Լրահոս
Օրվա լրահոսը

Կպավ

Օգոստոս 25,2019 12:00

Մեր վերջին՝ թավշյա հեղափոխությունը բազմահազար համակիրներ ու երկրպագուներ ուներ: Երբեք այսաստիճան հեղափոխական ժողովուրդ չէինք եղել. նույնիսկ Խորհրդային Միության փլուզման և Ղարաբաղյան շարժման տարիներին: Պատճառն, իհարկե, առաջին հերթին թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդեպ մեր ժողովրդի անձնական համակրանքն էր: Բայց՝ ոչ միայն: Հիմնական ու գլխավոր պատճառներից մյուսը մեր ժողովրդի՝ նախկին իշխանությունների հանդեպ ունեցած ատելությունն ու արգահատանքն էր:
Բայց էս ասածս չի նշանակում թե՝ մեր ողջ ժողովուրդն էր ատում մեր նախկին իշխանություններին:

Ինչպես բոլոր հեղափոխականների ժամանակ, թունդ հեղափոխականների կողքին նաև թունդ հակահեղափոխականներ կային, և դա էլ էր բնական, որովհետև իշխանափոխությունը ոչ բոլորին էր ձեռնտու: Թեկուզև ֆինանսապես:

Եվ բոլոր նրանք, ում էս թավշյա հեղափոխությունը ձեռնտու չէր, բնականաբար տեղները հանգիստ չէին նստելու, և հիմա էլ հենց էդ անհանգիստ վիճակում են, և չնայած մեր թավշյա հեղափոխության թավշյա լինելը հաճախ են տեղին ու անտեղի նշում ու ընդգծում՝ այդ թավշյա լինելն իրենց շնորհքն ու մենաշնորհը համարելով, խորհուրդ կտայինք էդ հանգամանքի մեջ մի քիչ ավելի խորանալով պատկերացնել՝ արդյոք հեղափոխության թավշյա լինելը հնարավո՞ր կլիներ, եթե հեղափոխության պահին Հայաստանի նախագահը ոչ թե Սերժ Սարգսյանը լիներ, այլ վերստին Ռոբերտ Քոչարյանը. այս հարցին անձամբ մեր պատասխանը բացասական է, և, կարծում ենք, անձամբ մեր պատասխանը տրամաբանությունից զուրկ չէ, որովհետև, եթե Քոչարյանի նախագահության օրոք թավշյա հեղափոխություն հնարավոր լիներ, մենք տարիներ առաջ ոչ թե չարաբաստիկ մարտի 1 կունենայինք, այլ, ընդհակառակը, ցանկալի ու հաղթանակած թավշյա հեղափոխություն, և չնայած համոզված եմ, որ շատերն ու մանավանդ ամենահեղափոխականներն ինձ կմեղադրեն, որ, փաստորեն, հեղափոխության թավշյա բաղադրության մասով սերժական իշխանություններին փայատեր եմ դարձնում, այդուհանդերձ, հարկ է խոստովանել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը շատերիս համար էր անսպասելի, և չնայած տվյալ հրաժարականը հույժ անսպասելի էր, այդուհանդերձ, հավատացինք ականջներիս լսածին, մինչդեռ, եթե տարիներ առաջ չարաբաստիկ մարտի 1-ին նախորդեր իշխանությունների կամավոր հրաժարականի մասին լուրը, որևէ մեկս դժվար թե հավատար ականջի լսածին. այսինքն, ոչ միայն թավշյա հեղափոխության լիդերների ու ակտիվիստների շնորհիվ էր մեր թավշյա հեղափոխությունը թավշյա ու անարյուն, այլև ու գրեթե հավասարապես թավշյա հեղափոխությամբ պարտված և և իրենց պարտությունը սթափորեն ու գիտակցաբար ընդունած Հայաստանի իշխանությունների և, ինչու չէ, մեծապես նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գիտակից, սթափ և գրեթե բոլորի համար անսպասելի որոշման շնորհիվ:

Ինձ հակաճառողներն, իհարկե, կասեն, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից բացի, այլ ելք չուներ, և ես նույնպես այդ կարծիքին եմ՝ իհարկե, որոշ վերապահումներով, և, կարծում եմ, ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ էր այդ կարծիքին, այլապես կառչած մնալով իր բարձրաբերձ ու բաղձալի աթոռից՝ կփնտրեր ու կգտներ այդ ելքը և հրաժարական չէր տա:

Եվ ընդհանրապես՝ մեր հեղափոխությունը, որ թավշյա ու անարյուն էր, դրանում ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը դեր ու նշանակություն ունեին, այլև ու առաջին հերթին մեր ժողովուրդը, որն, ի տարբերություն շատ ու շատ այլ ազգերի, արյունարբու չի, և կյանքը ցույց տվեց, որ, ի տարբերություն այլ ժողովուրդների, հայերն արյունարբու չեն և իրենց ոխերիմ թշնամուն իրենց երկրում չեն փնտրում, այլ ընդամենը փոփոխություն, իշխանափոխություն և արդարություն էին ուզում, և արդարությունն էլ իշխանափոխության միջոցով էին ուզում, և քանի որ այլ երկրներում նույնպես հեղափոխություններ են եղել, մենք կարող ենք մեր հեղափոխությունը համեմատել այլ երկրներում տեղի ունեցածների հետ, և հատկապես ու առանձնապես կարող ենք համեմատել Ռուսաստանում մեկնարկած հեղափոխության հետ, որը, չնայած նոր է մեկնարկել, բայց ոչ մի դեպքում այն չենք կարող անվանել թավշյա, որովհետև բացարձակապես զուրկ է թավշյա բաղադրությունից և լեցուն է փոխադարձ ու բոլորեքյան ատելությամբ, ի տարբերություն մերինի, որն իսկապես թավշյա էր շատ ու շատ առումներով, և պատահական չէր, որ այդ անվանումը սազեց ու կպավ մեր հեղափոխությանը:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախ.մարտի մեկը րէր լինի,եթե հիմնական թեկնածուն,ով նույնպես երկրորդ անգամ իշխանությունը պահեց անարդար ընտրություններով,20 տոկոս ձայնով իրեն նախագահ չհռչակեր՝ի դեպ,նրա ստացած ձայների քանակը ավելի քիչ էր երրորդ և չորրորդ տեղ գրավածների ձայների գումարից:Եթե Սերժ Սարգսյանին ձայն տային միայն իր ընտանիքի անդամները,միևնունն է,առաջին նախագահը առաջին տուրից չեր ընտրվելու….:Նրան ,,պատվիրել,,էին կամ ընտրվել նախագահ,կամ այնպիսի իրավիճակ ստեղծել,որ ՀՀ-ի հարցը միջազգային տարբեր ատյաններում համահավասար շոշափվեին Ադրբեջանի հետ՝մարդու իրավունքների խախտումների համար:Ինչը և կատարվեց….:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031