Գյումրեցի Մարատ Չախոյանը 20 օր առաջ է վերադարձել Ուկրաինայից. անցյալ տարի նրա նկատմամբ կատարված մահափորձի գործով որեւէ բացահայտում, պետության կողմից որեւէ պատասխան չկա:
Նրա նկատմամբ մահափորձը կատարվել է անցյալ տարվա հուլիսի 31-ին, սակայն հարեւան երկրի իրավապահները բանավոր ասել էին, թե սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ստացվում է, որ մեկ տարի մի քանի ամիսը բավարար չի եղել դատաբժշկական փորձաքննության պատասխանը ստանալու համար, կամ գուցե հարեւան պետության իրավապահներն անհոգ են գտնվել, քանի որ մեր քաղաքացու թիկունքում անգամ Հայաստան-պետության կողմից պաշտպանելու կամքը չի երեւացել:
47-ամյա Մարատ Չախոյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է, որ գնացել էր Ուկրաինա՝ աշխատելու: Նա աշխատանք էր գտել Նիկոլաեւի մարզի Վոզնեսենսկ քաղաքում, մասնակցում էր եվրաստանդարտներին համապատասխան ֆուտբոլի դաշտի կառուցմանը: Երկու ամիս էր, ինչ աշխատել էր, իսկ դեպքի օրը գնացել էր մարզկենտրոն՝ կացության վկայականը ստանալու: Տաքսի ավտոմեքենա է կանգնեցրել՝ տուն վերադառնալու համար: Սակայն վարորդը նրան իջեցրել է անծանոթ մի վայրում, որտեղ էլ նրա վրա հարձակվել են երկու անձ, հարվածել գլխին:
Մարատը տասն օր գտնվել է կոմայի մեջ, գիտակցությունը կորցրած վիճակում:
Կարդացեք նաև
Երբ ուշքի է եկել, իմացել է, որ անգիտակից վիճակով նրան գտել է մոտակա լցակայանի աշխատակիցներից մեկը, ով զանգել է շտապօգնություն, ապա տեղափոխել են նրան հիվանդանոց:
Մարատից գողացել էին պարանոցի ոսկե շղթան, բջջային հեռախոսը, մոտը եղած հազար դոլար գումարը, ժամացույցը, թանկարժեք ակնոցը ու փաստաթղթերը: Ի դեպ, այդ փաստաթղթերը հետագայում «պատահաբար» գտել էր մի մայոր, վերադարձրել ոստիկանությանը, վերջինս էլ Մարատին:
Ինչու եմ «պատահաբար» բառը գրել չակերտների մեջ. կասկածյալներից մեկը ոստիկանի որդի է եղել, մեկն էլ նախկին պատգամավորի որդի, որոնց՝ Պավել Խառչենկոյին եւ Եվգենի Իգնատենկոյին տարել են ոստիկանություն, ապա բաց թողել: Նրանք չեն էլ ընդունել իրենց հանցանքը:
«Երեք վիրահատություն եմ տարել: Ուկրաինա գնալս նորից բուժզննում անցնելս էր, իմ գործից տեղեկություն ստանալը: Բժիշկներն առաջարկում են չորրորդ վիրահատություն: Երեք ամիս պառկել եմ այնտեղի հիվանդանոցում, մոտ տասը միլիոն դրամին համարժեք գումար եմ ծախսել: Կինս, բանկերից, ծանոթներից էր գումար վերցրել, մի վեց ամիս էլ եղել եմ բժշկական հսկողության տակ: Մինչ օրս փոխհատուցում չեմ ստացել: Ինձ փոխհատուցումը պետք է վիրահատության համար, ուրիշ եւ ոչ մի բանի»,-ասում է Մ. Չախոյանը:
Նա երրորդ կարգի հաշմանդամության կարգ է ստացել: Իր ասելով՝ հիշում է հինգ, տասը տարի առաջվա պատմությունները, իսկ ամիսներ առաջ եղածը չի հիշում: Նա կորցրել է համի, հոտի զգացողությունը, սուր ցավեր ունի գլխի շրջանում:
Հարցիս՝ ունե՞ր այնտեղ թշնամիներ, հնարավո՞ր է «նեղացրել» է որեւէ մեկին, պատասխանեց, թե այստեղ՝ Հայաստանում, թե այնտեղ թշնամիներ չի ունեցել: Չնայած դրան, կարծում է, որ իր դեմ կատարվածը պատվիրված մահափորձ էր, վկայակոչում է Ուկրաինայում իրավապահների ասածը՝ «Այստեղ ման մի արի, գնա քո հայրենիքում ման արի»: Ասել է թե՝ հայկական հետքի մասին են ակնարկել:
Մարատի խնդրով որեւէ մեկը չի զբաղվել, չի ունեցել ներկայացուցիչ, կատարված դեպքին չի արձագանքել Ուկրաինայում Հայաստանի դեսպանը, մեր ԱԳ նախարարությունը:
Նա հետազոտվել է բազմաթիվ բուժկենտրոններում, ըստ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համակարգչայինն տոմոգրաֆիայի արդյունքների՝ գանգուղեղային վնասվածքի շերտագրության պատկերի. «ողջ ոսկրային դեֆեկտը լցված է մետաղական թիթեղով», «Համեմատելով նախկին ՀՏ տվյալների հետ, տեսանելի փոփոխություններ չեն նկատվում»: Առկա են ուղեղի վնասվածքի օջախներ բազմաթիվ արյունազեղման ներառուկներով:
Մարատ Չախոյանը դիմելու էր ՄԻՊ-ի գրասենյակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.08.2019