Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 33,68 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին: Այդ գումարից 16, 200 միլիոն դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին, 17,400 միլիոն դրամը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»:
Նշյալ երկու հասարակական կազմակերպություններն այս գումարով պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։
Aravot.am-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից, որի ղեկավարած կազմակերպությունը համապետական եւ տեղական ինքնակառավարման ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել դիտորդական առաքելության նպատակով: Պարոն Իշխանյանն ասաց, որ մեկ անգամ համապետական ընտրություններն են դիտարկել, մեկ այլ անգամ էլ՝ Երեւանի ընտրությունների ժամանակ են որպես դիտորդ հանդես եկել:
Նրա խոսքով․ «Երեւանում դիտարկել ենք մի վարչական շրջան եւ ամբողջ վարչական շրջանի տեղամասերը ծածկել ենք երկուական դիտորդներով, որոնք իրար փոխարինել են: Մինչ այդ նախապատրաստական աշխատանքներ ենք ունեցել դիտորդների հետ, երկու անգամ էլ՝ դասընթացներ: Զանազան տեսակի գրասենյակային բաներ՝ ամեն դիտորդի համար, այդ թվում ունեցել ենք դիտորդներ, որոնք մարզերից են եղել եւ եկել են Երեւան դիտորդություն անելու, այդ ծախսերն էլ ենք հոգացել:
Կարդացեք նաև
Տարբեր տարիների 100-120 դիտորդներ ենք ունեցել, հիմնականում եղել է 40 տեղամաս, իրար փոխարինող երկու դիտորդներ՝ միշտ շրջիկ խմբերով, Մի շտաբ ենք ունեցել, որն անընդհատ, կապի մեջ է եղել եւ այդ շտաբն էլ վարձել ենք, որովհետեւ մեր գրասենյակն այդ ժամանակ ընտրական տեղամաս էր եւ փակ էր»:
Ավետիք իշխանյանի տվյալներով, բոլոր այդ ընտրություններում էլ դիտորդական առաքելության ծախսերը կազմել են մոտ 5-ից 7 հազար դոլար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ