Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ին մնալու են միայն հետախուզության եւ հակահետախուզության գործառույթները». Ռուստամ Բադասյան

Օգոստոս 26,2019 17:21

ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում էին կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2020թթ. ազգային ռազմավարության ծրագիրը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ ԵՄ-Հայաստան ճանապարհային քարտեզի՝ ռազմավարության ընդունումն այս տարվա չորրորդ եռամսյակին է նախատեսվում, շուտով կներկայացվի կառավարության դատին: Ռազմավարությունը ենթադրում է այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Բադասյանից հետաքրքրվեց. «Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմը, ըստ ռազմավարության ընթացակարգի, ԱԺ-ն կամ վարչապետն են ձեւավորում, իսկ մրցութային խորհուրդը երաշխավորում է կառույցի անկախությունը: Բայց մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխությունների փաթեթը, որով հրաժարվել ենք «մրցութային խորհուրդ» հասկացությունից, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ իրեն չարդարացրեց: Հիմա կարծես նորից նախատեսվում է մրցութային խորհուրդ հասկացությունը վերականգնել: Ուզում եմ հասկանալ՝ քաղաքականությունը տանում ենք դեպի մրցութային խորհո՞ւրդ, թե՞ ոչ»:

Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, մրցութային հանձնաժողովն անկախությունը երաշխավորողն է լինելու: Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի առաջին խմբի նշանակումը լինելու է առանց մրցութային խորհրդի, որպեսզի սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն ունենանք այդ հանձնաժողովը: Մեր կարծիքով՝ մրցութային խորհուրդը կարեւոր է: Այն պետք է գործի այն կառույցներում, որոնք ենթադրում են անկախություն»:

Տիգրանյանը նաեւ հարցրեց. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննչական կոմիտեի եւ ոստիկանության հակակոռուպցիոն գործառույթը միավորելու առնչությամբ հետաքրքիր էր՝ ԱԱԾ-ի պարագայում այդ գործառույթը թողնո՞ւմ ենք վերջինիս, թե՞ «վերցնում» ենք:

Ռուստամ Բադասյանը պարզաբանեց. «Մեր տեսլականով՝ ԱԱԾ-ին մնալու են միայն հետախուզության եւ հակահետախուզության գործառույթները, նաեւ՝ դրանց համապատասխանող օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործառույթները: Մյուս բոլոր գործառույթները վերապահվելու են հակակոռուպցիոն կոմիտեին»: Բադասյանի բնորոշմամբ՝ այս ամենը կատարվելու է անցումային շրջանում՝ սահուն ձեւով. «Թերացումներ թույլ չտանք: ԱԱԾ-ն փակ համակարգ է՝ սկսած գործակալների ցանցից…Պարզ է, որ հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող երեք կամ չոր տարում ունենալ դա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031