«Դասախոսը գտնվելով «Աբովյան» ՔԿՀ-ում, չի ստացել որեւէ ծանուցում ԴԱՀԿ-ից՝ իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի մասին»
Սույն արձագանքի նպատակը ոչ միայն դատավարություն կոչված խաղերը ներկայացնելն ու դրանց բովանդակությունը պարզաբանելն է, այլև՝ ողջ դատաիրավական համակարգի գործելակերպի էությունն ու ներքին տրամաբանությունը բացահայտելը, որտեղ պարզորոշ երևում են դատավարական խաղերի դերաբաշխման և դերակատարման հստակ պայմանավորվածությունները:
Քանի որ նմանատիպ գործերը բազմաթիվ են մեր դատական համակարգում և հանրության համար այդպես էլ մնացել են չլուսաբանված ու չբացահայտված (որովհետև լրատվամիջոցները լուսաբանում են միայն հասարակական հնչեղություն ունեցող գործերը), ուստի սույն խնդրի լուսաբանումն այսօր ամենաակտուալն է նաև այն պատճառով, որ «անկախ» և «անձեռնմխելի» դատարաններն իրենց «փակ» գործելակերպի պատճառով դարձել են ոչ միայն ժողովրդավարացման ուղին բռնած մեր պետության կողմից որդեգրած ազատությունների սահմանափակման և առաջին հերթին՝ մարդու իրավունքների պաշտպանության դեմ ուղղված ճնշամեքենայի, այլև վերածվել են ժողովրդավարական գործընթացներին դիմակայող հիմնական խոչընդոտի և հենց այդ խոչընդոտը հաղթահարելու նպատակով էլ երկրում սկսվել են իրականացվել դատաիրավական բարեփոխումները:
Դատաիրավական համակարգը բարեփոխելու և արդարադատությունը առողջացնելու նպատակով անհրաժեշտ է նախևառաջ վերափոխել դատական համակարգի գործելակերպը և այն համապատասխանեցնել օրենքի պահանջներին, իսկ խնդիրն ավելի պատկերավոր ձևակերպելու նպատակով նշված համակարգի աշխատակիցներին հիշեցնենք, որ իրենց համակարգի գլխավոր խորհրդանիշը 2 նժար ունեցող «արդարության կշեռքն» է՝ ուստի արդարադատություն հաստատելու համար պետք է դատավարական գործընթացը կազմակերպել այնպես. որ «արդարության կշեռքի» 2 նժարներն հավասարապես՝ օրենքի պահանջներին համապատասխան օգտագործվեն, որպեսզի ապահովվի կշեռքի հավասարակշռված վիճակը, որն էլ հենց խորհրդանշում է արդարությունը: Իսկ երբ դատավարությունն իրականացվում է միայն մեկ նժարով, որտեղ նժարի ընտրությունը կամայականորեն կատարում են դատավորն ու դատախազը, ելնելով կողմերի նկատմամբ իրենց մոտ ձևավորված «ծանր» կամ «թեթև» գնահատականներից (պարզանաբեմ, որ «ծանրը» կամ «թեթևը» բոլորովին էլ կողմերի մեղադրանքներին չի վերաբերում), ապա այդպիսի դատավարությունները վերածվում են դատավարական խաղերի:
Կարդացեք նաև
Փաստորեն՝ դատավարական խաղերը իրենցից ներկայացնում են իրավական տարբեր գործընթացներից բաղկացած մի ընդհանուր շղթա, որոնց հիմնական դերը ոչ թե նժարների հավասարակշռությունը պահպանելն է, այլ հակառակը՝ նժարներից յուրաքանչյուրն, ըստ նախնական պայմանավորվածության, այս կամ այն կողմը թեքելու նպատակով իրավաբանական «հիմնավորումներ» կատարելն է և վերջ. վճիռն արդեն պատրաստ է:
Անցնենք բուն խնդրին և վերհիշենք հարցազրույցի հիմնական դրվագները:
Ս.թ. հունիսի 6-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լաուրա Խաչատրյանին պայմանական վաղաժամկետ ազատել է Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը՝ 5 տարի 4 ամիս 9 օր ազատազրկումը կրելուց (ի դեպ՝ նա կալանավորվել էր մինչ դատավարության ավարտը, դեռևս նախաքննության փուլում՝ 2013թ.-ին):
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարգարյանը որոշել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել 1966թ. ծնված Ագրարային համալսարանի նախկին դասախոս և ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետի գիտական աշխատանքներում որպես հայցվոր ներգրավված Լ. Խաչատրյանին` Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող ԵՊՀ դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումարներ «հափշտակելու» մեղադրանքով 11 տարվա ազատազրկման դատապարտված դասախոսին: Վերջինս 6 տարի արդեն ազատազրկված է եղել, պատիժը կրելիս դրական վարքագիծ է դրսեւորել: Սա այն ակնառու դեպքերից է, երբ վճռի արդարացիության վրա նույնիսկ դատախազը չի կասկածել և, գոնե արտաքուստ, պահպանել է իր կոչմանն ու պարտականություններին համապատասխան դիրքորոշումը և վերաքննիչ բողոք չի ներկայացրել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, տակից լավ էլ ‘’խաղեր է տվել’’ և սերտորեն համագործակցել բողոքաբերի հետ, իսկ դատարանում իրեն դրսևորել որպես վերջինիս «անձնական փաստաբանը»:
Ի դեպ, սույն գործով մյուս տուժողները նույնպես չեն բողոքել, քանի որ նրանք նույնպես, ինչպես դատապարտյալը, չեն ընդունել 2015թ. հունիսի 15-ի դատավճռի արդարացիությունը, այսինքն՝ վստահ են, որ իրենց գումարները Լ. Խաչատրյանը չի յուրացրել, պարզապես այն ժամանակ էլ վերը նշված մեթոդներով իրականացված դատավարական խաղերի արդյունքում ամբողջ մեղադրանքը բարդվել է Լ. Խաչատրյանի վրա: Իսկ ահա՝ կուլիսներում դատախազի «հովանավորությունը» ձեռք բերած միակ տուժողը, որը քրեական գործի շրջանակներում իրարամերժ ցուցմունքներ էր տվել, որոշել էր մեկ անգամ էլ բախտը փորձել՝ շփոթելով պայմանական վաղաժամկետ ազատման դատավարությունը քրեական կամ քաղաքացիական դատերի հետ և վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ ս.թ. հուլիսի 26-ին անհասկանալիորեն բավարարվել էր իր «խիստ» որոշումներով արդեն հայտնի դարձած դատավոր Արմեն Դանիելյանի կողմից, ով իբր «գտել» էր, թե առաջին ատյանի դատարանը սխալ որոշում է կայացրել՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով:
Լաուրա Խաչատրյանի պաշտպան Գայանե Գրիգորյանն ընդարձակ հարցազրույց է տվել «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանին (տպագրվել է թերթի 01.08.19թ. համարում), ապացուցելով ոչ միայն բողոքաբերի կողմից ներկայացված և ըստ էության տվյալ գործի հետ կապ չունեցող բողոքի անհիմն լինելը, այլև այն բավարարելու դատավորի խիստ միակողմանի որոշումը, ինչպես եղել էր նաև Լ. Խաչատրյանի նախկին` քրեական գործի դատավարության ժամանակ և հայտնել էր, որ դիմելու է Վճռաբեկ դատարան:
Քանի որ իր հարցազրույցում պաշտպանը մանրակրկիտ վերլուծությամբ հանգամանորեն ներկայացրել էր գործի իրավական դրույթները, ուստի ես կանդրադառնամ միայն դրանք անտեսած և անհիմն ենթադրությունների ու եզրակացությունների հիման վրա միակողմանի, այսինքն՝ մեկ նժարի վրա հիմնվելով, ճակատագրական վճիռ կայացրած դատավորի կայացրած վճռի իրավական գնահատականների վրա:
Ծանոթանալով պաշտպանի հարցազրույցում ներկայացված փաստարկներին, որոնք նա ներկայացրել էր նաև դատարանում՝ իր 20 րոպեանոց պաշտպանական ճառի ընթացքում, ակամա վստահում ես արդարադատությանն ու սպասում արդար որոշումների կամ վճիռների կայացմանը, սակայն պարզվում է, որ մեր պատկերացումներն արդարադատության վերաբերյալ շատ են տարբերվում արդարադատությունը դատավարական խաղերի վերածած դատավորների պատկերացումներից, ավելի ճիշտ կլինի ասել` նրանց կողմից արդարադատության մենաշնորհը սեփականաշնորհած «անկախ» դատարանների, ինչպես նաև նախկին «օլիգարխիկ» համակարգի շահերը սպասարկող ողջ դատաիրավական համակարգի «փակ» գործելակերպի տրամաբանական արդյունքը հանդիսացող անարդարադատությունից:
Ասվածի ապացույցը սույն մեկնաբանությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է նույն գործը վարող դատավորը, հենվելով նույն փաստերի վրա, ինչ որ պաշտպանը, կատարում տրամաբանորեն հակառակ եզրահանգումներ և, բնականաբար, կայացնում արդարությանը տրամաբանորեն հակառակ վճիռ:
Բնականաբար, նշված վճռի կայացման վրա իր դերակատարումն է ունեցել նաև դատախազը, որը դատավորի գլխավոր «պատվիրատուն» է: Երբ դատախազը, մի կողմ դնելով իր հիմնական պարտականությունը՝ պետության և պետական մարմինների կողմից առաջադրված խնդիրը լուծելու հանձնարարականը և սկսում է պաշտպանել կողմերից մեկին` ակամա խախտելով արդարադատության սկզբունքներն ու ներկայացնել այդ կողմի օգտին կայացրած մեղադրանքներ, այլ կերպ ասած՝ արդարադատության կշեռքի նժարը թեքում է մի կողմի վրա, ապա դատավորը, իր ուսերին վերցնելով դատախազի կողմից ներկայացված միակողմանի մեղադրական պահանջը կատարելու «ծանր բեռը», պարտավորված է իր «թեթև մուրճի» մի հարվածով զրոյացնել ու ոչնչացնել այն բոլոր փաստերն ու ապացույցները, որոնք «խանգարում են իր վրա վերցրած պարտվորությունների կատարմանը» և կայացնել այնպիսի վճիռներ, որոնք ոչ միայն ոտնահարում ու սահմանափակում են մյուս կողմի կամ կողմերի իրավունքները, այլև կոծկում են իրական հանցագործությունը և թաքցնում իրական հանցագործներին, արժեզրկելով մեր պետության արդարադատությունն ու օրենքները, իսկ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրանք ոչ միայն ժողովրդավարացման դեմ ուղղված մարտահրավերներ են, այլև` դատապարտելի արարքներ` ինչպես մեր օրենսդրությամբ, այնպես էլ` Սահմանադրությամբ:
Պարտադիր չէ իրավաբան լինել հասկանալու համար, թե ինչպիսի բացասական ներգործություն են ունենում դատավարական խաղերը պետականության կայացման և նրա անվտանգության ապահովման գործում՝ սկսած իր քաղաքացիներին իրավազրկելուց, որն հավասարազոր է իրավական ստրկության ենթարկելուն, մինչև՝ տնտեսական ու քաղաքական ստրկության ենթարկելը և, որպես դրանց տրամաբանական արդյունք՝ նրանց աղքատության մատնելուց մինչև արտագաղթի մղելը: Իսկ եթե իրավական գնահատական տանք փաստված գործելակերպին, ապա դա մեր պետության և պետականության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որն ընկած է ողջ դատաիրավական համակարգի ուսերին և որն այսօր դարձել է գլխավոր խոչընդոտը երկրում ժողովրդավարություն հաստատելու գործընթացում: Այստեղ տեղին է մեկ անգամ ևս հիշեցնել համակարգն առողջացնելու նպատակով Վարչապետի կողմից բազմիցս հնչեցրած բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության ու հրատապության և, որպես դասական օրինակ, սույն հոդվածում ներկայացված դատավարական խաղերով զբաղված դատավորներին ու դատախազներին այդ գործընթացում անհապաղ վեթինգի ենթարկելու վերաբերյալ:
Ելնելով սույն հոդվածում ներկայացված գործի բնույթի բացահայտումներից, նկատելի է, որ առայժմ ոչ բոլոր դատավորներն ու դատախազներն են ցանկանում բարեփոխվել, սակայն շուտով սույն հոդվածը նրանցից շատերի համար կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, այնպես՝ ինչպես իրենք են առ այսօր խաղացել բազում ճակատագրերի հետ:
Այժմ կարելի է պարզորոշ ուրվագծել այն սխեման, որով առաջնորդվել է դատավոր Ա. Դանիելյանը՝ հիմնվելով վերջինիս կողմից կայացրած վճռի և այդ վճռի համար որպես հիմնավորում իր կողմից մատնանշած եզրահանգումների վրա.
– նա՝ նախ վերաշարադրել է այն բոլոր փաստերը, որոնց հիման վրա Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը կատարել է համապատասխան վճիռը, ապա, միգուցե ներքուստ ընդունելով այդ վճռի իրավացիությունը, ինչպես նաև՝ հաշվի առնելով պաշտպանի ապացույցները բողոքաբերի բողոքի անհիմն լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ իր «պարտավորությունը» դատախազի հանդեպ կատարելու համար պրպտել է Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումներն ու գտնել իր «սեւ» գործը կատարելու համար ընդունելի մի դրույթ;
– ապա մատնանշում է Վճռաբեկ դատարանի 30.11.07թ. թիվ ՎԲ212/07 որոշումը, որով դատարանին տրվում է «հայեցողություն դրսևորելու հնարավորություն», այսինքն՝ դատավորներին տրվում է յուրաքանչյուր առանձին գործի համար կատարել ինքնուրույն մեկնաբանություններ և, անմիջապես օգտվելով իրեն տրված այդ իրավունքից ու, չգտնելով առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու որևէ հիմք, ընկել է երևակայության գիրկն ու գոյություն չունեցող փաստերի, այլ՝ ընդամենը ենթադրությունների վրա, կատարել է սխալ հետևություն, որն ազդել է դատավարության վերջնական ելքի և վճիռ կայացնելու գործընթացի վրա;
– այնուհետև, շրջանցելով մեղադրյալի մեղքը մեղմացնող բազմաթիվ ապացույցներն ու պատիժը կրելու ընթացքում նրա դրական վարքագիծը բնութագրող բազմաթիվ գործոնները և, անտեսելով վաղաժամկետ պայմանական ազատման նպատակով պետական մի քանի մարմինների կողմից ներկայացված բոլոր դրական միջնորդություններն ու պաշտպանի կողմից համակողմանի վերլուծության արդյունքում ներկայացված փաստերն ու ապացույցները, այդ թվում նաև՝ տուժողների ներկայացրած դրական դիրքորոշումները, որոնք գրավոր իրենց կարծիքն էին ուղարկել դատարան առ այն, որ իրենք դեմ չեն Լ. Խաչատրյանի վաղաժամկետ պայմանական ազատմանը (բացառությամբ պայմանական վաղաժամկետ ազատման գործով միակ բողոքաբերի՝), Ա. Դանիելյանն ընտրել է այն վիճելի դրվագը, թե ինչու մեղադրյալը չի ընդունել իր վրա բարդված մեղադրանքը կամ՝ ավելի ճիշտ, ինչու մեղադրյալը չի ընդունել քրեական գործով դատախազ Դավիթ Կարապետյանի կողմից իրեն ներկայացված ամբողջ մեղադրանքը կամ՝ ինչու է մասամբ ընդունել իր մեղքը, այլ ոչ՝ ամբողջը, որի համար էլ դատապարտվել է ծանր մեղադրանքով;
– եթե այսքան փաստերի առկայության պայմաններում Ա. Դանիելյանը հետևեր Արդարադատություն իրականացնելու իր բուն առաքելությանը և կատարեր անաչառ և լուրջ վերլուծություն ճշմարտությունը բացահայտելու
նպատակով, մանավանդ, որ դրանց վերաբերյալ առկա են բազմաթիվ ապացույցներ՝ սկսած քրեական գործով հանրային պաշտպանի 2015թ. վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում ներկայացված փաստերից՝ մինչև տուժողների կողմից տարբեր ատյաններին ներկայացրած (ՀՀ Դատախազություն, ՀՀ ՀՔԾ, ՀՀ Վարչապետ, ՀՀ Նախագահ և այլն) նույնաբովանդակ դիմում-բողոքները և, վերջապես, մամուլի հրապարակումները ԵՊՀ բնակարանաշինության հետ կապված նոր չարաշահումների մասին, որոնց կապակցությամբ ՀՔԾ-ն հասցրել է քրեական գործեր հարուցել, որոնք որպես Լ. Խաչատրյանի գործին առնչվող նոր հանգամանքներ, կարող են ինչ-որ դրվագներով կապ ունենալ իր քրեական գործի հետ, ինչի մասին բազմիցս են բարձրաձայնել են ինչպես մեղադրյալը, այնպես էլ՝ տուժողները, ապա ինքը նախ՝ իր, ապա՝ նախկինում սխալ որոշումներ կայացրած դատավորների համար կպարզեր, թե ինչու մեղադրյալը չի ընդունել իր չկատարած հանցանքներն ու իր վրա բարդված մեղադրանքները և, բնականաբար, կգնար այդ խնդիրը պարզաբանելու ուղղությամբ:
Բազմահազար ընթերցողներին հետաքրքրող այս հարցը պետք է որ ամենաշատը հետաքրքրեր նաև ողջամիտ դատավորին, էլ չեմ խոսում մարդկանց ճակատագրերի հետ դատախաղերով զբաղված դատական համակարգի այլ կառույցների պատասխանատուներին:
Կարծում եմ նաև, որ ողջամիտ դատավորի համար պետք է որ դաս եղած լիներ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի կողմից կայացրած 2015թ. հունիսի 15-ի ճակատագրական վճռի ճակատագրական հետևանքը, որը ճակատագրի հեգնանքով, թե՝ բումերանգի էֆեկտով ազդել էր սեփական ճակատագրի վրա, ինչի արդյունքում վերջինս ստիպված էր հրաժարական տալու՝ կապված եղբոր վրա քրեական գործ հարուցելու հետ՝ տարիներ շարունակ բանակին կարագի փոխարեն սպրեդ մատակարարելու հաշվին միլիոնավոր դոլարներ գրպանելու մեղադրանքով (շատ հետաքրքիր կլիներ իմանալ, որ եթե ինքը լիներ նաև եղբոր դատավորը, ապա նույնպե՞ս կկիրառեր առավել խիստ պատիժ ու կդատապարտե՞ր արդյոք 11 տարվա ազատազրկման):
Մնում է ավելացնել, որ Ա. Խաչատրյանի կողմից կայացրած 2015թ. հունիսի 15-ի վճիռը նույնպես դասական օրինակ է դատախազ-դատավոր սերտ համագործակցության և դերերի հստակ տեղաբաշխման, որտեղ նույնպես դատավորը պարտավորություն էր կրում դատախազի բոլոր պահանջները, այդ թվում նաև՝ անօրինական պահանջները կատարելու գործում: Հենց դրա արդյունքում է մեղադրյալի նկատմամբ կիրառվել իր կատարած հանցանքի համեմատ բավական խիստ պատիժ (նույնիսկ մարդասպանների և մանկապիղծների նկատմամբ այդպիսի խիստ վճիռներ չեն կայացվում), մինչդեռ միայն գույքային վնասի համար գործով ընդամենը օժանդակողին ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով 11 տարվա ազատազրկման դատապարտելը ոչ միայն չափազանց խիստ պատիժ է, այլև՝ ենթադրում է կոռուպցիոն ռիսկեր, որի ապացույցը այդ գործով դատախազ Դավիթ Կարապետյանի ապօրինի պահանջն էր ինչպես մեղադրյալից՝ իր կողմից չկատարած հանցանքները իր վրա վերցնելու, այնպես էլ դատարանից, մեղադրյալի կողմից հանցանքը չընդունելու դեպքում առավել խիստ պատիժ կիրառելու վերաբերյալ:
Վերջապես, Կառավարության կողմից Հայաստանում սկսված դատաիրավական բարեփոխումների նպատակով վերջերս հանրության դատին են հանձնվել Արդարադատության նախարարության կողմից մշակված «Հակակոռուպցիոն ռազմավարության» և «ՔԿՀ-ներում բարեփոխումների և Պրոբացիայի իրականացման ռազմավարության», ինչպես նաև դատավորների բարեվարքության վերաբերյալ օրենքների նախագծերը և այս կոնտեքստում Ա. Դանիելյանը լավ հնարավորություններ ուներ իր արդար որոշմամբ բարձրացնելու արդարադատության նշաձողն ու իր դրական ներդրումը կատարել այդ կարևոր գործընթացում, սակայն նա չօգտվեց այդ հնարավորությունից:
Այսքանից հետո դժվար չէ պարզել, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Դանիելյանն, ըստ էության, հին համակարգին կառչած և այդ համակարգին ծառայող դատավորներից է, քանի որ չի ուզում վնասել նախկին համակարգի իր գործընկերներին և իր գործելակերպով դեմ է բարեփոխումներին և, ելնելով նրա վնասարար գործելակերպից, Խորհուրդ չէի տա, որ Լ. Խաչատրյանի գործը քննող մյուս դատավորները հետևեին նրա օրինակին:
Միաժամանակ բոլորին կոչ եմ անում սթափվելու, վերափոխվելու և երկրում արդարություն հաստատելու գործընթացներին առնվազն չխանգարելու:
Այստեղ արդեն լուրջ անելիքներ ունեն և վճռական խոսք ունեն ասելու ոչ միայն Վճռաբեկ դատարանն ու Բարձրագույն Դատական Խորհուրդը և Արդարադատության նախարարությունը, այլև՝ Դատախազությունն ու ՀՔԾ-ն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններն ու իրավապաշտպանները, այդ թվում` Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը, ԱԺ–ի Մարդու իրավունքի պաշտպանության հանձնաժողովը, ՀԽ-ի Պետաիրավական հանձնաժողովը, Պրոբացիայի պետական ծառայությունը և, իհարկե, ամենազոր ԱԱԾ-ն՝ պարզաբանելու համար, թե ինչ կապ գոյություն ունի վերը նշված 2015թ. հունիսի 15-ի թիվ 0097/01/14 և 2019թ. Վերաքննիչ դատարանի հուլիսի 26-ի թիվ ԿԴ1/0008/12/19 վճիռների միջև:
Թվարկածս բոլոր պետական կառույցներն էլ պատասխանատու են երկրում տիրող համատարած և բացարձակ անարդարության համար, ուստի հենց այս գործից էլ պետք է սկսել պայքարը անարդարության դեմ և սկսել նախ և առաջ հոդվածում թվարկածս բոլոր դատավորներին ու դատախազներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, մինչև որ անցումային արդարադատությունը սկսի իր «մաքրագործումը» կամ, ինչպես ընդունված է ասել՝ վեթինգը:
Ամփոփելով սույն արձագանք-հոդվածում արված բոլոր մեկնաբանությունների վերջնական արդյունքը, ուզում եմ հնչեցնել հետևյալ հռետորական հարցերը՝ որոնք ուղղված են ոչ միայն սույն խնդրո առարկա պատասխանատուներին, այլև՝ այսօրվա մեր բոլոր իշխանավորներին. ինչու պետք է Լ. Խաչատրյանը շարունակի մնալ կալանքի տակ այն պարագայում, երբ…
– սույն գործով իսկական հանցագործները դատախազի «հովանավորությամբ» դեռ ազատության մեջ են, իսկ բողոքաբերը իր գումարները նրանցից պահանջելու փոխարեն պահանջում է Լ. Խաչատրյանից և որը, թեկուզ անհիմն, խոչընդոտում է վերջինիս պայմանական վաղաժամկետ ազատման վճռի իրականացմանը;
– բանակը թալանած հանցագործները, այդ թվում՝ վերը հիշատակված տխրահռչակ դատավորի եղբայրը նույնպես ազատության մեջ է;
– այսօր մեր ողջ ազգին ու պետությանը թալանած և բոլորին քաջ հայտնի մականունավոր ու անմականուն բոլոր հանցագործները դեռևս ազատության մեջ են;
– և, վերջապես, անձամբ ինձ համար, կարևոր ևս մի հանցագործ օֆշորի գործով նույնպես ազատության մեջ է, որի պատճառով ոչ միայն ես զրկվել եմ իմ երկար տարիների աշխատանքից Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանում, այլև մեր ողջ համայնքն է զրկվել այն մեծ աջակցությունից ու ծրագրերից, որոնք կարող էին իրականացվել Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ ու մասնակցությամբ:
Ահա թե ինչից պետք է սկսի նաև իր նորամուտը նոր ձևավորվող հակակոռուպցիոն մարմինը, որի համար սույն գործը կարող է մեկնարկային փորձաքար լինել:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի առջև դրված խնդիրը չափազանց բարդ է և հանձնաժողովը միայնակ չի կարող կատարել իր վրա դրված առաջադրանքների ամբողջ ծավալը՝ առանց քաղ. հասարակության ակտիվ մասնակցության և օժանդակության, ուստի կոչ եմ անուն քաղ. հասարակության ակտիվ ներկայացուցիչներին համախմբվել հակակոռուպցիոն մարմնի շուրջը կամ՝ ստեղծել նույն խնդիրներով զբաղվող հասարակական կառույց և ակտիվ պայքար մղել երկրում արդարադատությունը վերականգնելու, դատաիրավական համակարգն առողջացնելու և այն երկրի զարգացմանն ու ժողովրդավարացմանը խոչընդոտող կառույցից օժանդակող կառույցի վերածելու համար:
Դավիթ Ալեքսանյան
Համակարգագետ,
քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչ
«Առավոտ» օրաթերթ
24.08.2019