Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոգեւորականը հոգեբան, հեքիմ կամ հ/կ ներկայացուցիչ չէ»

Օգոստոս 26,2019 12:30

Հարցազրույց Սուրբ Մարիանե եկեղեցու սպասավոր, տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ

-Օրհնեցեք, Տեր Հայր:

-Աստված օրհնի:

-Արժանապատիվ Տեր Հայր, խորհրդային տարիներին, երբ եկեղեցին մեկուսացված էր ժողովրդից, այնուամենայնիվ, մարդիկ բացառիկ վտանգավոր իրավիճակներում միմյանց զգուշացնում էին, ասելով՝ «վախեցիր Աստծո դատաստանից»: Մինչդեռ, երբ այսօր վերացած է եկեղեցու եւ ժողովրդի միջեւ երբեմնի անջրպետը, կարծես եկեղեցին միայն պայթյունավտանգ վիճակներում է հանդես գալիս, հանդարտեցնելու ու խաղաղության հրավիրելով մարդկանց…

-Մեր հասարակությունը ոչ այնքան օբյեկտիվ պատկերացում ունի: Պատարագը սկսվում է հետեւյալ տողերով՝ Հավատամք եկեղեցի Սուրբ, զթողություն մեղաց հաղորդագրությամբ Սրբոց…

Ըստ հավատամքի, եկեղեցին այն վայրն է, որտեղ մաքրվում եւ զգում ես Սրբերի ու Հրեշտակների ներկայությունը: Երկրորդ փաստարկը, որ կուզեի նշել, հետեւյալն է՝ Քրիստոս Ավետարանի մեջ ասաց, այնտեղ, որտեղ երկու կամ երեք հոգի կհավաքվեն իմ անունով, այնտեղ ես նրանց մեջ եմ:

Մեկ անգամ գրառում եմ արել ֆեյսբուքյան իմ էջում, ասել եմ, որ ժողովուրդը շատ քիչ է պահանջում հոգեւորականից, իսկ եկեղեցին հոգեւոր հարստություն է ու գործ ունի մարդու հոգու հետ եւ եկեղեցու նպատակը, ըստ էության, մարդու հոգու փրկությունն է: Ի վերջո, եկեղեցին այլաբանորեն Նոյյան Տապանի խորհուրդն ունի. ինչպես Տապանի մեջ գտնվողները փրկվեցին ջրհեղեղից, այնպես էլ եկեղեցում գտնվողները հոգու փրկության են գնում, ինչը վերջնական նպատակն է: «Կանոնագիրք Հայոցի» մեջ հոգեւորականի պարտականությունները վեր հանելիս, տեսնում ենք՝ հոգեւորականը պիտի լինի հիվանդ մարդու մոտ, պետք է մկրտի չմկրտվածին, պիտի հոգեւոր կրթություն փոխանցի, աղքատախնամ գործունեություն ծավալի, Սուրբ հաղորդություն տա… Եվ այս ամենը աղոթք է: Իսկ մեր ժողովուրդը, մեծ հաշվով, այս ամենը պահանջո՞ւմ է արդյոք…

Եթե բերեք գոնե մեկ օրինակ, երբ հոգեւորականը թերացել է իր պարտականությունների մեջ, զենքերս վայր կդնեմ: Մեր հավատացյալ ժողովուրդը հաճախ եկեղեցուն դիմում է աղքատությունից ու հիվանդությունից դրդված, հոգեպես ընկճված լինելու հետեւանքով: Անշուշտ, այդ ամենը հոգեւորականի առաքելությունն է, բայց առաջնայինը աղոթքն է հոգու փրկության համար, քանի որ հոգեւորականը հոգեբան, հեքիմ կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ չէ: Հոգեւորականը ժողովրդին իսկապես անմնացորդ նվիրված ծառայող է: Մեջբերեմ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքը՝ ուղղված Գրիգոր Նարեկացուն, որին նկարագրելիս Վեհափառը խոսքը սկսում է հետեւյալ նախադասությամբ. «Գրիգորը մարդ էր, որն աղոթում էր»:

Դարեր շարունակ, ցավոք, զրկված ենք եղել պետականությունից, իսկ եկեղեցին պատվով է կատարել նաեւ պետության որոշ կարեւոր գործառույթներ, այդ թվում՝ կրթական, մշակութային, բանակցություններ տարբեր ազգերի առաջնորդների հետ եւ այլն: Փառք Աստծո, այսօր արդեն ունենք պետականություն, եկեղեցին էլ պետք է զբաղվի գլխավորապես հոգեւորով:


-Ձեր խոսքերով, երբ ժողովուրդը շատ քիչ է պահանջում հոգեւորականից, այս դեպքում հոգեւորականն ինչպե՞ս պետք է վարվի…

-Հոգեւորականն իր ամենօրյա ծառայությունն է կատարում, իսկ ասածս ուղղորդման նպատակ ունի՝ խնդրանք է սա, եկեղեցուց սպասեք միայն հոգեւորը: Կրկնում եմ, հոգեւորականի գործը մարդու հոգու հետ է՝ մարդու հոգու փրկությունն է:

-Իսկ երբ ինչ-ինչ պատճառներով ալեկոծվում է ժողովուրդը…

-Այդ պահին մենք բոլորս ծնկաչոք աղոթք ենք անում:

-Տեր Հայր, չե՞ք կարծում, որ մեր ժամանակներում, հոգեւոր մշակույթը մեծ հաշվով տեղը զիջել է ժամանցային արվեստին: Եկեղեցին դերակատարում չունի՞ այս հարցում: Մինչդեռ կային ժամանակներ (1990-ականներ), երբ յուրաքանչյուր շաբաթ «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանում էին անվճար համերգներ՝ ծրագրում հայ եւ համաշխարհային հոգեւոր երաժշտություն:

-Վստահաբար փաստեմ, որ մեր ժամանակներում, Փառք Աստծո, եկեղեցու կողքը համախմբված ժողովրդի թվում գերակշռում են երիտասարդները, առնչվելով հոգեւոր մշակույթի հետ: Ավելին՝ քիչ չեն այն դեպքերը, երբ երիտասարդներն իրենք են նախաձեռնում ու անցկացնում հոգեւոր-մշակութային տարբեր միջոցառումներ: Իսկ նման օրինակները գնալով շատանում են:

-Մեր հասարակության մեջ կան նաեւ թեկուզ փոքր թիվ կազմող ոչ հավատացյալ մարդիկ: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց:

-Բոլորին սիրում եմ, բոլորին պատրաստ եմ ծառայել եւ բոլորի առջեւ բաց են եկեղեցու դռները:

-Ձեր Փառեն հոգեւոր անունը աղերս ունի IV դարի կաթողիկոսի անվան հետ:

-Ինչպես ծնողն է անվանակոչում իր երեխային, այնպես էլ ինձ ձեռնադրող եպիսկոպոսը այս անունը շնորհեց ինձ: Գուցե այդ պահին իր մտքում նկատի ուներ կաթողիկոսին…

-Տեր Հայր, ձեր թույլտվությամբ, վերադառնանք մեր առաջին հարցին՝ Աստծո դատաստանից վախին…

-Այդպես ժողովուրդն է ասում: Ավետարանն ու եկեղեցին այլ բան են ասում, ոչ թե պետք է վախենալ Աստծուց, այլ սիրել Աստծուն, ի վերջո վախն ու երկյուղը տարբեր բաներ են: Մենք մեր ծնողից չենք վախենում, այլ երկյուղում ենք…

Զրուցեց

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031