Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. 2019-ի հունվարից-մայիս տնտեսական ակտիվության ցուցանիշի լուրջ անկում ունենք

Օգոստոս 26,2019 14:51

ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում։

Ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը շուտով չի լինի, դե իսկ խաղերի անկապ աճը ինչքա՞ն կարող է շարունակվել։ Աստիճանաբար կխորանան բյուջետային խնդիրները, իսկ նոր տարուց պրոբլեմատիկ կդառնա դրամի փոխարժեքը (ավելի վաղ էինք կանխատեսել, բայց հետաձգվեց մեկ տարով ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի աննախադեպ, բայց, ավաղ, ժամանակավոր, ծավալների պատճառով)։

Միակ մխիթարանքը վերամշակող արդյունաբերության ու արտահանման չնչին դրական տեղաշարժն է։ Տնտեսության համար պրոբլեմատիկ է ցածր գնաճը։ Ցածր գնաճի և դրամի շարունակվող արժևորման պայմաններում ներդրումներ մի սպասեք։ Սպառումը գրեթե հավասար է ՀՆԱ-ին։

Այդ ամենին նպաստում է կառավարության անհասկանալի քաղաքականությունը արտաքին պետական պարտքի հարցերում։ Ի՞նչ կարիք կար այն կրճատելու, երբ 2019-ի օգոստոսի 14-ից մարդկության պատմության մեջ առաջին անգամ 10 տարեկան արժեթղթերի տոկոսադրույքն (1.57) ավելի ցածր է, քան 2 տարեկանինը։ Շուրջ 1 տասնյակ զարգացած երկրներում ԿԲ-երի կողմից սահմանած տոկոսադրույքը փոքր կամ հավասար է 0-ին։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ը տնտեսությունը այլ ձևերով խրախուսելու հնարավորություն չունեն, քան ձրի փող բաժանելը։ Եվ ահա այս պայմաններում մերոնք որոշում են էլ պարտք չվերցնել։ Փոխանակ գոնե նոր պարտքերով հին բարձր տոկոսներով պարտքերը փակեն, ներդրումներ կատարեն (իհարկե, հիմնական կապիտալի նոր տարրերի վրա, այլ ոչ թե վերանորոգումների ու սպառողական բնույթի ծախսերի վրա, ինչպես ՍՍ-ի օրոք)։

Հ. Գ. ստեղծված իրավիճակում գոնե կրճատեք կուտակայինի ժամկետները և օրենքով ամբողջ փողը 100%-ով ներդրեք ՀՀ տնտեսության մեջ։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031