Լրահոս
Օրվա լրահոսը

«Միրզոյանի ստորագրած կարգադրությունն ավելի է խորացրել իրավիճակը՝ կրկին անփութության, խաբեբայության հետեւանքով». Արսեն Բաբայան

Օգոստոս 26,2019 22:40

«ՀՀ ԱԺ նախագահն այսօր ստորագրել է եւ հրապարակել է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը: Այսպիսի բան նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել»,-այս մասին հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր կարգադրություն է ստորագրել, որն ըստ էության, վերաբերում է հուլիսին ստորագրած ԱԺ աշխատակազմի մի շարք աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին կարգադրությունների վերացմանը: ԱԺ նախագահի կարգադրության համաձայն,«…ընդունման պահից անվավեր ճանաչել Կարգադրությունների հիման վրա ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ընդունած հրամանները՝ օրենքով սահմանված կարգով լուծելով մինչեւ դրանց ընդունումը եղած իրավական վիճակի վերականգնման հետ կապված հարցերը. 3) Հավելվածների հրապարակմանը հաջորդող օրվանից` ապահովել «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի պահանջների կատարումը: 2. Ընդունման պահից անվավեր ճանաչել Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի Կ-225-Ա եւ Կ-226-Ա կարգադրությունները»:

Aravot.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց. «Օրեր շարունակ ես խոսում էի այն մասին, որ ԱԺ աշխատակազմում օգոստոսին տեղի ունեցած պաշտոններից բոլոր ազատումներն ու նշանակումներն ապօրինի են, օրենքի կոպտագույն խախտումներով, եւ այսօր ԱԺ նախագահն ընդունեց իմ ասած հանգամանքը: Ինչ է տեղի ունեցել՝ ԱԺ նախագահն ընդունել էր կարգադրություններ, որոնք ամբողջությամբ չեն հրապարակվել, եթե չեն հրապարակվել, ապա դրանք իրավական ուժ չունեն, սակայն բոլոր ազատումներն ու նշանակումները տեղի էին ունեցել այս իրավական ուժ չունեցող փաստաթղթի հիման վրա»:

Բաբայանը վստահեցրեց՝ չէր կարող մարդն ազատվել պաշտոնից, քանի որ դրա իրավական հիմքը՝ ԱԺ նախագահի կարգադրությունը գոյություն չուներ.« Տեղի է ունեցել հետեւյալը՝ փաստացի ընդունելով, որ իմ պնդումները ճիշտ են, ԱԺ նախագահը ստորագրեց կարգադրություն, ըստ որի ասում է՝ պետք է հրապարակվեր, չի հրատարակվել, հանձնարարեց, որ դա հրապարակվի եւ դա հրապարակելուց հետո անվավեր ճանաչել այդ բոլոր հրամաններն ու ակտերը, որոնք ստորագրվել են եւ, ըստ կարգադրության, դրանց հետեւանքները վերացնել: Բայց դրա հետեւանքները վերացնելը դժվար կլինի, որովհետեւ մարդկանց հետ արել են վերջնահաշվարկներ՝ գումար են վճարել: Աշխատանքային օրենսդրության համաձայն, սխալ արված վերջնահաշվարկը չեն կարող հետ պահանջել, այստեղ տեղի է ունեցել ֆինանսական կորուստ, եւ հետեւանքի վերացման անհնարինություն»: Բացի այս, Բաբայանը նշեց, որ շատերը, որոնք արտասվել են աշխատանքից այդ հրամանի հիման վրա, հիմա հնարավոր է այլ տեղ են ընդունվել աշխատանքի. «Այստեղ խնդիր է առաջանում, նրանք ԱԺ աշխատակազմի պատճառով օրինախախտներ են, որովհետեւ պետական աշխատողն իրավունք չունի լինել այլ տեղ վարձու աշխատող:

Եվ եթե հուլիսի 13-ի կարգադրություն է ուժի մեջ, ապա ստացվում է, որ հուլիսի 13-ից սկսած մինչ օրս այս մարդիկ խախտել են օրենքը, բայց ոչ իրենց մեղքով:  Այսինքն՝ անվավեր ճանաչել իր այն կարգադրությունը, որով ազատում է պետական ծառայողներին աշխատանքից, աշխատակազմի ղեկավարի բոլոր հրամաններն անվավեր ճանաչել, միաժամանակ ինքը վերացրել է իր երկու կարգադրությունները 225-ը եւ 226-ը,  որոնցով, ենթադրաբար, ինքն ազատել է պետական ծառայողներին: Բայց նկատենք՝ ԱԺ նախագահի 226 կարգադրությունը իրականության մեջ գոյություն  չունի, որովհետեւ, երբ նայում ենք ԱԺ աշխատակազմի ղեկավարի հրամանը, ինչի հիման վրա ռեզերվ է ուղարկել աշխատողներին, 224-ին է հղում արված: Այստեղ էլ է աբսուրդ, այսինքն, փաստացի 224 կարգադրությունը չի վերացվել, դրա հիման վրա մարդիկ գնացել են կադրերի ռեզերվ, նշանակում է մի կողմից այս հրամանը չպետք է լինի, որոնցով գնացել է կադրերի ռեզերվ, բայց ազատված մնա: Սա թափթփված, ոչ գրագետ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանք է: Իսկ այս 2-րդ փուլում արվածը՝ Միրզոյանի ստորագրած կարգադրությունն, ավելի է խորացրել  իրավիճակը, հատկապես հետեւանքների վերացման անհնարինություն է ստեղծել:  Այսինքն, այս նոր կարգադրությամբ, վերադարձել են հուլիսի 13՝ այդ օրը ով՝ ինչ աշխատել է՝ մնում է իր աշխատանքին, բայց սրա մեջ կրկին իրավաբանական խնդիրներ են ստեղծել, կրկին անփութության, խաբեբայության հետեւանքով: Գումարած Աժ 224 կարգադրությունը չի վերացվել, 226-ն է վերացվել, որը որեւէ տեղ չկա»:

Արսեն Բաբայանը նկատեց՝ այդ մարդիկ, որոնց նախկին կարգադրություններով ազատել են աշխատանքից, ու փաստորեն հիմա վերացնում են դրանք, ինչպե՞ս են գնալու աշխատեն, եթե այդտեղ իրենց իրավունքները մասսայական խախտել են:

«Արարատ Միրզոյանն այդ կարգադրությունները ստորագրելուց առաջ առնվազն պետք է կարդար, թե ինչ է ստորագրում, պետք է իմանար, որ կարգադրություններն ենթակա են պարտադիր հրապարակման »,-ասաց Բաբայանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031