Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Շվեդիայի թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան:
Միրզոյանն ընդգծեց, որ Շվեդիայի թագավորությունը առաջին պետություններից էր, որ արձագանքեց ՀՀ-ում սկսված դեմոկրատական գործընթացներին ու տեղի ունեցան մի շարք այցելություններ ինչպես Շվեդիայից Հայաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ. «Այս բոլոր հանդիպումների արդյունքում Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում՝ նաեւ հնարավորություն ընձեռելով ընդլայնել ՀՀ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը: Դուք, հավանաբար, կհիշեք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը մի շարք միջազգային գործընկերների հետ բավականին ծավալուն մի ծրագիր իրականացրեց, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել ՀՀ ընտրական համակարգին, Շվեդիայի թագավորությունը այդ ծրագրի շատ կարեւոր մաս էր: Այժմ մշակման փուլում է, սեպտեմբերին կստորագրենք մեկ այլ մեծ, մասշտաբային ծրագիր, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել ԱԺ-ի կարողությունները եւ էլի Շվեդիայի թագավորությունը այս ծրագրի կարեւոր մասնակիցներից է»:
Արարատ Միրզոյանը խոսելով Շվեդիայի խորհրդարանի հետ հարաբերությունների մասին՝ ասաց. «Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մեր հարաբերությունները որակապես այլ փուլ են տեղափոխվում»: Նա նաեւ նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումների առումով Շվեդիայի փորձն օրինակելի է մեզ համար:
Իր հերթին Շվեդիայի խորհրդարանի խոսնակն ասաց, որ Հայաստան են ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությունով, որը Շվեդիայի պատմության մեջ տեղի է ունենում ամեն մի ընտրական ցիկլում՝ 4 տարվա ընթացքում մեկ անգամ. «Ինձ հետ են խորհրդարանի փոխխոսնակները, նաեւ խորհրդարանական քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները: Մենք մեր օժանդակությունն ենք ուզում հայտնել ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ ՀՀ-ի ոտնակոխած ուղուն՝ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ: Մենք պատրաստ ենք մի քանի ուղղություններով սատարել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին՝ իրավունքի գերիշխանության ամրացում, գենդերային հավասարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ բազմաթիվ այլ ուղղություններ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ