«Ես վայոցձորցի եմ, վայոցձորցու հոգսն իմ հոգսն է, հարազատներիս հոգսն է, եւ մենք՝ մեր քաղաքական ուժը, ժողովրդի կողքին ենք լինելու իր բոլոր պահանջներում: Ժողովուրդն այսօր գտնում է, որ Ամուլսարի շահագործումը վնասում է մարզի, նույնիսկ Սեւանի անվտանգությանը եւ կառավարության առջեւ ժողովրդամետ որոշումներ կայացնելու խնդիրներ է դրել: Մենք այս համախոհությունը ողջունում ենք ու ամեն բան անելու ենք, որպեսզի ընդհանուր որոշում գտնվի, այլ ոչ թե խնդիրը գնա դեպի առճակատում»,- Ամուլսարն առանց հանքի նախաձեռնության քայլերթի ընթացքում Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պաատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
-Իսկ ո՞րը կարող է ընդհանուր լուծում համարվել:
-Եթե կառավարությունն ակտիվ երկխոսի ժողովրդի հետ, կարող է փոխզիջումային մի տարբերակ գտնվել: Աշխարհին հայտնի իրավաբաններ ունենք: Կարելի է նրանց հրավիրել նախ խորհրդատվություն իրականացնելու, թե եթե գնում ենք արբիտրաժ, կարողանալո՞ւ ենք խնդիրը դրական լուծել: Եթե կարողանալու ենք, ես միարժեք կողջունեմ այդ մոտեցումը: Պատկերացրեք՝ տասնյակ տարիներ հանքը պետք է շահագործվի ու այդ ընթացքում ժողովուրդն անհանգստության, բողոքի մեջ պետք է լինի: Այդ ժամանակ կառավարության համար շատ դժվար է լինելու: Համախոհության գալ է պետք:
-Ուսումնասիրությունները եւ եզրակացությունները, թե հանքի շահագործումը ստորգետնյա ջրերին եւ ընդհանրապես ընդերքին վնաս չէ, համոզի՞չ են: Օրական 10-15 պայթեցում եւ ամեն մեկից, ինչպես ջերմուկցիներից մեկն ասաց վարչապետին, 25 տոննա փոշի է առաջանում, դա հզոր պայթյուն է, որն, անշուշտ, կազդի ընդերքի կառուցվածքի վրա՝ փոշին էլ աղտոտում է օդը:
Կարդացեք նաև
-Իհարկե, ազդում է: Բացի դա, տեկտոնական գոտի է, ընդերքը միշտ շարժման մեջ է, ու երկրաշարժեր այդ տարածքում հաճախակի են լինում: Փորձագետների պնդումը, թե Ջերմուկի ընդերքային ջրերի եւ հանքային ջրի միջեւ կապ չկա, ինձ համար խիստ կասկածելի է, քանի որ այդ ELARD-ը ընդամենը մեկ օր է աշխատել հանքում: Իսկ եթե անգամ կապ չկա, դա կարող է շատ արագ առաջանալ: Մեկ այլ դեպքում, երբ ձյան հսկայական զանգվածը պետք է հալչի եւ թափվի Արփա գետ, դրա դե՞մն ինչպես պետք է առնել, բնության դեմ ինչպե՞ս պետք է պայքարել: Ձնային զանգվածն իր հետ տանելու է եւ ցիանը եւ մյուս թունավոր նյութերը, որոնք լցվելու են Սեւան: Սա ակնհայտ է: Շահագործվող 2000 հեկտար տարածքն ամբողջապես իզոլացնելու եւ բնության դեմ պայքարելու տեխնիկական միջոցներ գտնել հնարավոր չէ: Այսինքն, այսպես թե այնպես, մենք ջրերի աղտոտվածություն ունենալու ենք:
Սրանք, ինչպես նաեւ թունավոր փոշին, որ նստում է մարդկանց սեղաններին, տեսանելի պայմաններ են եւ հակառակը պնդելն անիմաստ է: Ժողովուրդն առանց պատճառի չէ, որ դուրս է եկել պայքարի: Նա դուրս է եկել գիտակցաբար ու պետք չէ ասել, թե ժողովուրդը լավ տեղյակ չէ ու չի կարող որոշում կայացնել: Ժողովուրդը ականջալուր է մասնագետներին, իր տեսածին, իր բնական կարողություններին եւ նրա տեսակետը պետք է հարգել, որովհետեւ ժողովրդի հավաքական իմաստնությունը կարեւոր արժեք է ցանկացած որոշման համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ