Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ-երգահանի մտահոգությունը

Օգոստոս 26,2019 12:00

Բազմաթիվ խնդիրներ կան ծառացած հայ երաժշտարվեստի ասպարեզում: Այդ առումով հանդիպեցինք ու զրուցեցինք ժողովրդական երգի բազմամյա վարպետ, «Մշակույթ» համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ մանկավարժ, երգիչ-երգահան Էդվարդ Բեգլարյանի հետ:

– Պարոն Բեգլարյան, վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգով հանդես եկավ ԱՄՆ-ից մի սփյուռքահայ երգչախումբ: Ներկա էիք համերգին. ձեր կարծիքը եւ նկատառումները:

-Ինձ զարմացրին ոչ թե երգչախմբի անհատ կատարողները, ինչը որոշ չափով թերի էր, այլ հայկական երգերի բազմաձայն հնչողությունը: Հաճելի էր տեսնել նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչների, որոնք երգում էին հայերեն: Երգչախմբի դերը հայապահպանությունն էր, հայ երգարվեստը օտարներին ներկայացնելը: Նման երգչախմբերի ստեղծումն ու գործունեությունը ողջունելի է:

– Երեւանում հաճախ են հանդես գալիս տարբեր երկրներից Հայաստան հյուրախաղերի եկած երաժշտախմբեր, արդյոք արժեքավոր հետք թողնո՞ւմ են երեւանյան երաժշտական գունապնակին:

– Ցանկալի եւ հետաքրքիր կլիներ, որ այդ երաժշտախմբերը ներկայացնեին իրենց ազգային մշակույթը: Անկախ նրանց որակական չափանիշներից, նրանք որոշ գեղարվեստական ներգործություն թողնում են:

Էդվարդ Բեգլարյան
Շարժը՝ Գ. Բալայանի

– Ո՞վ է այսօր մեր առօրյայում թելադրում երաժշտական ճաշակ:

– Մտահոգիչ հարց է: Ցավով պիտի նշեմ, որ այդ «ճաշակ» ասվածը թելադրում են ռեստորանների, գիշերային ակումբների, նրանց կից բացօթյա տաղավարների տերերը: Քիչ չեն լավ երգիչները, բայց շատերը իրենց հացի խնդիրը լուծելու համար ստիպված ռեստորանային երգիչներ են դառնում եւ ցածրաճաշակ երգեր, երաժշտություն մատուցում:

– Արդյոք շարքային երաժշտասերը պաշտպանվա՞ծ է երաժշտական ֆալշից: Նկատի ունեմ հեռուստառադիոընկերություններից մեզ հրամցվող ոչ բարձրաճաշակ երաժշտությունը:

– Խնդրահարույց հարց է: Այսօր հեռարձակվող անորակ երաժշտությունը, երգը… մտնելով հանրային լսարան, ձեւավորում է այդ օտարամուտ կոչվածը (կլկլոցներ, նվնվոցներ…), որը խաթարում է ունկնդրի գեղարվեստական ընկալումը, որակազրկում դրականը: Այդ բնագավառը դեռեւս կարգավորման կարիք է զգում, լծակները բավարար չեն:

– Արդի երաժշտարվեստի հայ գործիչները որքանո՞վ են շարունակում հայ դասականների գործը, օգտվո՞ւմ են, արդյոք, հայ ազգային երաժշտական գանձարանից:

– Նախկինում անդրադառնում էին, հավատարիմ էին ավանդույթներին, առատորեն օգտվում էին, իրենցն էին ներդնում, ներկայումս էլ կան ստեղծագործ ուժեր, որոնք պահպանում են ավանդույթը, սակայն որոշներ էլ կան, որոնք շրջանցելով իրավասու մարմինների վերահսկողությունը, օտարամուտ հնչյունները կցմցում են հայկականի հետ, որի արդյունքում ստացվում է երաժշտական «շիլափլավ»…

– Այսօրվա երաժշտական կյանքում ի՞նչը ձեզ չի բավարարում:

-Անկեղծ ասած, շատ բան՝ համերգասրահների թանկարժեքությունը, պրոֆեսիոնալ երաժշտախմբերի կապի բացակայությունը շրջանների հետ, դրանց փոխադրագինը, որն ավելի թանկ է, քան արտիստին վճարելիքը: Բազում խնդիրներ կան ծառացած: Հումորով ասած՝ չեմ ուզում վատամարդ լինել:

– Որպես դաստիարակի, ի՞նչը կուզենայիք փոխել երաժշտական դաստիարակության մեջ:

– Շատ բան, բայց խոսքս տե՞ղ կհասնի: Արմատապես հենվել ազգային նվագարանների վրա, դուրս մղել էլեկտրոնային գործիքների նվագակցությունը: Վերջինիս հանդեպ առանձնապես վատ կարծիք չունեմ, բայց նրանք իրենց դերով թող հանդես գան իրենց ժանրում: Կուզենայի ստեղծվեր անշահախնդիր մի գեղարվեստական խորհուրդ, որը կհետեւեր երաժշտական մշակույթի նորամուծություններին:

– Խախտենք զրույցի ավանդական կանոնը, ընդմիջենք ձեր կյանքում տեղի ունեցած մի զվարճալի դեպքով:

– Իջեւանում համերգային շրջագայությունների ժամանակ հանդիպեցի խորհրդային բանակում ծառայած զինակից ընկերոջս՝ Բորիսին: Հրավիրեց իրենց տուն՝ սուրճ խմելու: Որոշ ժամանակ անց սուրճը փոխարինվեց սալորի թունդ օղիով: Մշակույթի տունը բավական հեռու էր իրենց տնից: Չեմ հիշում՝ քանի բաժակ օղի վայելելուց հետո, աճապարեցինք համերգի վայրը: Շտապեցի հանդերձարան եւ սկսեցի զգեստափոխվել: Այդ պահին ինձ մոտեցավ արդեն հայտնի երգիծաբան Հրանտ Հորիզոնը եւ զարմացած հարցրեց. «Բեգլարյան, շորերդ ինչո՞ւ ես հանում»: Ակամա երգիծաբանի պես պատասխանեցի. «Հորիզոն ջան, պատրաստվում եմ համերգային իմ մուտքին»: Նա քահ-քահ ծիծաղեց. «Էդիկ ջան, ջիգար ջան, ախր, համերգն ավարտվել է»:

– Պարոն Բեգլարյան, երաժշտասե՞ր է, արդյոք, մեր հասարակությունը:

– Բեմական կյանքս վկայում է, որ եղել է: Այսօր դժվարանում եմ ասել, որովհետեւ հանդիսատեսի մուտքը համերգասրահ նոսրացել է: Դահլիճներում բարձր գերձայնային ալիքներն ականջ են ծակում, նյարդային գրգիռներ առաջացնում: Աղմուկից, ծխից, ճղճղոցներից ճնշումդ բարձրանում է եւ ուզում ես գլուխդ բռնել ու փախչել: Էլ չեմ ասում՝ աչք հոգնեցնող լուսային էֆեկտների, միալար ռիթմերի մասին: Հոգնեցնող են հում եւ անորակ պարային ուղեկցությունները: Համաձայն չեմ նաեւ հանդիսատեսին ստիպելը համերգի այս կամ այն հատվածում անհարկի ծափահարելը:

– Այսօր պայքար տարվո՞ւմ է օտարամուտ վայրիվերումներից ազատագրվելու համար:

– Ինչքան էլ պայքարենք ու դիմագրավենք, համացանցն իր սեւ գործն անում է: Համակարգիչը շատերի համար ոչ թե աշխատանքային գործիք է դարձել, այլ պարապ մտքի զբաղմունք, անիմաստ ժամանակի վատնում: Օգտատերը գերի է դառնում, ռոբոտացվում, չգիտակցելով ինչն է իրեն անհրաժեշտ, ինչը՝ ոչ:

– Որոշակի չափորոշիչներ կա՞ն այլ երկրներից խմբեր հրավիրելու հարցում:

– Ազատ շուկայական հարաբերություններ են: Ցանկացած որեւէ խմբի գեղարվեստական ղեկավար, տնօրեն կամ անհատ կատարող կարող են Հայաստան հրավիրել համապատասխան խմբեր եւ հակառակը:

– Ովքե՞ր են զբաղվում երաժշտական քննարկումներով:

– Կոմպոզիտորների միությունը, երաժշտագետները, մշակույթի նախարարության համապատասխան բաժինը, բայց նրանց գործերն էլ հալած յուղի պես չեն գնում:

– Բազմամյա մանկավարժ եք, դասախոսել եք Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, դասավանդել «Մշակույթ» համալսարանում եւ մինչ օրս ուսուցչական գործունեություն եք ծավալում Երեւանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում:

– Հուրախություն մեզ, նշեմ՝ ունենք բավականաչափ շնորհալի երիտասարդություն: Օր օրի ասպարեզը համալրվում է նոր անուն-կատարումներով: Եվ այդ հնոցը երաժշտական դպրոցն է: Երեխան ստանալով 7-ամյա երաժշտական կրթություն, դաստիարակություն, արդեն իսկ ընդգծվում է նրա կյանքի ուղին. զբաղվել երաժշտությա՞մբ, թե՞ ընտրել այլ մասնագիտություն: Բայց ցավով պիտի նշեմ, որ շատերը, որպես կայացած երաժիշտներ, չեն կարողանում գտնել իրենց համապատասխան հարթակը, որի պատճառով հիասթափություն է առաջանում եւ ստիպված են լինում փոխել իրենց նախընտրած ոճը: Դասավանդելով երաժշտական դպրոցում, աշխատում եմ սաներիս զերծ պահել նման մտայնությունից՝ արմատավորելով նրանց մեջ ոճային հիմնարար ուղղություն:

– Պարոն Բեգլարյան, եկեք հարցազրույցին ուրախ տրամադրություն հաղորդենք՝ դարձյալ խախտենք ավանդույթը եւ ձեր կյանքից մեկ այլ զվարճալի դեպքով ավարտենք այն:

– Խորհրդային տարիներին էր. պարտադիր էր շրջաններ հյուրախաղերի գնալը: Պառավաքար գյուղում մեզ որպես հանդերձարան հատկացրել էին տեղի կուսկազմակերպության քարտուղարի առանձնասենյակը: Զգեստափոխման ժամանակ տղաները որոշում են գլխիս խաղ խաղալ: Գրադարակից հանում են Լենինի 24-րդ հատորը եւ աննկատ դնում զգեստապայուսակիս մեջ:

Իջեւանել էինք Բերդ քաղաքի հյուրանոցում: Դեռ բարի լույսը չբացված, մեր սենյակի դռան զանգը հնչեց: Պառավաքարի կուսկազմակերպության քարտուղարն էր: Սրտնեղած ներս մտավ եւ առանց բարեւի հայտնեց, որ իր առանձնասենյակի գրապահարանից անհետացել է Լենինի 24-րդ հատորը: Չիմանալով, որ գիրքը իմ պայուսակում է, զարմացած իրար նայեցինք ու ծիծաղ առաջացավ: Այդ պահին անկողնուց ելավ դհոլ Վարդանը եւ լուրջ տոնով հայտարարեց. «Այդ գիրքը, հավանաբար, Բեգլարյանը վերցրած կլինի, եկեք նրա պայուսակը նայենք»: Ես զարմացած բացականչեցի. «Տղա ջան, Լենինի հատորն ի՞նչ գործ ունի իմ պայուսակում…»:

Կռահելով տղաների կատակախաղը, ես էլ իմ հերթին փորձեցի սրամիտ քայլով դուրս գալ ծիծաղելի վիճակից. «Ճիշտն ասած, Լենինի հատորները բոլորը կարդացել եմ, 24-ը միայն չեմ կարդացել, մի երկու օր կթողնե՞ք ինձ մոտ, շուտ կվերադարձնեմ»: «Չէ,՜ ի՞նչ եք ասում ընկեր Բեգլարյան, չի կարելի, ամեն օր կենտրոնից գալիս՝ ստուգումներ են անցկացնում»:

Զրուցեց ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻՆ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031