Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի վարկանիշը լռվել է Ամուլսարի հանքավայրի եզրին. «Կոմերսանտ»

Օգոստոս 26,2019 23:00

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ բախվել է զանգվածային քննադատության բնակչության կողմից: Դրա պատճառ է հանդիսացել Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին որոշումը, որը խոստանում է զգալի եկամուտ բերել հանրապետության բյուջե և բարելավել նրա ներդրումային գրավչությունը, բայց տեղացիների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ըստ ակտիվիստների՝ այդ շրջանում ոսկու հանքի շահագործումը կարող է հանգեցնել Հայաստանի երկու խորհրդանիշների՝ Սևանա լճի և Ջերմուկի հանքային ջրերի աղտոտմանը: Առայժմ Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել ցուցարարներին, բայց դադար է վերցրել՝ լրացուցիչ փորձաքննություն անելու համար, «Կոմերսանտ» թերթում գրում են Հայկ Խալաթյանը և Կիրիլ Կրիվոշեևը:

Նախահեղափոխական հարցը

Եկրաբանա-հետախուզական աշխատանքներն Ամուլսարի հանքում անցկացվել են դեռ 2006թ.: 2014թ. կառավարությունը հանքավայրի շինարարության թույլտվություն էր տվել, իսկ աշխատանքները սկսվել են 2016թ: Տեղի բնակիչները դեռ այն ժամանակ չափազանց դժգոհ էին: Հանքավայրը գտնվում է Ջերմուկ քաղաքից ոչ հեռու, որը հայտնի է նաև իր հանքային ջրերով: Այստեղով հոսող լեռնային գետերը սնում են Սևանա լիճը, որը երկրի համար այնպիսի նշանակություն ունի, որքան Բայկալը Ռուսաստանի համար:

Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ հանքավայրի շահագործման իրավունք է տրվել օֆշորում գրանցված Lydian International ընկերությանը, որն այդ ոլորտում աշխատանքի փորձ չունի և մինչ այդ փորձել էր մտնել հարևան Վրաստանի շուկա:

Այնուամենայնիվ, ընկերությունը խոստանում է, որ իր գործունեությունը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, իսկ նախագիծը լինելու է խոշորագույնը ներդրումային ծրագիրը Հայաստանի պատմության մեջ: Ըստ Lydian-ի՝ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Կանադայից ներդրողներն արդեն Ամուլսարի նախագծում ներդրել են մոտ 400 մլն դոլար: Հայաստանի բյուջեն, ըստ նախնական հաշվարկների, տասը տարում այն կլցնի մոտ 500 մլն դոլարով՝ հարկերի տեսքով:

«Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո՝ 2018թ. հունիսին, տեղի բնակիչներն արգելափակեցին հանքավայրի շինարարությունը, իսկ իշխանությունները նրանց չխոչընդոտեցին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես և այլ հայ ընդդիմադիրներ, նախքան իշխանության գալը ոչ պաշտոնական դաշինքի մեջ էին բնապահպանների հետ, միասին նրանք դիմակայում էին նախկին իշխանություններին: Սակայն այժմ կարելի է վստահությամբ ասել, որ այդ դաշինքը պառակտվել է, գրում է թերթը:

Սառը հնարք

Օգոստոսին կառավարության ներկայացուցիչները և խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակտիվորեն սկսեցին խոսել Ամուլսարի հանքավայրի տնտեսական շահերի մասին՝ խիստ սրելով այդ թեման:

Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը նույնպես հանքավայրի շահագործման դիրքորոշում ցուցաբերեց, որի հետ համաձայն չեն բնապահպանները և բնակչության մեծ մասը: Նա համաձայնեց ELARD ընկերության փորձաքննության հետ, որի համաձայն գրունտային ջրերը կապ չունեն Ջերմուկի ջրերի, Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի հետ և անգամ երկրաշարժի դեպքում դրանց խառնվելը գործնականում հնարավոր չէ:

Վարչապետի ելույթից անմիջապես հետո նրա հասցեին քննադատությունների տարափ տեղաց, ինչի ստիպեց Փաշինյանին դադար վերցնել: Նա հայտնեց, որ կառավարությունը Շրջակա միջավայրի նախարարությանն է ուղարկել ELARD-ի եզրակացությունը ՝ պարզելու՝ արդյոք երկրորդ փորձաքննության կարիք կա:

Ամբողջ անցյալ շաբաթվա ընթացքում Փաշինյանը և նրա թիմը հույսեր էին փայփայում, որ կհաջողվի համոզել հասարակությանը: Այդ նպատակին էր ուղղված վարչապետի այցը Ջերմուկ: Բայց նրա այդ այցը ամենաանհաջողն էր իշխանության գալուց հետո, կարծում են հոդվածի հեղինակները:

Երբ վարչապետը, փորձելով ցույց տալ իր կապը ժողովրդի հետ, շրջում էր փողոցներում, նրա հետևից բղավում էին՝ «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսարը սար է»:

Ակտիվիստները տեղերում են

Ամուլսարի իրավիճակի մասին տեղի բնակիչների դիրքորոշումն իմանալու համար «Կոմերսանտի» թղթակիցը մեկնել է Ջերմուկ: Ջերմուկ տանող լեռնային ճանապարհի հենց եզրին Գնդևազի բնակիչների դիրքերն են, որոնց օգնում են կարեկից համայնքների բնակիչները: Դիրքերն իրենցից ներկայացնում են մեկ-երկու տնակ անիվների վրա, որոնց մոտ հերթապահում են մարդկանց ոչ մեծ խմբեր:

Նրանք հետևողականորեն շփման մեջ են մտնում, կիսվում մտահոգություններով, սակայն շատերը, հատկապես երիտասարդությունը, չեն ցանկանում ներկայանալ: Դա բացատրում են իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներով և աշխատանքից ազատվելու ռիսկերով: Ընդ որում, նրանք միաձայն հայտարարում են, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ, անգամ եթե Փաշինյանը հանքավայրը շահագործելու որոշում կայացնի:

Ջերմուկում հանգստացող զբոսաշրջիկներն էլ պաշտպանում են տեղի բնակիչներին. «Եթե փոշի լինի ու անհարմարություններ, իհարկե, այստեղ գալու իմաստ չի լինի»,- ասել է Գենադի անունով մի զբոսաշրջիկ Ուկրաինայից:

Մյուս կողմի, Ջերմուկում կան նաև հանքի շահագործման կողմնակիցներ, չնայած նրանց թիվը մեծ չէ: Այդ մարդիկ հույս ունեն, որ հանքավայրի շահագործումը կարող է բարելավել իրենց կենսամակարդակը, իսկ էկոլոգիային նրանք կոչ են անում վերաբերվել առանց զգացմունքների և վստահել ELARD-ի փորձաքննությանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031