«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն օրերս կասկածներ էր հայտնել, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ի հաստատման համար ճանապարհ է հարթել կոռուպցիան։ Մասնավորապես հարց է՝ ինչպե՞ս է ընկերությունը առանց շահույթ ստանալու նվերներ արել․ «․․․ որպես փոխհատուցում փոխվել են կառավարության որոշումներ՝ հանուն հանքարդյունահանողների շահերի ու նաեւ 250 000 դոլար է ստացել «Լույս» հիմնադրամը, 120 000 դոլար՝ Ջերմուկի զարգացման հիմնադրամը, որի ղեկավարը Ջերմուկի քաղաքապետի որդին է եւ դրամական այս փոխանցումից հետո քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն այլեւս դեմ չի եղել հանքի շահագործմանը»։
Լրագրողներից մեկն այսօր Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին հարցրեց՝ այս հարցերը երբեւէ քննության առարկա դարձե՞լ են: Ի պատասխան, պարոն Իվանյանն ասաց, որ կառավարության որոշումներն ընդունվում են օրենքի պահանջներին համապատասխան․ ««Լիդիան» ընկերությունը, ինչպես ցանկացած կազմակերպություն, կարող է կատարել նվիրատվություններ։ Եթե «Լիդիան» ընկերությունը գույքահարկ է վճարում համայնքին, ունի վարձակալած տարածքներ, դա նրա պարտականությունն է, որ պետք է կատարի։ «Լիդիան» ընկերությունը բավականին վաղ հայտարարել է դրա մասին։ Բոլորդ գիտեք, թե «Լույս» հիմնադրամը ինչով է զբաղվում՝ հանճարեղ երեխաներին, ուսանողներին գործուղել է արտասահման կրթության։ Դուք ունե՞ք հիմքեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության՝ կոռուպցիոն երեւույթի մասին, կարող եք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին»:
Յուրա Իվանյանն անդրադարձավ նաեւ «Լիդիան» ընկերությանը քրեական գործում որպես կողմ ներգրավելուն։ Ըստ նրա՝ պետության պարտականությունն է «Լիդիան»-ին տալ պարզաբանումների հնարավորություն. «Քննչական կոմիտեն, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, «Լիդիան»-ի պարզաբանումներում ներկայացված հիմնավորումն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով այլ փաստական տվյալների համակցության մեջ եւ եկել եզրակացության։ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավելը։ Մենք գործ ունենք պետության պոզիտիվ պարտականության հետ։ Եթե քննություն է ընթանում, ապա պետք է հնարավորություն տալ պարզաբանումներ ներկայացնելու, բայց վերջնական գնահատական՝ հիմնավո՞ր են պարզաբանումները, թե՝ ոչ, տալու է վարույթ իրականացող մարմինը»:
Իսկ թե ինչ են պարզել փորձագետները Ամուլսարի գործով, Յուրա Իվանյանն ասաց. «Խնդիրը ոչ թե դրված է եղել ջրերի աղտոտվածության հանգամանքը պարզելը, հնարավոր ռիսկերը եւ այլն, այլ նաեւ բնության մյուս բաղադրիչների կառավարման հուսալիությունը ստուգելը: Դա կենսաբազմազանությունն է եւ օդի որակը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ