Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրի իմ խցում ունեմ իմ անձնական փոքրիկ գրադարանը․ ընթերցելով՝ կփորձեմ փոխել կյանքս

Օգոստոս 25,2019 17:00

Երեւի կալանավայրում գիրք առնելը կամ նվեր ստանալը, եթե ոչ բոլորին, ապա շատերին տարօրինակ կթվա։ Ինչպես այստեղ են ասում, «մի երկու մանեթ ունես»՝ ծխախոտ, սուրճ, շաքարավազ եւ այլ առաջին անհրաժեշտության իրեր գնիր։ Իսկ երբ քեզ կարճատեւ տեսակցության եկած ընկերդ՝ Գագիկը, խոսքի մեջ ափսոսում է, որ «ախպեր ջան, լավ գրքեր կային, դաժե զեղչով, բայց ներող, որ փողս չհերիքեց», ակամա մոռանում ես ամեն ինչ ու հետաքրքրվում գրքերով։

Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժ», «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս», «Փոխիր կյանքդ», «Փոխիր կյանքդ-2» գրքերը։ Ամեն ինչում «բիթի» իմ գյումրեցի ընկեր Գագոն մոտն ուներ նախաձեռնող խմբի հեռախոսահամարը։ Տեսակցությունից հետո անմիջապես զանգեցի «Կամքի ուժ» նախաձեռնող խմբի հեռախոսահամարով։ Ներկայացավ՝ Տիգրան, ու առաջարկեցի իմ տարբերակը. օգտվել զեղչային համակարգից՝ ապառիկով։ Ամեն ամիս քիչ-քիչ վճարել։ Դե այդպես կհասցնեի տնեցիներիս ու ընկերներիս կողմից պարբերաբար փոխանցվող գումարներից գրքերի փող առանձնացնել։ Տիգրանը, լսելով ինձ, միանգամից ասաց, որ գրքերը հեղինակի կողմից նվիրում են ինձ։

«Մեզ համար կարեւոր է, որ գրքերը մարդու կյանքում որևէ էական փոփոխության սկիզբ լինեն։ Ուրախ կլինեք, որ կարդալուց հետո ուրիշ դատապարտյալների էլ փոխանցես, եթե ցանկանան կարդան»,-ասաց Տիգրանը։ Գրքերի հավաքածուն արդեն մոտս է։ Ճիշտ է, դեռ չեմ հասցրել կարդալ, բայց թերթելով էջերը՝ առաջին միտքն արձանագրեցի։ «Չեմ կարծում, թե աշխարհում կա մեկը, ով հասկանում է կյանքի խաղի կանոնները։ Մենք պարզապես խաղում ենք այն կանոններով, որոնք գիտենք»,- համոզված է Հրաչյա Մանուկյանը։ Հատկապես կալանավայրում այդպես է։ Յուրաքանչյուրս մեր կանոններով ենք շարժվում։

Կփորձեմ ընթերցելով գրքերը՝ կամքի ուժ ձեռք բերել, մտածել ստանդարտներից դուրս (չնայած ըստ իս՝ կաղապարված չեմ) ու փոխեմ կյանքս։ Ի դեպ, ուրախությամբ նշեմ, որ անազատության 4 ու կես տարվա ընթացքում գրքեր են նվիրել իմ լավագույն ընկերները. դերասան, թրեյներ, անդրագոգ (մեծահասակների կրթության մասնագետ) Վարուժան Ավանեսյանը՝ մասնագիտական ու հոգեբանական գրականություն, լրագրողներ Լիլիթ Դավթյանն ու Աննա Իսրայելյանը՝«Աստվածաշունչ», Ռուզան Խաչատրյանը՝ «Նարեկ», Լուսինե Ղազարյանը՝ իր բանաստեղծությունների՝ «Ես քոնը չեղա» ժողովածուն, Գայանե Ջհանգիրյանը՝ հոգեւոր գրականություն:

Չմոռանամ նշել, մասնակցելով Հանրային լրագրության ակումբի կողմից հայտարարված լրագրողական մրցույթին՝ որպես խրախուսական մրցանակ ստացա Ջորջ Օրուելի «1984»-ը, Վարդգես Պետրոսյանի «Ապրած-չապրած տարիները», Սերգեյ Փարաջանովի «Изоляция»-ն։

Խցակիցս՝ Մուշեղ Պողոսյանն էլ նվեր է ստացել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը։ Այնպես որ՝ կալանավայրի իմ խցում ունեմ իմ անձնական փոքրիկը գրադարանը։ Շնորհակալ եմ բոլորին, որ հոգեպես էլ են աջակցում ինձ։

 

Արմենակ/ Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ

ԼՐԱԳՐՈՂ, ԱՅԺՄ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-Ի ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031