Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրաքվեի դրվող հարցի առնչությամբ քարոզչությունը, ի տարբերություն՝ ընտրությունների, միանշանակ արգելվում է. Գևորգ Դանիելյանը՝ Ամուլսարի հանքի ճակատագրի մասին

Օգոստոս 26,2019 21:40

ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանրաքվեի սահմանադրական հիմքերի մշակումն ինձ է եղել վերապահված, և արդեն այդ փուլում ինձ համար առավել շոշափելի դարձավ այն, որ միջազգային կառույցներն այնքան էլ հակված չեն հանրաքվեի շրջանակների ընդլայնմանը, մեծ հաշվով, դրանք «պատուհաս» են գլոբալիզացման ճանապարհին: Մինչ այդ, մի շարք երկրներում հանրաքվեների միջոցով ձախողվել էր ԵՄ Սահմանադրության ընդունումը, որին նախապես միաձայն կողմ էին քվեարկել ԵՄ անդամ պետությունների անխտիր բոլոր ղեկավարները: Հանրաքվեն, իրոք, միանշանակ ինստիտուտ չէ, սակայն խնդիրը մեր պարագայում էլ ավելի է բարդանում, քանզի մեզանում դրա էության մասին հանրային պատկերացումները չեն բավարարում անգամ տարրական պահանջներին: Շատերին, այդ թվում՝ պատգամավորներին, թվում է, թե հանրաքվեն կիրառելի չէ այնպիսի հարցադրումների պարագայում, որոնք նեղ մասնագիտական են: Տվյալ դեպքում՝ նկատի է ունեցվում Ամուլսարի հանքի ճակատագիրը: Այս առնչությամբ մի քանի աքսոլոգիական դիտարկումներ՝

– օրենսդրական կարգավորման ենթակա ցանկացած հարց, բացառությամբ սահմանված որոշ հարցերի, անկախ իրենց նեղ մասնագիտական ասպեկտներից, անարգել կարող են դառնալ հանրաքվեի հարց: Սա նշանակում է, որ հանգօգտագործման թույլտվության կասեցման հարցը՝ ճշգրիտ այդպիսի ձևակերպմամբ, չի կարող դրվել հանրաքվեի, սակայն, եթե ներկայացվի օրինագիծ, թե ինչպիսի չափանիշների պարագայում ընդհանրապես կարող է թույլտվություն տրվել, կարող է,

– խորհրդարանում, և ոչ միայն, չկա և սկզբունքորեն չի կարող լինել որևէ արհեստավարժ նեղ մասնագետ, որ ի զորու լինի համարժեք պատկերացում ունենալ որևէ հանքի շահագործման նպատակահարմարության առնչությամբ, քանզի այն ներառում է խորը գիտելիքներ առնվազն մի քանի գիտությունների (երկրաբանություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, բժշկագիտություն, իրավագիտություն և այլն գծով,

– հանրաքվեի դրվող հարցի առնչությամբ քարոզչությունը, ի տարբերություն՝ ընտրությունների, միանշանակ արգելվում է, իրավասու մարմինները պարտավոր են միայն հանգամանորեն պարզաբանել օրինագիծը, ողջամիտ ժամկետում հանրության համար մատչելի բացատրել օրինագծի ընդունման նպատակները և կանխատեսվող հետևանքները, հընթացս պետք է բացահայտեն նաև իրենց դիրքորոշումը: Օրինակ, ոչ թե պետք է բարդ լեզվով խոսել «ՇՄԱԳ» և այլ փաստաթղթերի մասին, այլ հստակ պատասխանել այնպիսի դյուրընկալվող հարցերի, ինչպիսիք են՝ կոնկրետ ի՞նչ հետևանքներ ու ձեռքբերումներ կարող ենք ունենալ, անբուժելի հիվանդությունները որքանո՞վ տարածում կստանան և այլն …

Հ.Գ. Ընդհանրապես, խնդրահարույց եմ համարում խորհրդատվական հանրաքվեի ինստիտուտից հրաժարվելը, կյանքը ցույց է տալիս, որ դրա անհրաժեշտությունը երբեք չի նվազի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031