Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանին Ադրբեջանի շախմատիստների պահանջով Թուրքիայում միջազգային մրցաշարին մասնակցել չթողնելու սկանդալային փաստը քննարկման թեմա է դարձել ինչպես ՖԻԴԵ-ում, այնպես էլ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մասնավորապես, շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ Գադիր Հուսեյնովը Մարիա Գեւորգյանին գրել է, թե նրա գրառումը կարդալուց հետո անմիջապես տեղի ունեցածով հետաքրքրվել է ինչպես մասնակից շախմատիստներից, այնպես էլ կազմակերպիչներից ու ֆեդերացիայից՝ խոսելով վերջինի տնօրենի հետ:
Ադրբեջանցի գրոսմայստերը եկել է եզրակացության, որ մեղավորը կազմակերպիչ կողմն է, իսկ տեղի ունեցածը՝ սադրանք: Գադիր Հուսեյնովը պարզել է, որ իր համերկրացի շախմատիստների կողմից ստորագրված պաշտոնական այդպիսի պահանջ չի եղել: Եղել է ընդամենը ոչ պրոֆեսիոնալ մի շախմատիստի ուղարկած e-mail, որը նա որակել է որպես սադրանք: Նա գրել է նաեւ, որ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահն անձամբ է գնացել մրցավայր եւ փորձել պարզել տեղի ունեցածը: Ըստ գրոսմայստերի, կազմակերպիչ կողմը իրավունք չուներ նրա իսկ որակավորմամբ՝ այդպիսի հիմարությանը նման ընթացք տալ:
Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն Aravot.am-ին ասաց, շատ տհաճ բան է կատարվել, ինչը ոչ մի առնչություն չունի շախմատային եւ ընդհանրապես սպորտային էթիկայի հետ եւ ոչ մի բանով չի կարող արդարացվել. «Ես երբեք նման բանի չեմ հանդիպել: Շախմատը մի մեծ ընտանիք է, ու մենք միշտ էլ տարբեր երկրներում ու մրցաշարերում հանդիպում ենք խաղատախտակների առջեւ թե անհատական, թե թիմային պայքարում: Այո, խաղատախտակի վրա միշտ էլ լարված պայքար է ընթանում ու դա բնական է: Բայց այսպիսի բան ես առաջին անգամ եմ տեսնում»,-ասաց մեր կանանց շախմատի առաջատարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ