Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 09:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ:
***
Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք:
Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:
Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:
Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն (20 փրկարար):
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն