Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլ սարի շահագործման պաթոլոգիան․ էկո-փորձաքննության խորհրդատու

Օգոստոս 25,2019 12:42

Հարուստ է լեռների ընդերքը՝ օգտակար հանածոներով, բայց ոչ մի կերպ չեն հարստանում այն երկրները, որտեղ հանքերի շահագործումն ընթանում է բնություն քայքայելու, մարդկանց առողջությունը կործանելու գնով: Այս դեպքում հարստանում է միայն հանքանյութն իրացնողը, իսկ՝ երկրում աղետներն են զարգանում տնտեսության փոխարեն: Հանքի արդյունահանման նպատակահարմարությունը երկրի համար՝ հարկ է պարզել տնտեսական շահը համադրելով բնօգտագործման արդյունավետությանը, անվտանգությանը: Եթե սրանք հակադրվում են՝ հարկ է անվտանգությունն առաջնահերթ գերադասել շահույթ-հարկեր-աշխատատեղեր-ից:

Ուսումնասիրությունների համաձայն Ամուլ սարի գագաթից 300 մ խորությունում 17-70 տ  ոսկու պաշար կա: Համեմատենք Սոթքի հետ՝ Ամուլ սարի 1 տ հանքը պարունակում է 0,7-0,78 գ ոսկի (ըստ Լիդիանի հիմնավորման), Սոթքի 1 տ հանքանյութը պարունակում է 5-7 գ ոսկի: Ամուլ սարի ոսկին այնքան նվազ է (որ ծովափին, որ գետի ափին 1 տ ավազ հարենք՝ առնվազն 1,5 գ ոսկի կստացվի), իսկ արդյունահանման ծախսերն ու թափոններն այնքան … ահռելի են, որ կարող են «արդարացվել» նվազագույնը 300 տ ոսկի կորզելու դեպքում, բայց՝ էկոլոգիական երաշխիքներով:

Նախաձեռնությունների էկո-անվտանգության երաշխիքներն ապահովվում են Էկո-փորձաքննության միջոցով՝ ազդեցության նախնական գնահատման, ռիսկերի կարգավորման, տեխնիկական հսկողության չափանիշերի, այլընտրանքային համեմատական վերլուծությունների, մոնիթորինգի պլանի միջոցով: Մինչ օրս Լիդիանի նախագծերում բացակայում են էկոլոգիական-տնտեսական համեմատական վերլուծությունները, որոնք պարզում են՝ արդյունահանման որ եղանակն է անվտանգ, արդյունավետ: Բացակայում է նաև զրոյական տարբերակի վերլուծությունը՝ անողոք թվերի անհերքելի լեզվով այն ցույց է տալիս Ամուլ սարի շահագործման նախագծի տնտեսական սնանկությունը:

Եթե հաջողվի Ամուլ սարի վերին մասից 70 տ ոսկի կորզել, արդյունքում կստանան 3 մլրդ $՝ վճարելով ՀՀ պետական բյուջե 489 մլն $: Նաև հանքի շահագործման ընթացքում անխուսափելի կառաջանան ավելի քան 100 մլն տ թունավոր թափոններ, որին համարժեք վճարը կազմում է առնվազն 5 մլրդ $, բայց դա ընկերությունը չի վճարելու: Կառաջանան նաև 300 մլն տ դատարկ ապարներ, որին համապատասխան 375 մլն $-ը նույնպես վճարման ենթակա չէ՝ հանքերով հարուստ երկրի օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ, թեև դրանք հսկայական տարածքներ են զբաղեցնում ու քայքայում՝ մշտապես:

ՀՀ-ում էկո-փորձաքննությունը պետական մենաշնորհ է՝ բացի պետական լիազոր մարմնից, ուրիշ ոչ մի կառույց, առավել ևս՝ օտարերկրյա ընկերություն, իրավունք չունի էկո-փորձաքննություն կատարել և արդյունքում այո/ոչ եզրակացություն ներկայացնել: Լավագույն դեպքում կարելի է համարել, որ ELARD-TRC մասնագիտական կարծիք են գրել Լիդիանի նախագծերի վերաբերյալ: Նաև՝ Ամուլ սարի շահագործման նախագծի նոր էկո-փորձաքննության որոշում կայացնելով, վարչապետը նախօրոք իր դրական վերաբերմունքը ներկայացրեց Ամուլ սարի շահագործման մասին՝ օգոստոսի 19-ի ֆեյսբուքյան զրույցում (հիշենք, որ արդեն մեկ տարի հնարավոր չէ ազատվել նախկինների անորակ դատավորներից, այդ թվում նաև՝ սահմանադրական դատարանի ապօրինի անդամներից, որովհետև … վարչապետը չի ցանկանում անօրինական քայլեր անել): Օգոստոսի 19-ի զրույցը պարզեց նաև, որ վարչապետի աշխատակազմն իր գործը վատ է կատարում՝ սխալ տեղեկատվություն են ներկայացնում վարչապետին, մեր ուղարկած անհերքելի փաստերով նամակները վերահասցեագրում են շրջակա միջավայրի նախարարություն, վարչապետին հանձնելով միայն անհաջող նամակների կույտերը (գուցե այդպե՞ս է հանձնարարված): Իսկ շրջակա միջավայրի նախարարությունում մինչ այսօր աշխատում են նախկին վնասակար որոշումների նախագծերը գրողները և նրանք էլ ջրում են մեր հիմնավոր փաստարկները ինչպես՝ նախկին ռեժիմի ժամանակ: Ո՞ւր մնաց հեղափոխությունը։

Համենայն դեպս ELARD-TRC-ի աշխատանքում բազմաթիվ ռիսկեր են սահմանվել, որոնց մասին բազմիցս տարիներ շարունակ ահազանգել են բնապահպանները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ վերջին նամակում (2019 թ. հունիսի 14-ի թիվ 150/41149-2019 դիմում՝ մուտքագրված ժամը 16:37:45-ին), բնութագրված վտանգների որոշ մասը ներկայացվել են նաև ELARD-TRC-զեկույցում: Շատ ցավալի է, որ նախկին ապօրինի կառավարության նման՝ մեր ընտրյալներն այսօր անտեսում են հայ մասնագետների հիմնավորումները: 400 հազար դոլար են ծախսում`100 հազարի փոխարեն և ստանում են մի զեկույց, որտեղ նշված թերություններն ու սահմանված ռիսկերը հակասում են եզրակացությանը, և մեր ընտրյալն էլ դրական կարծիք է հայտնում, որովհետև ELARD-TRC-ի ապօրինի եզրակացությունը դրական է: Ոչ մի օտար ընկերություն իրավունք չունի մեզ պարտադրել որևէ կանխակալ զեկույց և ոչ մի պետական պաշտոնյա իրավունք չունի որոշում կայացնել կանխակալ զեկույցի հիման վրա:

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել հետևյալ իրողությանը. ՀՀ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավորները հատուկ հայց են հորինել՝ «700 մլն դոլար, 1 մլրդ, 2 մլրդ դոլար» միջազգային արբիտրաժի կողմից ՀՀ-ին ներկայացվելիք հարկադիր տույժ-տուգանքի մասին և ներկայացնում են լրատու ուղիղ եթերով: Բայց չեն ներկայացնում հայցի հիմքը: Թերևս ավելի տրամաբանական կլինի, որ մենք հայց ներկայացնենք՝ ՀՀ ընդդեմ Լիդիանի, քանի որ՝

  1. Նախկին ռեժիմի օրոք Լիդիանն անդարձելի, բարձր, զգալի ռիսկերով լիքը նախագծով էկո- փորձաքննության դրական եզրակացություն է ստացել կոռուպցիոն գործարքով (այլ կերպ հնարավոր չէր)՝ հանքի տեղաբաշխումն այնպիսի վայրում է, որի բնութագիրը փորձաքննության նախնական փուլում բացասական եզրակացություն է պարտադրում;
  2. Ամուլ սարի հանք-արդյունահանումը Լիդիանի նախագծով երկրաբանական հիմնավորում չունի՝ Ամուլ սարի գագաթնամասն անջատել են ստորոտի հիմնական հանքավայրից;
  3. Լիդիանը և պետական լիազոր մարմինը միասին էկո-փորձաքննության ընթացքում Ջերմուկի բնակչությանը ազդակիր համայնք չեն համարել և խոչընդոտել են իրենց կենսագործունեության միջավայրի վրա ազդող նախագծի քննարկմանը մասնակցելու, ներգործելու՝ մարդկանց իրավունքի իրացմանը:

Ամուլ սարի շահագործման դեպքում ցանկացած միջազգային դատարանում կարելի է հաջողությամբ պաշտպանել ՀՀ բնության, հանրության և կառավարության շահերը՝ լեռան դիրքը և հանքավայրի տեսակը որևէ շահագործում չեն թույլատրում: Ուստի հօգուտ Հայաստանի Հանրապետության վճիռը խնդիր չէ՝ և նույնիսկ հնարավոր է հետ վերադարձնել ELARD-TRC-ի ծախսը: Իսկ Լիդիանը սպառել է լիցենզիայով իրեն տրված ժամանակը՝ արդյունահանում չի սկսել: 2018-ից հետո Լիդիանը հանքային իրավունք չունի, նա կարող է նոր ՇՄԱԳ ներկայացնել էկո-փորձաքննության, կամ փասա-փուսեն հավաքել ու հեռանալ ՀՀ-ից:

Հիմա պաթոլոգիայի մասին.  Պաթոլոգ-անատոմն աշխատում է որոշակի՝ տեսանելի և շոշափելի օրգանիզմի հետ՝ որոշակի դեպքից, աղետից հետո: Էկո-փորձաքննության ենթակա նախաձեռնության ենթադրելի ազդեցությունը ոչ տեսանելի է, ոչ էլ շոշափվում է, բայց պետք է բացառվի աղետից առաջ՝ հենց այդ աղետը կանխելու նպատակով: Ուստի հարկ է նախագծային կանխադրույթները դիտարկել անվտանգության մասնագիտական հիմքի վրա և հիմնավոր ռիսկեր սահմանել, կարգավորել ռիսկերը համարժեք միջոցառումներով, որովհետև չկարգավորված ռիսկերը գործունեության ընթացքում աղետներ են առաջացնում:  Բայց Ամուլ սարի շահագործման դեպքում առաջացող ռիսկերը կարգավորել հնարավոր չէ: Հետևաբար՝ անցյալ հունիսից մինչ հիմա շատ ժամանակ է իզուր վատնվել, բավ է: Հիմա հարկ է խելացի վարվել և՝

  1. ՀՀ կառավարությունում քննարկել Ամուլ սարի շահագործումը մերժելու նախագիծը, քանի որ՝

1/ Ամուլ սարում Լիդիանը 29 տարրերի բաղադրության ուսումնասիրություններ է կատարել, որոնց հիման վրա արդյունաբերական են համարել միայն ոսկին և որոշում են կայացրել միայն ոսկու արդյունահանման վերաբերյալ: Բազմամետաղ հանքի այս կարգի շահագործումը երկրի տնտեսության համար արդյունավետ չէ: Եկամտաբեր տարրերից (շերտերից) միայն մեկի արդյունահանումը միաժամանակ վտանգում է այլ օգտակար տարրերի (շերտերի) հանույթի պայմանները, և հանքը կորցնում է տնտեսական գրավչությունը (Ամուլ սարի ստորին հորիզոններում ոսկի-բազմամետաղային երակային բնույթի հանքավայրն է, որը պարունակում է 20 տ ոսկի, 400 հազ. տ կապար, 100 հազ. տ ցինկ, մոտ 50 հազ. տ պղինձ և այլ հարակից տարրեր):

2/ Միայն ոսկու արդյունահանումը կարելի է «հիմնավորել»՝ հաշվարկային եկամուտը համեմատելով ստորին հորիզոնների օգտակար տարրերի քանակ-որակային հաշվարկների հետ: Բայց առանց համեմատական վերլուծության էլ Լիդիանը «հաջողացրել է» հանքի շահագործման պայմանագիրը, որի արդյունքում կստանա միայն ոսկի՝ 2,3-2,5 մլն ունցիա (70 տ): Միաժամանակ կվատացնի (կվերացնի) Ամուլ սարի ստորին հորիզոնների արժեքավոր մետաղների հանույթի պայմանները: Եթե Ամուլ սարի շահագործման նախագիծն այս հիմքերով չմերժվեց,

  1. Ամուլ սարի շահագործման նախագիծը ինքնաբերաբար մերժվում է էկո-փորձաքննության նախնական փուլում, հետևյալ հիմքերով՝

3/ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, լեռնային, սակավահող, սակավանտառ փոքր երկիր է: Բնորոշ են չոր ցամաքային կլիման, բարդ երկրաբանական կառուցվածքը՝ բարձունքային գոտևորումը: ՀՀ տարածքում բնագոյացման գործոնները նվազ են ու սակավ, բնության քայքայման գործոններն ագրեսիվ են ու բազմազան: Սա ՀՀ բնության բնութագիրն է, որը հարկ է հաշվի առնել բնօգտագործման նախաձեռնությունների նախնական գնահատման, նաև՝ որոշումների կայացման հիմքերում:

4/ ՀՀ բնության խիստ բնութագիրը պայմանավորված է նաև լեռներով, որոնք ջրագոյացման գործոններ են, ջրբաժան դեր են կատարում և ուրեմն «իրավասու են» պայմաններ թելադրել: Ամուլ սարի լանջերից բխում են ավելի քան 100 ջինջ աղբյուրներ, Ամուլ սարը Որոտան, Արփա գետերի ջրբաժանն է ՀՀ երկու մարզերի՝ Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին: Արփան հոսում է Ամուլ սարի արևմտյան կողմով, Որոտանն Ամուլ սարը երիզում է արևելքից: Երկուսն էլ արագահոս, քայքայման բարձր ունակությամբ գետեր են: Սա էկո-փորձաքննության բացասական եզրակացության հիմք է (բոլոր ընդգծումները էկո-փորձաքննության բացասական եզրակացության հիմք են):

5/ Ամուլ սարում հանքարդյունահանումը սկսվում է բուսահողն ու կավաշերտը հեռացնելով, հարկ է հողի փորման, մակաբացման միջոցով առաջացնել բացահանք՝ 135 հա: Ծովի մակարդակից 2997-2500 մ բարձրություններում բացվելու է սուլֆիդային հանքավայր (FeS, ZnS, CuFeS, PbS, …, MS), որի սուլֆիդները ջրի և թթվածնի ազդեցությամբ կառաջացնեն անկանոն, անվերահսկելի՝ ցրված թթվային հոսքեր, որոնց քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի հարավ՝ Որոտանի գետահունով մինչև Սպանդարյան ջրամբար, դեպի արևմուտք՝ ընդգրկելով Արփան ու Հերհերի ջրամբարը,  հյուսիսում ընդգրկելով՝ Ջերմուկի հանքային ջրերի ավազանը, արևելքում՝ դեպի Սյունիքի նախալեռներ: Անկախ նրանից, թե ով ինչ կապ կտեսնի կամ չի տեսնի Ջերմուկի և Ամուլ սարի միջև, հաստատ այս միջակայքում վակուում չկա, այլ՝ շոշափվող նյութեղեն բնական միջավայր գոյություն ունի, որը թթվային հոսքերը քայքայում են (օքսիդիչ քաղց ունեն, որը պետք է հագեցնեն):

Եթե վերը նշված անհերքելի հիմքերով Ամուլ սարի շահագործման նախագծին էկո-փորձաքննության նախնական փուլում բացասական եզրակացություն չի տրվի, ապա՝

  1. Հիմնական փորձաքննության դեպքում, պահպանելով նախորդ բոլոր սպառնալիքները (որոնք հնարավոր չէ կարգավորել, փոխել կամ անտեսել), հարկ է դիտարկել նաև հետևյալ ռիսկերի «կարգավորումները»։

6/ Ջերմուկ առողջարանի հեռավորությունը բացահանքից ուղիղ գծով կազմում է 8 կմ, որտեղ գտնվում է բուժիչ հանքային ջրերի ավազանը, որն աշխարհահռչակ 70-ամյա համբավ ունի: Ամուլ սարում բացահանքի պայթեցումների՝ կոշտ մասնիկներով գերհագեցած արտանետումները, բարձր դիրքի և քամիների պատճառով շրջակա միջավայրում առավել ընդգրկուն տարածում կունենան՝ հյուսիսում հասնելով մինչև Ջերմուկ, հարավում՝ Սպանդարյան ջրամբար:

7/ Ամուլ սարի շրջակայքը (Վայքի լեռնաշղթայի և Սյունիքի նախալեռների միջակայքը) բնութագրվում է սեյսմիկ ակտիվությամբ՝ 7-ից բարձր մագնիտուդով երկրաշարժի դեպքում բացահանքն արագորեն կշարժվի դեպի Որոտանի գետահուն:

8/ Նախատեսվել է հանքանյութը տարրալուծել կույտային տարրալվացման հարթակում՝ նատրիումի ցիանիդի լուծույթով, որը նախագծով տեղակայված է Սպանդարյան-Որոտան-Արփա-Կեչուտ-Սևանա լիճ ստորգետնյա ջրատար թունելին զուգահեռ, վերգետնյա՝ Արփայից դեպի Եղեգիս գետի ուղղությամբ: Թեև CN ցիանիդ իոններն ակտիվ օքսիդիչներ են, բայց նախագծով բետոնե հարթակի մեկուսացումը լիարժեք ապահովված չէ: Առկա է բարձր ռիսկ, որ ցիանային տարրալվացման քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի ստորգետնյա թունել և Կեչուտ (Սևանա լիճ), Արփայով՝ Հերհերի ջրամբար, Արփա-Եղեգիս միջակայքում, ընդգրկելով նաև Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:

9/ Արփայից տարրալվացման հարթակը հեռու է 1 կմ՝ 7 մագնիտուդից բարձր երկրաշարժի դեպքում ցիանային կույտերով հարթակը կհայտնվի Արփա գետում, վտանգելով  Հերհերի ջրամբարը, Սևանի ստորգետնյա ջրատարը և Կեչուտը, Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:

10/ Հանք-արդյունահանման վերը նկարագրված բարդ ազդեցությունը Ամուլ սարի բարձր դիրքի պատճառով արագորեն կտարածվի շրջակա բնական միջավայրում՝ սկզբում ընդգրկելով 280 կմ2, որն աստիճանաբար կանցնի 640 կմ2-ն: Ամուլ սարի հարավային ստորոտը պարփակված է Սյունիքի նախալեռների և Վայքի լեռնաշղթայի միջև, որը ՀՀ ամենանեղ լայնությունն է: Ամուլ սարի հանք-արդյունահանումը խեղդում ու փշրում է այս նեղ պարանոցը՝ Սյունիքի մարզն անջատելով «մեծ» երկրից՝ իր ենթակառույցներով, բնակավայրերով, անտառներով, հանքերով ու երկրաշարժերով հանդերձ:

11/ Նախապատրաստական որոշ աշխատանքների ընթացքում արդեն հատվել են Գնդևազի ծիրանի այգիները՝ և մեղրածոր ծիրան այլևս չի աճում: Հանքի փոշին որևէ կերպ չի վնասազերծվում: Նաև անդարձելի վնասվել-վերացել են Ամուլ սարի լեռնային մարգագետինները, մեղվապահներին զրկելով գործից՝ մեղրատու բուսականություն այլևս չկա, որ մեղուները նեկտար հավաքեն, մեղր սարքեն: Արդեն ակնհայտ է կենսագործունեության պահանջները բավարարող միջավայրում ապրելու, գործելու, բուժվելու մարդկանց իրավունքի խախտումը:

12/ Հարկ է ընդգծել, որ որոշումների կայացման գործընթացներում և Լիդիանը, և էկո-փորձաքննության լիազոր մարմինը անտեսել են բազմաթիվ փորձառու մասնագետների հիմնավոր դիտողությունները, լայն հանրային բացասական վերաբերմունքը և հիմնավոր դիմակայությունը: Այդ անտեսումը մարդու էկոլոգիական իրավունքի խախտում է:

13/ Լիդիանը և էկո-փորձաքննության լիազոր մարմին Ջերմուկի բնակչությունն ազդակիր համայնք չեն համարել՝ ակնհայտ դիտավորությամբ, որով խոչընդոտել են իրենց կենսագործունեության վրա ազդող գործունեության քննարկմանը մասնակցելու և որոշման վրա ներգործելու՝ մարդկանց իրավունքի իրացմանը:  Ի վերուստ Ջերմուկին բնական շնորհ է տրված՝ թերմալ առողջարար աղբյուրներ, որոնց միջոցով ջերմուկցիները 70-ամյա առողջարար և օրհնյալ գործունեություն ունեն և  արդարացի ու ճշմարիտ կմերժեն բոլոր այն գործերը, որոնք վնասում են բուժիչ հանքային ջրերի ավազանը:

  1. Ի վերջո՝ վերը նկարագրված անհերքելի փաստերը, որոնց մեծ մասը չկարգավորվող ռիսկեր են (13-ից 9-ը)՝ մեկ ամբողջական բացասական հիմնավորված եզրակացություն են թելադրում, քանի որ գործնականում չեն բացառվում Արփա, Որոտան գետերի բարձր էրոզիոն հատկությունները, ցրված թթվային հոսքերի, բացահանքի արտանետումների, ուժգին երկրաշարժի, կույտային տարրալվացման ցիանային հոսքերի, նաև ռադիոակտիվության վտանգները և կարգավորման ոչ մի միջոցով չեն կարող ապահովել՝
  • Ջերմուկ առողջարանի և հանքային ջրերի բնական ավազանի անվտանգությունը,
  • Կեչուտի ջրամբարի, հետևաբար նաև՝ Սևանա լճի անվտանգությունը,
  • Արփա, Որոտան գետերի, Սպանդարյան և Հերհեր ջրամբարների անվտանգությունը:

(հարկ է նշել, որ հանքի հարստացման և պոչամբարի ազդեցությունը չի դիտարկվել):

Գուցե «հնարավոր է» վտանգներն անտեսելով 3 մլրդ $-ի ոսկի ստանալ (70 տ), բայց նաև՝ 100-120 մլն տ թունավոր թափոններ կառաջացնեն, որոնց լցակույտերը 420-540 հա հողատեսքեր են զբաղեցնելու լեռնային, սակավահող փոքր երկրում: Եթե վերը նշված բոլոր վտանգներն ու վնասներն անտեսելով Ամուլ սարի շահագործման նախագիծը հասնի հիմնական փորձաքննության, ապա՝

  1. Էկո-փորձաքննության լիազոր մարմինը պարտադիր պետք է լրամշակի ներկայացված ՇՄԱԳ-ը ռիսկերի «կարգավորումներով», նաև մոնիթորինգի պլանով (անհերքելի հիմնավոր, հեշտ չափելի մոնիթորինգի ցուցիչներով):
  2. Նախաձեռնող ընկերության տնօրենների խորհուրդը պետք է որոշում կայացնի ռիսկերը կարգավորող միջոցառումների կատարումը ֆինանսավորելու և մոնիթորինգի պատասխանատուներ նշանակելու վերաբերյալ: Բացի դրանից՝
  3. Էկո-փորձաքննության եզրակացության հիմք են հանրային լսումների արձանագրությունները (նվազագույնը՝ երկու հատ): Լսումների մասին հարկ է նախօրոք իրազեկել ազդակիր համայնքներին՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան (Աարհուսի կոնվենցիայի 6-րդ հոդված): Ազդակիր համայնքներ համարել Սևանա լճի հարավային ափից մինչև Սպանդարյան ջրամբարի հարավում տեղաբաշխված համայնքներին, էկոլոգ-բնապահպան, իրավապաշտպաններին:

Այս պահանջներից որևէ մեկը բացակայելու, կամ թերի կատարվելու դեպքում Ամուլ սարի շահագործմանն աջակցող կառավարությունը կհայտնվի հերթական «X-ը ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատական վճիռները կատարողի դերում (և այդ Իքս-երը բազմահազար են).

ա/ ՄԻԵԴ-ի կողմից՝ կենսագործունեության պահանջները բավարարող միջավայրում ապրելու մարդու իրավունքի խախտման մասով;

բ/ Հենց երկրի ներսում մեր չհավանած դատարանների կողմից՝ որոշումների կայացմանը մասնակցելու մարդու էկոլոգիական իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասով (Աարհուսի կոնվենցիա, 9-րդ հոդվ.);

գ/ Բնապահպանները հնարավորություն ունեն նաև հաղորդում ներկայացնել Էսպո-Կոնվենցիայի քարտուղարություն՝ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները խախտելու մասին (և կառավարությունը ստիպված կլինի նաև միջազգային հարվածների հասցրած ցավերը տանել):

Ամուլ սարի շահագործման բոլոր դեպքերում առկա են հիմնավոր անդարձելի և չկարգավորվող ռիսկեր, որոնց մի մասն արդեն իրական վտանգ են: Ամուլ սարի շահագործումը բազմաթիվ տաբուներ ունի: Ուստի հարկ է ամեն ինչ անել, հնարավոր բոլոր միջոցները գործադրել, որ Ամուլ սարում ոչ մի հանք-արդյունահանում ոչ մի դեպքում չլինի՝ այս ներդրումը մեր ԵՐԿՐԻ՝ մեր Քարե Բարձունքի համար խիստ վտանգավոր է:

Որոշումների կայացման բոլոր մակարդակներում հարկատուների միջոցները ծախսող պաշտոնյաների գիտակցությունը մաքրելու և պատասխանատվությանը նպաստելու համար ներկայացվում է հետևյալ անհերքելի վիճակագրությունը.

  • Ամուլ սարի շահագործումը Թեղուտի հանքի անիծյալ հետևանքն է, եթե աշխատեց՝ կանգնելու է, բայց՝ բազմազան բնական համակարգեր ոչնչացնելուց հետո;
  • Թեղուտի հանքի էկո-փորձաքննության եզրակացությունում նշված է 510 հա բարձրակարգ պաշտպանական անտառների կորստի փաստը և գրված է դրական եզրակացություն;
  • Սևանա լիճն այսօր այրվող ու ծաղկող ջուր է, Սևանի ափերը՝ ջրազուրկ;
  • Լեռնային անտառները մարմանդ հատվում ու մարում են, ջուրը հեռանում է, հողը՝ քաղցում:
  • Հայկական ատոմակայանում այսօր էլ հնարավոր են 1982-ի վթարը, նաև՝ 1986-ի Չեռնոբիլի կրկնությունը, մինչդեռ տարեկան 300 օր աստծու պարգև արևի լույս ունենք;
  • Նաիրիտն ինչքան աշխատեց՝ ամենակուլ հրեշի նման ֆինանս ու բնական ռեսուրսներ վատնեց, աղտոտեց, մարդկային առողջություն սպառեց, բայց իր կուտակած պարտքերն էլ չմարեց; ….

Այսքանից հետո միթե դժվար է հասկանալ, որ բնություն քայքայող տնտեսությունը պատուհաս է, որ բնական ռեսուրսները հյուծելով զարգացում չի լինի, ապագա չի լինի, տնտեսության փոխարեն կլինի այն՝ ինչ-որ լինում է մարդու թերսնման դեպքում: Միթե դժվար է ըմբռնել, որ հարուստ են այն երկրները, որտեղ հանք-արդյունահանումը չի վնասում բնությանը, մարդու կենսագործունեությանը և հենց իրենք են տնօրինում օգտակար հանածոների օգուտները:

Այս ի՞նչ շուկայական հարաբերություններ են, որ «զարգանալով» միայն վտանգում-վնասում են։

Ինչո՞ւ մեր Քարե Բարձունքը խնամելու, փայփայելու փոխարեն աղբանոց ենք սարքել։

Սա կառավարվող երկի՞ր է, թե սելֆիստան, ֆեյսբուքավան, պոչամբարանոց է։

Ո՞ւմ են պետք նախագահ ու վարչապետ, Ազգային ժողով, նախարարություններ, մարզպետարաններ և այն էլ՝ բարձր աշխատավարձերով, պարգևներով, եթե հանկարծ Ամուլ սարում վտանգներն իրական դարձան՝ արտակարգ իրավիճակների փրկարարներին ենք հավար կանչելու: Ո՞ր վիրտուոզ փրկարարին եք հարցրել՝ ի՞նչ կարող են անել, եթե բացահանքը սողա, շարժվի, հոսի դեպի Որոտան։

Իսկ հարկատուներին հարցրե՞լ եք՝ ցանկանում են վճարել այն պաշտոնյաներին, որոնք խախտել են իրենց վարձվելու պայմանները։ Եվ առհասարակ՝ ինչի՞ համար են պետական պաշտոնյաները, եթե հիմնական արտադրողական ուժերը՝ հողն ու մարդը՝ ձեր կերակրողները հիվանդ են։

Ինչո՞ւ ինքնաոչնչացման եք ձգտում, երկնքի դռներն եք բախում, բայց աշխարհից արդարություն եք մուրում։ Էլ ի՞նչ ներդրումներ։

Օգոստոսի 19-ի ֆեյսբուքյան հարցազրույցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցավ ռուբիկոնը: Իսկ Ամուլ սարը բազմաթիվ բնական տաբուներ ունի: Եթե որևէ ընկերություն համարձակվեց՝ Ամուլ սարի շահագործման չկարգավորվող ռիսկերով հագեցած որևէ նախագիծ ներկայացնել և այն չմերժվեց առնվազն՝ սույն հոդվածով ներկայացված հիմքերով, ապա Ամուլ սարը կոչնչացնի և՛ այդ ընկերությանը, և՛ հեղափոխականներին:

 

Սրբուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԷԿՈ-ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031