ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, որն այսօր Գյումրու տոնի առթիվ ելույթ ունեցավ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ, Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցում պատմեց, թե ինչպես ստացավ ելույթ ունենալու հրավեր և ինչու հրաժարվեց իրեն առաջարկվող գումարից։ Նրա ելույթի համար նախատեսված 950 հազարով երաժշտական գործիքներ էին գնվել, որոնք երգչուհին նվիրեց 100-ամյա պատմություն ունեցող երաժշտական այս դպրոցին։
«Գյումրին իմ մանկության քաղաքն է, ես այստեղ շատ-շատ եմ եղել, այստեղ ունեմ մորաքույրներ և շատ ազգականներ, բարեկամներ, ընկերներ։ Երբ երեխա էի, ամեն տարի ամռանը գալիս էի այստեղ հանգստանալու»։
Երգչուհին ասաց, որ 1988 թվականի երկրաշարժից հետո տարիներ շարունակ չէր կարողանում Գյումրի գալ, քանի որ ընկերուհիներից մեկը զոհվել էր, ու ինքը մեծ ցավ էր ապրել։
Կարդացեք նաև
Իսկ երբ արդեն բեմում էր ու այցելում էր Գյումրի, իր բոլոր համերգները եղել են բարեգործական։
«Այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ հնարավոր չէ, ես կարծում եմ բոլոր արվեստագետները, որոնք այստեղ գալիս են, պիտի գան միայն երգելու կամ ելույթ ունենալու, այլ ոչ գումար վաստակելու։ Այս անգամ, երբ առաջարկեցին ելույթ ունենալ Գյումրու օրվան նվիրված, իմ պատասխանը նույնպես այո էր, ուրիշ կերպ էլի չէր կարող լինել։ Ես չգիտեի՝ ինչ է լինելու, ես ասացի, որ ինձ գումար պետք չէ, ես գալու եմ, իսկ Լիլիթը (ի նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանին, Ա․Ն․) ասաց՝ չէ, մենք գումար նախատեսել ենք։ Ես ասացի՝ ինչ ուզում եք արեք այդ գումարը, ինձ պետք չէ, այնուհետև, երբ ասաց՝ ինչի համար է, ես, իհարկե, շատ ուրախացա, որ այս գործիքները կլինեն ու մեր երեխաները կօգտվեն գործիքներից։ Աստված տա, նրանք մեծ երաժիշտներ դառնան և մեր ազգը արժանապատվորեն ներկայացնեն աշխարհին»,-ասաց երգչուհին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ