Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ընտրվել հենց «Էլարդ» ընկերությունը եւ ինչո՞ւ «Էլարդը» դաշտային ուսումնասիրություն չի արել

Օգոստոս 26,2019 15:27

Ի վերջո, ««Էլարդ» ընկերությունը միայն փաստաթղթե՞ր է ուսումնասիրել, թե նաեւ դաշտային հետազոտություններ է արել: Այսօր լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին: Նա ասաց, որ դաշտային հետազոտություններ չեն արվել, բայց «Էլարդը» ուսումնասիրել է «Լիդիան Արմենիա» ընկերության եւ ՀԿ-ների, փորձագետների եւ այլ մասնագիտական կառույցների տրամադրած եզրակացությունները:

Նրա խոսքով. «Ուսումնասիրվել են տարբեր կողմերի ներկայացված հաշվետվություններ, ուսումնասիրություններ, մասնավորապես՝ Բնապահպանական ճակատի կողմից ներկայացված փաստերը, որոնք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին եւ այլն։ Այսինքն՝ հանքի շահագործմանը դեմ ու կողմ բոլոր փաստերը միմյանց հետ համեմատել են»:

 

Նա ասաց, որ «Էլարդն» ուսումնասիրել է նաեւ միջազգային կարգի փորձագետների ներկայացրած փաստերը:

 

Պարոն Իվանյանը մանրամասնեց՝ ինչպես է ընտրվել «Էլարդ» ընկերությունը: Ըստ նրա. «ՀՀ-ն դեռեւս 2017 թ․-ից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է եւ ակտիվորեն մասնակցում է այս կառույցի գործունեությանը։ Քննչական կոմիտեն ու Բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր ընկերություն գտնելու ու փորձաքննության ներգրավելու հարցում դիմել է այս ընկերությանը, վերջիններս երաշխավորել էին «Էլարդ» ընկերությանը՝ որպես տարածաշրջանի պրոֆեսիոնալ թիմ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, ինչպես նաեւ տվյալ ոլորտի միջազգային կազմակերպություններին տարբեր հրավերներ ուղարկվեցին։ Մրցութային հանձնաժողովն, ամփոփելով մրցույթի տվյալները, ընտրեց «Էլարդ»-ի թիմին»:

Նա նշեց, որ մրցութային հանձնաժողովը, հասկանալով խնդրի կարեւորությունը, ընտրությունը բավականին խիստ է կատարել. «Նպատակը եղել է՝ փորձաքննության համար ընտրել ընկերություն, որը որեւէ շահերի բախում չի ունենա, եւ ՀՀ-ում որեւէ գործունեություն իրականացրած չի լինի»:

Հարցին՝ «Էլարդը» միջազգայի՞ն ընկերություն է, փորձաքննությունը միջազգայի՞ն է, քանի որ միջազգային փորձաքննության ժամանակ մասնակցում են նաեւ այլ ընկերությունների փորձագետներ, քննչական խմբի ղեկավարն ասաց, որ այս փորձաքննությանը եղել են ոչ միայն «Էլարդ»-ի, այլեւ «Թիրաս»-ի փորձագետները:

Դիտարկմանը, որ «Էլարդ»-ի փորձաքննության եզրակացության մեջ գրված է նաեւ, որ գնահատումները թերի են, հետեւաբար հետեւություններն՝ անվստահելի, արդյոք հանքի շահագործումը այսքանից հետո կարո՞ղ է համարվել անվտանգ, Յուրա Իվանյանը պատասխանեց․ «Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն վտանգներն ու վնասները։ Բնապահպանական խնդիրների մեղմման միջոցները, որոնք նախատեսվել են «Լիդիան» ընկերության փորձագետների կողմից, գնահատվել են իրավաչափ։ Ասվում է, որ եթե համակարգը գործի, ապա բնապահպանական ռիսկերը կառավարելի են»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031