Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պատերազմով տանուլ տված հողը կարող ենք հաղթանակով ետ բերել, հանքով թունավորված անապատը ու՞մ պիտի կտակենք

Օգոստոս 26,2019 10:43

Մինչ մենք աշխարհով մեկ ազգովի քուն ու դադար կորցրած, ջլատելով մեր էներգիան, հոգեկան առանց այդ էլ պղտորված անդորրը` խոսում ենք, խոսու՜մ… ԱՄՈՒԼՍԱՐԻ գրեթե քթի տակ` Վայոց  Ձորի և Նախիջևանի սահմանին տեղի են ունենում  թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ` օրավուր ավելացող հսկայածավալ զինտեխնիկայով և հայկական բնակավայրերի վրա հաճախակի արձակվող կրակոցներով:  Հետևաբար՝ ո՞րն է երաշխիքը, որ բացված հանքի վրա թշնամու կողմից «սխալմամբ» կամ «պատահականորեն» չի պայթի ԿՈՐԾԱՆՈՒՄԸ:

Ո՞րն է երաշխիքը: Ախր բոլորիս հայտնի է, որ Ամուլսարը սովորական և այն էլ միայն ոսկու հանքավայր չէ: Այն առաջին հերթին Հայաստանի ջրային ավազանը սնուցող զարկերակն է, (հիշեցման կարգով` ոսկու տենդով տառապողների համար,-ջրային պաշարների քանակով մենք այսօր դասվում ենք աշխարհի ռիսկային երկրների շարքում):  Ի՞նչ է ոմանց ուզածը` Արցախին զուգահեռ բացել պաշտպանական և՞ս մի ճակատ:

Եթե պատերազմով տանուլ տված հողը կարող ենք հաղթանակով ետ բերել, հանքով թունավորված անապատը ու՞մ պիտի կտակենք…

Եւ, առհասարակ, ինչի շուրջ է մեզ մատուցվող համազգային այս աղմուկը` միայն ոսկու՞: Ինչպե՞ս կարող է ինչ-որ «Լիդիան», որն ընդամենը անհայտ, անհասկանալի, 2005 թվականի երիցս անիծյալ ժամանակաշրջանում ծնված խարդախակիր մի դիմակ է, և որն այսօր պետք է ճաղերի ետևում լիներ, ինչպե՞ս կարող է համահայկական այսպիսի լարված անհանգստություն առաջացնել:

Հայտնի է, որ պատերազմների ժամանակ ռազմավարական նշանակության օբյեկտները վերցվում են հատուկ հսկողության տակ, և երբեմն դադարեցվում առժամանակ:  Իսկ մենք ձեռուոտ ընկած քննարկում ենք` Ամուլսարի տակ ական դնե՞նք, թե` ոչ: Միայն անմեղսունակ մարդը կարող է ասել, որ պատերազմի թեժ օջախ ունեցող կամ պատերազմի շեմին կանգնած երկրի սահմանին կարելի է Ամուլսարի վտանգները պարունակող հանքավայր բացել, երբ ամենաթույլ երկրաշարժն անգամ բերելու է անապատացման անդառնալի հետևանքների:

Իհարկե , մենք  այսօր համազգային այս դիլեմայի առաջ կանգնած չէինք լինի, եթե տեղի չունենար «հոկտեմբերի 27-ի» ոճիրը, որի քայքայիչ հետևանքները դեռ շատ երկար կզգացվեն մեր պետության ու պետականաշինության գործընթացներում:

Իսկ  Ամուլսարի  ճակատագիրը  որոշողներին ուզում  եմ հիշեցնել  մ.թ.ա.  իր հաղթանակների ու փառքի գագաթին հասած հայ մեծագույն զորավարներից մեկի` Հրաչյայի վերջին խոսքերը. «Ավաղ այս անցավոր փառքին»:

Եվ ստեղծված պառակտիչ ու ծանրագույն հետևանքներով հղի դիլեմայի լուծման բանալի որպես առաջակում եմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի  պատգամը.

-ՀՈՂՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է, փողը` թուղթ:

P.S.  Ամուլսարի շահագործման դեմ մեր միասնական ու հետևողական պայքարով միայն կարող ենք օգնել կառավարությանը` մերժելու այդ հիրավի հայադավ ծրագիրը:

             Անահիտ   Քնարյան
                                Նյու Յորք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031