Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի հարցում ամենաքիչը կարող են այսօր մեղադրել ինձ կամ Դաշնակցությանը». Արծվիկ Մինասյան

Օգոստոս 26,2019 18:00

«Թող տպավորություն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատվությունից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրությունների տեղ եմ տվել: Այնտեղ, որտեղ ես համոզված եմ եղել, համոզված կերպով ասել եմ՝ այո, օրենսդրությունը պահպանված է Հայաստանի շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության արդյունքում, բայց արդյոք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակա է շահագործման, թե ոչ՝ սա բնապահպանության նախարարության իրավասությունից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցրինք, թե Ամուլսարի վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունից հետո ոմանք մեղադրեցին Դաշնակցությանը՝ հիշեցնելով, թե նախարար եղած ժամանակ Արծվիկ Մինասյանն ինչ հայտարարություններ էր անում: Մեր հարցին՝ նույն կարծիքի՞ն է մնացել, որ ինչպես ինքն էր նախարարի պաշտոնում հայտարարել՝ Ամուլսարի շահագործման իրավական գործընթացները համապատասխանում են օրենսդրական կարգավորումներին, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված փորձաքննության արդյունքներով Ամուլսարի հանքավայրում օրենքի խախտումներ չեն արձանագրվել և այլն, Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ընկալելի է համարում, երբ ՀՅԴ հայտարարությունը նման քննարկման առարկա է դառնում և հավելեց. «Թող ամպագոռգոռ չհնչի, բաց ամենահիմնավոր մոտեցումը հենց Դաշնակցությունն է հայտնել. դրա համար շատերը, որոնք ի սկզբանե փորձում են Դաշնակցության գործողություններում կամ մոտեցումներում հակասություններ տեսնել, ուզում են փորձել հարվածել Դաշնակցությանը կամ նրան տեսնում են այն հիմնական այլընտրանքային ուժը, որն այսօրվա իշխանության կամ քաղաքական ուժերի մրցակիցն է: Դրա համար նրանք փորձում են չակերտավոր հակասություններ գտնել Դաշնակցության հայտարարությունների մեջ»:

Նա պնդեց, որ իրենց մոտեցումներում ոչ թե հակասություն, այլ հետևողականություն կա: Այնուհետև նշեց՝ դեռևս 2005-2006-ին ՀՀ կառավարությունը գործող օրենսդրության շրջանակում տվել է հանքի ուսումնասիրության թույլտվություն: Հետագայում ուսումնասիրության արդյունքներով, դրանք հաստատվել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից: Ըստ գործող օրենսդրության՝ թույլտվության տրամադրման իրավասությունը վերապահված է եղել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարարությունը եղել է այս շղթայի մի օղակ, որը պատասխանատու է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գնահատման՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը պահպանելու հարցում. «Ամբողջական թույլտվությունը տրվել է 2014-ին, երբ ոչ միայն Դաշնակցությունը ընդդիմություն էր, այլև մենք համառ կերպով պնդում ու պահանջում էինք, որ օրենքի դրույթները պահպանվեն: Հետագայում բարելավված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կամ ՇՄԱԳ փաթեթը ներկայացվել է բնապահպանության նախարարություն էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջնորդությամբ և վերանայվել ու դրական եզրակացություն տրվել է այս ծրագրին 2016-ի ապրիլին: Ես որպես բնապահպանության նախարար նշանակվել եմ 2016-ի սեպտեմբերի 27-ին: Ակնհայտ է, որ ինձնից առաջ բոլոր այս գործընթացները իրականացվել են»:

Արծվիկ Մինասյանը թվարկեց, թե ինչ գործողություններ է իրականացրել, երբ նշանակվել է նախարար. «Ստեղծել ենք ներքին աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է արդյոք շրջակա միջավայրի ազդեցության վրա փորձաքննության գնահատման իրականացումը և դրական եզրակացության տրամադրումը եղե՞լ է գործող օրենսդրության պահանջներին համապատասխա՞ն, թե՞ ոչ: Ուսումնասիրություններով՝ այստեղ խախտումներ չենք հայտնաբերել: Հրավիրել եմ նախարարություն քննարկումների բոլոր կողմերին, նախարարին կից հասարակական խորհրդում մի քանի անգամ Ամուլսարի թեման քննարկվել է: Նույն ժամանակահատվածում Հարութ Բրոնոզյանը, որը հանդես էր գալիս ընդդեմ Ամուլսարի շահագործման, իր միջոցներով հրավիրել էր միջազգային փորձագետների, որոնք այս փաթեթի հիման վրա տվել էին եզրակացություն: Այս եզրակացությունը, որը հակադրվում էր «Լիդիանի» կողմից իրականացված հետազոտությանը, դրա համար հրավիրեցինք մեզ մոտ քննարկման երկու փորձագետների: Սակայն պարոն Բրոնոզյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց իր փորձագետներին հրավիրել Հայաստան»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ 2018-ի հայտնի քաղաքական իրադարձություններից պատճառով բոլոր իրենց պայմանավորվածությունները մնացին օդից կախված:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ դեռ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության անդամ լինելով՝ զգուշացրել է, որ չի կարելի տուրք տալ էմոցիաներին, ձգձգել որոշման կայացումը:

Կրկին անդրադառնալով իր և ՀՅԴ-ի հասցեին հնչող քննադատություններին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Այսքանից հետո մարդիկ կանխամտածված կամ թյուրիմացաբար փորձում են մեղադրել մեզ, իբր փոխել ենք մեր տեսակետները: Ի՞նչ տեղի ունեցավ անցյալ տարվա ամպագոռգոռ հայտարարություններից հետո, երբ գործող կառավարությունը ձևավորեց հսկայական սպասումներ հասարակության տարբեր շերտերի մոտ. մարդիկ աշխարհացունց բացահայտումների էին սպասում, բայց տեսանք, որ «Էլարդի» հրապարակումից հետո դժգոհությունը ոչ միայն չմարեց, այլև վարչապետի «լայվից» հետո էլ ավելի թեժացավ այս թեման»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ անհրաժեշտ է այս հարցը վճռահատել հանրաքվեի միջոցով: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն հանրաքվեի մասին չէր ակնարկում, երբ Դուք նախարար էիք, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այն ժամանակ մենք մեր ներքին աշխատանքի միջոցով փորձում էինք հստակություն մտցնել ներկայիս ռիսկերի մեջ: Մենք որևէ անգամ չենք բացառել, որ ժամանակի ցանկացած պահին, եթե բացասական է շեղումը, սա հիմք է եզրակացության անվավեր ճանաչելու համար: Այսօր փոխվել է ուղղությունը: Այսօր հասարակությունը, այդ թվում ՀԱԿ ակտիվիստները, որոնց օրոք է սկսել ՀՀ ներքին և արտաքին հարստության կազմաքանդումը, հանկարծ դարձել են հրեշտակներ ու մարդկանց փորձում են մեղադրանքներ ներկայացնել: Առաջին մեղադրանքը իրենց պետք է հնչեցնել: Իրենց ժամանակվա օրենսդրության պատճառով է, որ այս վիճակն է ստեղծվել»:

Պատասխանելով այն պնդումներին, թե մարդիկ մասնագետներ չեն, որ հանրաքվեի միջոցով հանքի շահագործման հարց որոշեն, Արծվիկ Մինասյանը նկատեց. «Սահմանադրական հանրաքվեի ժամանակ բոլորը իրավագետնե՞ր են կամ ցանկացած հարց, որը հանրաքվե է դրվում, բոլորը ընկալում ու ըմբռնո՞ւմ են ինչ հարց է դրված հանրաքվեի: Սա սնանկ փաստարկ է: Այն պատգամավորները, որոնք դեմ են արտահայտվում հանրաքվեին, ակնհայտորեն փորձում են խուսափել այս հարցով հստակ դիրքորոշում հայտնել, քանի որ իրենք պետք է քվեարկեն»:

Մեր հակադարձմանը՝ նշում եք, որ հանրաքվեին դեմ պատգամավորները խուսափում են հստակ դիրքորոշում հայտնելուց, բայց ժամանակին Դուք էլ հստակ պատասխան չտվեցիք հարցին՝ արդյոք թույլատրելի՞ է Ջերմուկի առողջարանի կողքին հանք շահագործելը, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Իսկ Դուք ի՞նչ էիք կարծում՝ բնապահպանության նախարարը, որ նշանակված է եղել թույլտվությունից հետո, եթե ասում է՝ դեմ եմ, տրամաբանությունը ո՞րն է: Նույն կառավարության մեջ եղած նա պետք է առնվազն կամ հրաժարական տար, որ ասեր դեմ եմ, կամ ներսից ինչ-որ ձևով քայլեր իրականացներ այդ բոլոր հնարավոր ռիսկերը բացահայտելու համար: Ես գնացել եմ երկրորդ տարբերակով: Եվ այս ամենից հետո փորձել քավության նոխազ գտնել ի դեմս ինձ կամ Դաշնակցությանը, առնվազն այդ մարդիկ կամ կույր են կամ կանխամտածված փորձում են սևով ներկայացնել ճերմակ էջերը»:

Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ ես չեմ էլ պաշտպանել ամբողջ շահագործումը. «Նույնիսկ լինելով էկոնոմիկայի նախարար՝ ես մշտապես կարևորել եմ այդ հարցը, քանի որ ինձ համար պարզ ու հստակ էր առանց շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման կամ չեզոքացման, մարդկանց կյանքի ու առողջ սպառնալիքները վերացնելու հնարավոր չէ ունենալ տնտեսական զարգացում և առաջընթաց: Ես սովոր եմ և իմ սկզբունքն է առաջնորդվել գործող օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ և երբեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել»:

Այս օրերին նաև հիշեցնում են, թե 2016-ի դեկտեմբերին «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: Հարցին՝ չի՞ փոշմանել, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իհարկե չեմ փոշմանել, այլ բան, որ չիրականացավ, քանի որ կազմալուծվել է աշխատանքը: Ազգային պարկ ստեղծելու նախաձեռնության համար փոշմանե՞լ է պետք: Մի քանիսը վեր կացել, հրապարակել են, թե իբր ես այդ 5,7 միլիոն դոլարի ծրագրում անձնական շահ եմ ունեցել»:

Արծվիկ Մինասյանը պնդում է, որ եթե անգամ որոշում կայացվի Ամուլսարի շահագործման համար, ապահովագրական ամբողջական փաթեթը պետք է լինի, մոնիտորինգի, վերահսկողական համակարգերը լիարժեք պետք է աշխատեն: Հասարակությունն իր այոն կամ ոչը պետք է ասի: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ փոխանակ այս հարցերի շուրջ բանավիճելու, փորձում են անհասկանալի քավության նոխազների մեխանիզմներ գտնել, մինչդեռ ինքն էլ պնդում է. «Ամուլսարի հարցում ամենաքիչը կարող են այսօր մեղադրել ինձ կամ Դաշնակցությանը ի տարբերություն այն մարդկանց, որոնք այսօր մեծ-մեծ խոսում են, ներառյալ ՀԱԿ ակտիվիստներից շատերի, ներառյալ այն մարդկանց, որոնք ոչ միայն ժամանակին իրենք են խրախուսել Հայաստանի հարստության ոչնչացումը, ավարտված նրանցով, որոնք նույն ժամանակահատվածում եղել են խորհրդարանում և ջուրը բերաններն առած՝ ձեն չեն հանել: Այս մարդիկ չգիտես ինչու այսօր դարձել են բլբուլ, սոխակ: Նույն ՀԱԿ-ի պատգամավորներից շատերը, այսօրվա կառավարության անդամները, որոնք եղել են նաև խորհրդարանում՝ ի տարբերություն մեզ, որ փորձել ենք ինչ-որ քայլեր իրականացնել ռիսկերը բացահայտելու, նվազեցնելու ուղղությամբ, կառավարությունում կռիվ ենք տվել՝ իրենք ձայն չեն հանել: Դաշնակցությունն իր հետևողականությունը մշտապես պահել է և հիմա էլ ենք ասում՝ այսպիսի պայմաններում հարցի վճռահատումը ժողովրդի վստահությամբ պետք է կատարվի, դրա լավագույն տարբերակը հանրաքվեն է: Սա այն նվազագույն հնարավորությունը կարող է տալ հարցին, թե իբր միջազգային արբիտրաժ… ՀՀ-ի միջազգային ներդրումային հեղինակությունն արդեն վտանգվել է: «Լիդիանը» որևէ ձևով չի կարողանում մասնակցել, ինչն արդեն մեկ տարի բացասական ազդեցություն է թողնում: Փոխանակ սրա մասին մարդիկ մտածեն, մտածում են՝ ինչպես գտնել քավության նոխազներ: Վստահաբար նույնիսկ եթե փորձեն գտնել, այնտեղ մենք չկանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031