Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի հայ ինքն իրեն մինչև վերջ չի ճանաչի, քանի դեռ չի եղել Գյումրիում»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը

Օգոստոս 25,2019 23:20

Գյումրիում տոնակատարությունը դեռ շարունակվում է․ Վարդանանց հրապարակում տոնական համերգ է․ ելույթ է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը` Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ։ Համերգին մասնակցում են մեծ թվով բարձրաստիճան հյուրեր։

Քիչ առաջ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գյումրեցիներին ու հայ ժողովրդին շնորհավորելով Գյումրու տոնի առիթով։

«Այս հրապարակն ամեն ինչի մասին ասում է, ես երբեք Գյումրիի հրապարակը՝ Վարդանանց հրապարակն այսքան մարդաշատ չեմ տեսել, նույնիսկ հեղափոխության օրերին։ Եվ սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյումրեցին հաղթել է, կյանքը հաղթել է, աշխատանքը հաղթել է, Հայաստանը հաղթել է, հայ ժողովուրդը հաղթել է։

Սիրելի՛ գյումրեցիներ, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա տոն է Հայաստանի բոլոր քաղաքների համար, բոլոր բնակավայրերի համար և ուզում եմ բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարևոր մեզ համար։

Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը։ Գյումրին մեզ բոլորիս համար պահել, պահպանել, զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը։ Եվ այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար աղետի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ մեր ժողովրդի ապրելակերպը և դիմագիծը։ Այս է պատճառը, որ մենք սիրում, պաշտում ենք Գյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, մենք հպարտանում ենք գյումրեցիներով»,- ասաց վարչապետը։

Նա իր ելույթում նշեց, որ պետք է փոխել Գյումրիի ընկալումը և որ Գյումրի ասելով՝ բավական է հասկանալ աղետի գոտի։ Գյումրին, ըստ վարչապետի, աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաև հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության ու ժողովրդավարության կենտրոն է։

«Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետևանքները վերացված են, ամենևին, բայց երբ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դա չի նշանակում, թե մեր հպարտությունն այս ընթացքում հարվածներ չի ստացել։ Երբ ասում ենք հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է, դա ամենևին չի նշանակում, թե մենք պարտություններ չենք կրել, ընդհակառակը նշանակում է մենք պարտությունների միջով անցնելով՝ կարողացել ենք նոր ուժ տալ հաղթանակի մեր կամքին։ Եվ Գյումրին, աղետի միջով անցնելով, աղքատության, դժնդակ օրերի միջով անցնելով, դժվարությունների միջով այսօր էլ անցնում է, բայց ի ցույց է դնում իր հաստատակամությունն ապրելու, կերտելու, աշխատելու, արարելու, ծաղկելու և դառնալու մշակույթի, քաղաքական, տնտեսական կյանքի իսկական կենտրոն»։

Վարչապետը նաև ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Գյումրին այս տարի լինելու է սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա տոնակատարությունների կենտրոնը։ Նա նշեց, որ նոր ավանդույթի սկիզբ են դնում, ամեն տարի սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը, մարզից մարզ են տեղափոխելու և դա սկսում են Գյումրիից։ Վարչապետը հայտարարեց Գյումրու միամսյակ՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 21-ը։
«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներից և գյուղերից, Սփյուռքի բոլոր համայնքներից, ովքեր չեն եղել Գյումրիում, ովքեր չեն տեսել Գյումրին, կոչ եմ անում ձեզ, անպայման այցելել Գյումրի, որովհետև ոչ մի հայ ինքն իրեն մինչև վերջ չի ճանաչի, քանի դեռ ինքը չի եղել Գյումրիում։ Մենք մեր ազգը, ինքներս մեզ ճանաչելու համար, պետք է տեսնենք Գյումրին, իմանանք նրա ամեն բակը, ամեն տունը, ամեն շենքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթի վերջում հորդորելով լինել «դուխով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Երանի՜ խուլերին, որ ձայնը չեն լսում,,

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031