2019թ.-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումների թիվը կտրուկ նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. «Այսինքն, ունենք արտահանման-ներմուծման էական կրճատում, ինչի լավագույն ցուցիչը բեռնափոխադրումներն են: Այս առումով լուրջ մտահոգություն կա: Խանգարող գործոններից է նաեւ արժեւորվող դրամը, ինչը վերջին մի քանի ամսում նկատվում է: Սա խանգարում է արտահանմանը, խրախուսում՝ ներմուծումը, ինչի հետեւանքով տեղական արտադրողներն են տուժում: Սրա հետեւանքով միջնաժամկետ-երկարաժամկետ կտրվածքում կունենանք խնդիրներ. արտադրողները կորցնում են ոչ միայն արտաքին շուկան, այլեւ ներքինը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր գրել էր, որ 2019թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում մշակող արդյունաբերության ոլորտն աճել է 8.7, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը՝ 33.8, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 28.2, իսկ առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031